Սպիտակի երկրաշարժի 23-րդ տարելիցին նվիրված գիտաժողով ԱԻՆ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 5, 2011 13:00

Դեկտեմբերի 5-ին Արտակարգ իրավիճակների նախարարության մեծ դահլիճում տեղի ունեցավ Սպիտակի 1988 թ. երկրաշարժի 23-րդ տարելիցին նվիրված «Հայաստանում սեյսմիկ անվտանգության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովի բացումը։

Գիտաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել 12 կազմակերպություն Հայաստանից, ինչպես նաև գիտնականներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Բուլղարիայից, Մակեդոնիայից։

Բացման խոսքով հանդես եկավ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ – Այս տարի լրացավ ԱԻՆ համակարգի ստեղծման 20-ամյակը։ Համակարգի հիմքը դրվեց 1991 թ., երբ ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ): Սպիտակի ողբերգությունը ցույց տվեց, որ հանրապետությունը պատրաստ չէր դիմագրավելու սեյսմիկ աղետին, որի պատճառով երկրաշարժի հետևանքները՝ թե մարդկային և թե նյութական ու այլ կորուստների տեսակետից, երկրաշարժի ուժի համեմատ, խիստ մեծ էին: ՈՒստի անհրաժեշտ էր ստեղծել երկրաշարժից պաշտպանվելու մի համակարգ, որը կարողանար լուծել սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման, ինչպես նաև ռիսկի նվազեցման հիմնախնդիրները: Գիտաժողովի զեկուցումներում ներկայացված են ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, որոնք հիմք են ստեղծում սեյսմիկ ռիսկի նվազեցման համար ավելի արագ և արդյունավետ քայլեր կատարելու: Սակայն ակնհայտ է, որ հիմնական անելիքները դեռևս առջևում են, – նշեց փոխնախարարը։

Ողջունելով և հաջողություններ մաղթելով գիտաժողովի մասնակիցներին` ԱԻՆ  Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը ներկայացրեց երկօրյա գիտաժողովի աշխատանքների ընդհանուր նկարագիրը, ներկայացվելիք թեմաները և զեկույցները։

ԱԻՆ ՍՊԱԾ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանը ներկայացրեց Հայաստանի սեյսմիկ անվտանգության վիճակն ու առկա հիմնախնդիրները։ – Ելնելով Սպիտակի 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների հիմնական պատճառների վերլուծությունից  ու դասերից, քննարկվում են ողբերգությունից հետո ՀՀ-ում սեյսմիկ պաշտպանության ասպարեզում կատարած աշխատանքների մասշտաբներն ու մակարդակը, սկսած իրավական նորմերի մշակումից, վերջացրած սեյսմիկ ռիսկի նվազեցմամբ:
ՀՀ սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտի վիճակն ու զարգացման ուղիները հակիրճ ձևակերպված են «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգում», որը հաստատվել է 2010թ., – ասաց Ս. Նազարեթյանը։  Զեկուցման մեջ նշվեցին ոլորտի հիմնախնդիրները, մատնանշվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները՝ ելնելով  Սպիտակի 1988թ. երկրաշարժի դասերից:

Գիտաժողովի բոլոր զեկույցների թեզիսներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply