Շվեդիայի ներկայացուցիչը՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի «Գլխավոր փորձի» հաղթող (տեսանյութ)

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 3, 2011 14:42

Երեկ ուշ երեկոյան ավարտվեց«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի «Գլխավոր փորձը»։ Հիշեցնենք, որ, սովորաբար «Գլխավոր մեկնարկից» առաջ տեղի է ունենում նախնական մրցույթ և հաղթողներն ընտրվում են ժյուրիի քվեարկությամբ։

Այսպիսով՝ ժյուրին իր նախապատվությունը տվեց Շվեդիայի ներկայացուցիչ Էրիկ Ռափփին՝ «Faller» երգով: 13 երկրները հանդես եկան ըստ նախապես որոշված հերթականության։ Մեր երկիրը ներկայացնող Դալիթան հանդես եկավ չորրորդ համարի ներքո և մեծ ոգևորություն առաջացրեց դահլիճում: Ելույթների ավարտից հետո տեղի ունեցավ ուղիղ միացում մասնակից երկրների ներկայացուցիչների հետ, որոնք էլ հայտնեցին իրենց քվեարկության արդյունքները12 բալային համակարգով, սակայն երեկվա հաղթողի համար ամենակարևորը ժյուրիի որոշումն էր:

Հայաստանից որպես հյուր ելույթ ունեցավ Սիրուշոն «Քելե-քելե» երգով, իսկ Վլադիմիր Արզումանյանը հնչեցրեց անցած տարի հաղթանակած «Մամա» երգը, որի շնորհիվ էլ «Մանկական Եվրատեսիլը» կայանում է Հայաստանում:

Երեկոն վարում էին Ավետ Բարսեղյանը և Գոհար Գասպարյանը: Ողջ ընթացքում բոլոր մասնակիցների հետ աշխատում էր արտերկրից ժամանած ռեժիսորը: Բեմական ձևավորումը լիովին համապատասխան էր «Եվրատեսիլի» չափանիշներին:

Դե իսկ այսօրվա ելույթներից և քվեարկության արդյունքներից պարզ կդառնա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի վերջնական հաղթողի անունը:

Tert.am

 

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply