Սեյրան Օհանյան. «Կարևորը հոգով ու դատողությամբ առողջ լինելն է»

Պաշտոնական, Օրվա լուր | | December 3, 2011 15:40

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հաշմանդամ դարձած ազատամարտիկներին և զինծառայողներին

Սիրելի զինակից ընկերներ

Դեկտեմբերի 3-ը, երբ ողջ աշխարհը նշում է սահմանափակ աշխատունակությամբ մարդկանց օրը, մեզ համար առանձնահատուկ իմաստ ունի, և բոլորս ավելի խորն ենք գիտակցում «Հաշմանդամների միջազգային օր» հասկացությունում ամփոփված ցավն ու խորհուրդը: Սպիտակի աղետալի երկրաշարժը, ապա Արցախյան ազատամարտը շատերին գամեցին սայլակին կամ պատճառելով առողջական անդառնալի վնասներ` զրկեցին լիարժեք աշխատելու և արարելու հնարավորությունից:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, արցախահայության ֆիզիկական գոյությունը և հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար դուք գիտակցված գնացիք սուրացող գնդակներին, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ` կանգնեցնելու նրանց մահաբեր ընթացքը, և դրա համար անչափ թանկ գին վճարեցիք: Բայց փոխարենը, ձեր անձնուրաց նվիրումն օրինակ դարձավ ներկա ու եկող սերունդների, զինվորների ու սպաների համար, և նրանց ազատ, անկախ ու պաշտպանված հայրենիք ավանդեցիք: Ձեր սխրանքն անմահ է և ապրում է մեր հայրենիքի ու նրա զինված ուժերի ամեն մի ձեռքբերման, բացվող յուրաքանչյուր խաղաղ օրվա մեջ:

Լավ հասկանում եմ ու կիսում ձեզ ու ձեր ընտանիքներին բաժին ընկած դժվարությունները, բայց, իմ խորին համոզմամբ, կարևորը հոգով ու դատողությամբ առողջ լինելն է, և մեր երկիրն ամենից առաջ հենց այդպիսի մարդկանց կարիքն ունի:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի ողջ անձնակազմի անունից մաղթում եմ ձեզ ոգու արիություն, տոկունություն,  առողջություն և խաղաղ ու երջանիկ կյանք ձեր պաշտպանած Հայրենիքում: Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է և կանի ձեր հոգսը թեթևացնելու համար:

 

 

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply