Հայաստանում տնտեսագիտական կրթությունը բարեփոխումների կարիք ունի
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 16:16
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել “Բիզնես գրավչության իմ բանաձևը” խորագրով ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Առաջին երեք տեղերը գրաված ուսանողներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է պարգևներ, իսկ լավագույն մյուս մասնակիցներին` հավաստագրեր: Ողջունելով մասնակիցներին նախարարն ընդգծել է, որ Հայաստանում տնտեսագիտական կրթությունը բարեփոխումների կարիք ունի: “Տնտեսագիտական նորարարական կադրերի հանդեպ պահանջարկը մեծ է, և այստեղ կրթության ոլորտը մասնավոր հատվածի ուշադրության անհրաժեշտություն ունի: “Բիզնես գրավչության իմ բանաձևը” խորագրով մրցույթը նպատակ ուներ հայտնաբերելու պրպտող, նորարար ուսանողների, ովքեր կարող են նոր գաղափարներ ներկայացնել”,- նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը կարևորել է Finance.am պորտալի նախաձեռնությունը, նշելով, որ լավագույն ուսանողներին խրախուսելու քաղաքականություն պետք է շարունակվի, և նախարարությունը պատրաստակամ է աջակցելու նմանօրինակ բոլոր նախագծերին : “Նման մրցույթները ցույց են տալիս, որ շատ լավ ուսանողներ կան, պարզապես մենք նրանց երբեմն չենք փնտրում ու գտնում”,- կարծիք է հայտնել նախարարը:”Բիզնես գրավչության իմ բանաձևը” մրցույթին ներկայացված 40 հայտերից ժյուրին, որի կազմում ընդգրկված են եղել ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ֆինանսների նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից և Կենտրոնական բանկից, խրախուսանքի է արժանացրել 7-ը:






Facebook
Tweet This
Email This Post
