Դալիթան բարձր տրամադրությամբ պատրաստ է եվրատեսիլյան իր ելույթին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 3, 2011 17:30

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի գլխավոր փորձը կայացավ դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում’ աշխույժ, ուրախ «եվրատեսիլային» մթնոլորտում: Հայաստանը մրցույթում ներկայացնող 12-ամյա Դալիթա Ավանաեսյանը գոհ է իր ելույթից եւ բարձր տրամադրությամբ է պատրաստվում ելույթ ունենալ նաեւ դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցույթի եզրափակիչ համերգին:

«Դալիթայի համար արդեն իսկ մեծ հաղթանակ է, որ մրցույթն այս տարի անց է կացվում Հայաստանում: Գլխավոր փորձի ելույթը իսկապես հաջողված էր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դալիթայի մայրը’ Իզաբելա Ավանեսյանը:

Նրա խոսքով’ Դալիթան ընկերացել է մասնակից բոլոր 12 երկրների ներկայացուցիչների հետ, որոնց մեջ ունի ֆավորիտներ, սակայն հավասարապես հավանություն է տալիս բոլորի երգերին:

«Կարեւորն այն է, որ մրցույթի բոլոր մասնակիցները լավ ժամանակ անցկացնեն եւ լավ տպավորություններ ստացած հեռանան Հայաստանից»,- ասաց Դալիթայի մայրիկը:

«Մանկական Եվրատեսի 2010»-ին Հայաստանին հաղթանակ բերած մասնակից Վլադիմիր Արզումանյանը Դալիթային է նվիրել իր գնդակը’ որպես հաջողության գրավական: Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան ներկայացնելու է «Welcome To Armenia» երգը, որի համահեղինակներն են Դալիթան եւ Էմմա Ասատրյանը, պարուսույցը’ Նելլի Կարապետյանը:

Դեկտեմբերի 2-ին կայացած գլխավոր ելույթին Հայաստանի մասնակից Դալիթան հանդես եկավ 4-րդ համարի ներքո: Մրցույթի մասնակիցների ելույթներից հետո հատուկ հյուրերի կարգավիճակում երգեցին Շվեդիան «Մանկական Եվրատեսիլ 2006»-ին ներկայացրած Մոլլի Սանդեն, «Եվրատեսիլ 2008»-ին Հայաստանը ներկայացրած Սիրուշոն եւ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը:

Գլխավոր փորձի ավարտին, մրցույթի կանոնների համաձայն’կատարվեց նաեւ փորձնական քվեարկություն, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Շվեդիան, սակայն, նա այդ դերում դեռ չի կարող լինել, քանի որ քվեարկությունը փորձնական էր: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի գլխավոր փորձը եւ դեկտեմբերի 3-ին կայանալիք շոուն ամբողջովին նույնը կլինեն’ թե՛ մասնակիցների բեմադրությամբ, թե ՛ հագուստներով: Միակ տարբերությունն այն է, որ դեկտեմբերի 3-ին համերգային ծրագիրը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում, եւ հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղթողը:

12-ամյա Դալիթա Ավանեսյանը սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական մասնագիտացված դպրոցում 3 տարբեր բաժիններում՝ դաշնամուր, վոկալ եւ կիթառ: Ունի 6 հեղինակային երգեր եւ տեսահոլովակներ, որոնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում’ CD, DVD տարբերակներով:

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply