Հայաստանում մոտ 100 հազար հաշմանդամ կա, որոնք կարող են աշխատել, բայց գործազուրկ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2011 17:33

Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող մոտ 180 հազար մարդ կա, ովքեր ունենալով տարբեր կարգեր, պետությունից ստանում են տարբեր 10-14 հազար դրամ թոշակ:  Այս մասին այսօր` դեկտեմբերի 3-ին` սահմանափակ կարողությունների տեր մարդկանց օրը, NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն» բարեգործական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը: Նրա խոսքով` Հայաստանում հաշմանդամների հիմնական խնդիրը տրանսպորտի ու շինությունների մատչելիությունն է, նաեւ աշխատատեղերի առկայությունը:

Զբաղվածության պետական ծառայության տվյալներով` Հայաստանում մոտ 100 հազար հաշմանդամ կա, որոնք կարող են աշխատել, բայց գործազուրկ են: Ինչ վերաբերում է այս խնդիրների լուծմանը, ապա Հ Աբրահամյանի խոսքով` հաշմանդամների խնդիրները երբեք վերջնական չեն լուծվելու, պարզապես առաջադեմ երկրներում այդ խնդիրները շատ ավելի քիչ են: Նրանք հույս ունեն, որ «Հաշմանդամների մասին» մշակվող օրենքը ինչ-որ չափով կլուծի նրանց խնդիրները, քանի որ այն հարմարեցված է Եվրոպական կոնվենցիային:

Հ. Աբրահամյանի ներկայացմամբ, տարեցտարի մեզանում եւս մեծանում է ուշադրությունը հաշմանդամների հանդեպ: «Մասնավորապես, բիզնես կառույցները հաշմանդամներին աշխատատեղեր են տրամադրում, հասարակական կազմակերպություններն ավելի ակտիվ են դառնում, պետությունն էլ համագործակցում է նրանց հետ»,- ասաց Հակոբ Աբրահամյանը` պետական հոգածությունը հաշմանդամների հանդեպ 5 բալանոց սանդղակով գնահատելով 3: Նրա խոսքով` մեզանում հաշմանդամների նկատմամբ առավել ուշադիր են ՀԿ-ները, որոնք այս օրերին Հայաստանում զանազան միջոցառումներ կկազմակերպվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աշխարհի շատ երկրներում այսօր նշում են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց օրը: Այդ օրը տարբեր միջոցառումներ են անցկացվում, որոնք կոչված են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց խնդիրների վրա ուշադրություն հրավիրելուն, նրանց արժանապատվության պաշտպանությանը, իրավունքներին եւ բարեկեցությանը: Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց (հաշմանդամների) միջազգային օրվա մասին  առաջին անգամ հայտարարվել է 1992թ.` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 47-րդ նստաշրջանի ընթացքում, հատուկ բանաձեւով: Գլխավոր ասամբլեան բոլոր պետություններին եւ միջազգային կազմակերպություններին կոչ է արել համագործակցել այդ օրվա անցկացման հարցում, ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել միջոցառումներ անցկացնել` հաշմանդամներին հասարակական կյանքում ընդգրկելու ուղղությամբ, գրում է  «Ռոսբալտ»-ը: Հիշեցնենք, որ Հայաստանում նոյեմբերի 15-ից մեկնարկել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակը: Դրա շրջանակներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել ՄԱԿ-ի  «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» կոնվենցիայի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը, որը Հայաստանը վավերացրել է մայիսին եւ որը հոկտեմբերից ուժի մեջ է մտել: Միամսյակի շրջանակներում դեկտեմբերի 1-3-ը տեղի է ունենում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների կոնֆերանսը, որն առնչվում է երեխաների ներառական կրթության գործընթացի հարցում ծնողների դերի եւ երեխաների համար հավասար հնարավորություններ ստեղծելու հարցերին:Դեկտեմբերի 1-ին Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ կայացել է հեռուստակամուրջ` նվիրված հաշմանդամության հարցերին, որի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել եւ պատմել իրենց երկրների փորձի մասին:

 

 

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply