Մեղադրվում են կեղծ ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 3, 2011 14:27

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է կեղծ ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ քաղաքացի Ա. Միքայելյանը 2009թ. սեպտեմբերի 18-ին  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում  հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Ա. Վաղարշակյանի դրդմամբ իր ստորագրության դրոշմակնիքը, Ա/Ձ-ի կնիքն ու հաշվապահական փաստաթղթերը  Ա. Միքայելյանը  հանձնել է Ա. Կոնջարովին: Բացի այդ, հետագայում «Արամ Միքայելան» Ա/Ձ-ի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարները Ա. Վաղարշակյանի հետ միասին կանխիկացնելով  եւ Ա. Կոնջարովին հանձնելով` Ա. Միքայելյանը  եւ Ա. Վաղարշակյանը օժանդակել են վերջինիս «Էքսպրես մետալ» ՍՊ ընկերությանն առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման «Արամ Միքայելան» Ա/Ձ-ի անունից  267 685 500 դրամի  ապրանքներ մատակարարելու վերաբերյալ  կեղծ հաշիվ-ապրանքագրեր կազմելուն: Այդ հաշիվ-ապրանքագրերը Ա. Կոնջարովը ներառելով «Էքսպրես մետալ» ՍՊ ընկերության հաշվետվություններում եւ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` չարամտորեն խուսափել է 69 160 028 դրամ հարկերը վճարելուց` այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, Ա. Միքայելյանը անհատ ձեռնարկության միջոցով իրականացնելով նաեւ ձեռնարկատիրական գործունեություն, 2009թ. երրորդ եւ 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում «Արամ Միքայելան» Ա/Ձ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ, հաշվարկներ եւ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է  առանձնապես խոշոր չափերի` 19. 471 815 դրամ հարկ վճարելուց:

Իսկ Ա. Վաղարշակյանը Ա.Կոնջարովի մոտ գտնվող փաստաթղթերի օգտագործմամբ «Արամ Միքայելան» Ա/Ձ-ի ընթացիկ հաշվից ստացել եւ Ա. Կոնջարովին է փոխանցել առանց ապրանքների մատակարարման կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա փոխանցված գումարներից 8 130.318 դրամ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասերով, Ա. Վաղարշակյանին` 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Ա. Ա. Կոնջարովի վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ եւ 2011թ. փետրվարին ուղարկվել դատարան` նկատի ունենալով, որ Ա. Միքայելյանի գտնվելու վայրն այդ պահին հայտնի չի եղել:  Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. հունիսի 16-ի դատավճռով նա հանցավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 1-ին, 189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Հետախուզման մեջ գտնվող Ա. Միքայելյանը հայտնաբերվել է Բելառուսում ու տեղափոխվել Հայաստան 2011թ. հոկտեմբեր ամսին եւ նրանց` Ա. Միքայելյանի եւ Ա. Վաղարշակյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply