Ադրբեջանի օգտին լրտեսության գործով դատաքննությունը կսկսվի դեկտեմբերի 5-ին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2011 14:53

Ադրբեջանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսության  գործով առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 5-ին:  Քրեական գործը գտնվում է  դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Հայաստանի քաղաքացի Կարեն Մեհրաբյանին մեղադրանք է ներկայացվել այն մասին, որ 2011թ. Թուրքիայում նա հայտվել է  Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ ստացել համապատասխան վարձատրության դիմաց նրանց հետ համագործակցելու առաջարկ: Մասնավորապես նրան հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ: Հայաստան վերադառնալով` Մեհրաբյանը փորձել է կապեր հաստատել Հայաստանի եւ ԼՂՀ  պաշտպանության նախարարություններ աշխատակիցների հետ, սակայն  հուլիսի 23-ին  ձերբակալվել է ԱԱԾ կողմից:

Ռոմիկ Մաթեւոսյանին ներկայացված մեղադրանքի համաձայն, նա 2007թ. գտնվելով Թուրքիայում, այնտեղ ծանոթացել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող Սայիդի  եւ Տիգրանի հետ:  Նրանցից Մաթեւոսյանը հանձնարարություն է ստացել Թուրքիա այցելող Հայաստանի քաղաքացիներից ընտրել նրանց, ում հնարավոր է հավաքագրել: Հայրենիք վերադառնալով` Մաթեւոսյանը գործի է անցել:

Աշոտ Չտրկյանին մեղադրանք է ներկայացվել առ այն, որ նա իր ընկերոջ` Կ. Մեհրաբյանի առաջարկով  գնացել է Թուրքիա,  նրա օգնությամբ ծանոթացել վերոնշյալ Սայիդի եւ Տիգրանի հետ:  Իմանալով ընկերոջ գործունեության մասին` նա փորձել է օգնել նրան` տեղեկատվության հավաքագրման գործում:

Կարեն Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա Մեհրաբյանից իմանալով վերջինիս լրտեսական գործունեության մասին` չի հայտնել իրավապահներին: Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել Արթուր  եւ Դավիթ Ավետիքյաններին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք`  ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով,  Ա. Չտրկյանին`   ՀՀ քրեական օրենսգրքի 38- 299-րդ հոդվածի 1-ին մասով:

Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին եւ  Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ  քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply