Անօթևանների թիվն ավելանում է, իսկ միակ կացարանում տեղերը սպառվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 15:44
Հայաստանում միակ անօթևանների կացարանում ձմռան այս օրերին բոլոր տեղերը սպառվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց գրող, հրապարակախոս Լուսինե Վայաչյանը՝ նշելով, որ խոսքը Հաղթանակ գյուղում գտնվող ծերերի ինտերնատի մասին է։
«Սոցապ նախարարությունը չի մտահոգվում անօթևաններով: Անտունները մնացել են խղճով մարդկանց հույսին։ Ինչի՞ համար է այդ կառույցը, եթե ծերերը դուրս են մնացել: Ի՞նչ անենք, եթե նրանց բախտը չի բերել»,-ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը համաձայնեց հրապարակախոսի այն կարծիքի հետ, որ սոցապ նախարարության ղեկավարները պատասխանատվություն չեն կրում և անհասկանալի է, թե որն է նրանց գործառույթը է:
«Անօթևանների քանակը ավելանում է: Հայաստանի սոցիալական վիճակը ստիպում է, որ ամեն օր մի անօթևան ավելանա: Պետությունը հենց սոցիալական խնդիրները լուծելու համար է»,-ասաց Կարինե Հակոբյանը: Նա համոզված է, որ հարցը կլուծվի միայն, երբ պետական ծրագիր լինի։
«Այս փոքրիկ պետությունում պետք է անօթևաններ չլինեն: Պետք է նախ հոգեբանական աջակցություն ցույց տալ, ապահովել նվազագույն աշխատավարձով, իմանալ ինչի կարիք ունի: Երբ պետությունը մտահոգված լինի իր քաղաքացով, ծրագիրը շատ արագ կստեղծվի: Պետությունը պարտավորվածութուն ունի բնակչությանը ապահովելու կացարանով »,-ասաց նա:
Բանախոսները մտահոգություն հայտնեցին նաև միջին խավի սոցիալական վիճակով՝ համարելով, որ նրանք ցանկացած վայրկյան կարող են հայտնվել անօթևանների տեղում:
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
