ԱԺ հարցուպատասխան. ֆինանսների նախարար Դավթյանը կարևոր չի համարում ՀՀ տնտեսությունում սահմանի բացմամբ կոնկրետ թվեր ակնկալելը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2009 19:47

«Իշխանամետ տարբեր կառույցներից հայտարարություններ են հնչում այն մասին, թե ինչ լավ ապագա է սպասվում հայկական տնտեսությանը թուրքական սահմանի բացումից հետո, սակայն ես ծանոթ եմ որոշակի վերլուծությունների, համաձայն որոնց՝ տնտեսական այսպիսի վիճակով ձեռնտու չէ սահմանի բացումը»,-այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հակադարձեց, որ տարբեր տարիների ընթացքում և տեղական, և միջազգային հեղինակավոր կառույցների կողմից արվել են նմանատիպ հետազոտություններ. «միանշանակ է, որ սահմանի հնարավոր բացումն ու երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը ձեռնտու է երկու կողմերին,- ասաց նախարարը,- իսկ 21-րդ դարում ունենալ փակ սահմաններ, ուղղակի աբսուրդ է»:

Մարտիրոսյանի այն դիտարկմանը, որ սահմանի բացմամբ ակնկալում է կոնկրետ թվեր տեսնել ՀՀ տնտեսությունում,  Դավթյանն ասաց, որ էականը թվերը չեն: «Ակնհայտ է, որ կնվազեն տրանսպորտային ծախսերը, և դա էական ազդեցություն կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի՝ Հայաստանին սահմանամերձ տարածքներում»:

Դաշնակցական Վահան Հովհաննիսյանը ԱԳ նախարարությունից ակնկալում էր հայ-թուրքական հարաբերությունների հանրային քննարկումներ, որոնց ընթացքում հասարակության տարբեր շերտեր կարող էին առաջարկներով հանդես գալ և արդյունքում դրանք ներկայացնել որպես փոփոխություններ համաձայնագրում:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ արձանագրությունները ներկայացվել են հանրային քննարկումների, իսկ ԱԺ-ում համաձայնագրի վավերացման ընթացքում ցանկացած խմբակցություն կարող է հայտնել իր տեսակետը: «Եթե խորհրդարանական մեծամասնությունը կողմ քվեարկի այդ առաջարկության, այն անպայման կներառվի»,- ասաց Նալբանդյանը:

Հովհաննիսյանը ճշտեց. «խոսքը, այսինքն, վերաբերում է հանրային իրազեկմանը, այլ ոչ թե քննարկմանը և դրա հետևանքով ձևավորված առաջարկների ներառմանը»:

«Դիվանագիտությունը թենիս չէ պատի հետ,- ասաց ԱԳ նախարարը,- այն ենթադրում է երկկողմ քննարկում: Եվ համաձայնագրի ստորագրման ընթացքում թուրքերի կողմից բազմաթիվ առաջարկներ են եղել, որոնք մերժվել են մեր կողմից: Մենք երկկողմ քննարկումների արդյունքում ենք հանգել այդ եզրակացության»:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply