Կանանց նկատմամբ բռնության կիրառումը մեր երկրում վերջերս է տարածում գտել. մեկնաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 5, 2011 10:46

Այս տարի մինչ սեպտեմբեր բռնության ենթարկված 1782 կին է ահազանգել կանանց իրավունքների պաշտպանության թեժ գծով։ Ահազանգերից 1354-ը եղել է ընտանեկան բռնություն, 854-ը՝ հոգեբանական բռնություն, 481` ֆիզիկական և 13-ը սեռական բնույթի։ Բռնության պատճառները տարբեր՝ ուժը և իշխանությունը հաստատելու ցանկությունը, չպատժվելու վստահությունը, ինչպես նաև ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունը, և հասարակական կարծրատիպը, թե կինը պիտի լռի և հանդուրժի։

Ընտանիքում բռնության ենթարկված մայրը աղջկան, սովորաբար, հորդորում է հանդուրժել բռնությունը՝ նշելով «եթե ես տարել եմ, դու էլ կարող ես և պարտավոր ես». այս մասին խոսեց հոգեբան Լիանա Ճիվարյանը «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» հաղորդման շրջանակում։ Ըստ նրա՝ կարևոր է, որ բռնության ենթարկված կինը գոնե որոշ ժամանակով ապաստանի մի այլ վայրում՝ ասենք, համապատասխան կառույցների ապաստարաններում։ «Կա զոհի հոգեբանություն. հեռացնելով կնոջն այդ միջավայրից՝ հոգեբանական և իրավաբանական աշխատանքով հաղթահարվում է այդ հոգեբանությունը, և կինն արդեն այլ վիճակով, իհարկե, կարող է վերադառնալ իր տուն»,- նշեց հոգեբանը։

Ճիվարյանը նշեց, որ հայ ընտանիքում ոչ միայն տղամարդու, այլև սկեսրոջ կողմից բռնության ենթարկվելու արդյունքում կնոջ մեջ կարող է ձևավորվել երկու՝ լիովին տարբեր «երազանքներ»՝ հնարավորինս շուտ դառնալ նույնպիսի բռնակալ, կամ երբևէ որևէ մեկի նկատմամբ նման վերաբերմունք չունենալ։ Ըստ հոգեբանի՝ դա կախված է միայն նրանից, թե նախկինում ինչ դաստիարակություն և կրթություն է ստացել աղջիկը։

Հայ ընտանիքում, ըստ մեկնաբանի, ավանդաբար ոչ միայն չի եղել կնոջ նկատմամբ բռնությունը և դա միայն վերջին տասնամյակներում անառողջ հասարակություններից ներմուծված ախտ է, այլև՝ հայ ընտանիքում դեռ առկա են մայրիշխանության ակնառու դրսևորումներ։ «Նահապետական իրապես ավանդական ընտանիքներում կնոջ դերն իրապես հսկայական էր. նման միջավայրում կինը, մայրը, արդեն ընտանիքի կարևորագույն վճիռների կայացման ատյանի հիմնական անդամն էր»,- նշեց Արամ Աբրահամյանը։

Tert.am

 

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply