ՌԱՀՀԿ-ը 2011 թվականի գործունեությունն ամփոփեց նոր տարեգրքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 2, 2011 19:51
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ «Հարավային Կովկասը 2008 թվականից հետո» խորագիրը կրող տարեգրքի շնորհանդեսը: Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների աշխատակիցներ, ԱԺ պատգամավորներ, փորձագետ-վերլուծաբաններ, մտավորականներ եւ լրագրողներ:
Շնորհավորանքի եւ ողջույնի խոսքով հավաքվածներին դիմեց ՌԱՀՀԿ հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Անցնող տարվա յուրատիպ հաշվետվություն համարվող սույն տարեգրքում, ինչպես նախորդ տարիների հրատարակություններում, վերհանված է Հայաստանի այսօրվա ու վաղվա կարեւորագույն մի շարք խնդիրների, մարտահրավերների ու հեռանկարների համայնապատկերը: Բոլոր գործերում նկատելի են թարմ հայացքով մատուցվող գաղափարներ, առաջարկներ, այլընտրանքային մոտեցումներ, որոնք կարող են լավագույն բանալի լինել մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած բազում կնճռոտ հարցերի լուծում տալու տեսանկյունից»,- ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ Կենտրոնի փորձագիտական միտքը, ինչպես միշտ, վեր է հատվածական եւ կուսակցական շահերից:
ՌԱՀՀԿ գիտական մասի տնօրեն Մանվել Սարգսյանը` խոսելով աշխատությունների ներքին միասնության ու ամուր կապի մասին, մասնավորապես ասաց. «Ժողովածուում ներառված փաստական նյութը հայեցակարգային առումով մի կուռ ամբողջություն է կազմում: Դա Հայաստանի հայացքն է ինչպես միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին, այնպես էլ դրանց լույսի տակ ներքաղաքական վայրիվերումներին»: Ազատ ու անկաշկանդ աշխատանքի հնարավորությունը, ըստ քաղաքագետի, գրքի հաջողության գրավականն է:

Ժողովածուն բացվում է Մ.Սարգսյանի` ելակետային որոշ հիմնախնդիրներ շոշափող մուտքի խոսքով, ինչին հաջորդում է Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական գլոբալ վերափոխումների ու դրանց ազդեցության, ինչպես նաեւ այդ փոփոխությունների հայաստանյան համատեքստի վերլուծությանը նվիրված հոդվածների շարքը: Վերջին երեք տարիների կտրվածքով տարածագոտու անվտանգության համակարգերին, հարեւան պետությունների ու միջազգային ազդեցիկ ատյանների հետ հարավկովկասյան երկրների հարաբերություններին, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներին, Հայաստանի ներքաղաքական խմորումներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ օրախնդիր այլ թեմաների առնչվող իրենց մտազննումներն են Կենտրոնի 2011 թվականի գլխավոր գրքում ներկայացրել փորձագետ-վերլուծաբաններ Սարո Սարոյանը, Էդգար Վարդանյանը, Էմմա Բեգիջանյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Անդրիաս Ղուկասյանը, Սերգեյ Մինասյանը, Սերգեյ Շաքարյանցը, Դավիթ Պետրոսյանը, Արմինե Ղազարյանը, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, գիտությունների թեկնածուներ Կարապետ Կալենչյանը, Հովհաննես Նիկողոսյանը, Լեւոն Գեւորգյանը, Արտակ Շաքարյանը եւ այլ հեղինակներ: Բովանդակությունը եզրափակում է Աժ փորձագետ Արմեն Թորոսյանի պատրաստած Հավելվածը, որի ներքո զետեղված են 2008-2011թթ. Հարավային Կովկասի վերաբերյալ ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւերը:
Շնորհանդեսին ունեցած ելույթներում ժողովածուի հեղինակներից Է.Բեգիջանյանը, Ա.Ղուկասյանը, Ս.Շաքարյանցը, Ս.Սարոյանը եւ Կ.Կալենչյանը հակիրճ շարադրեցին իրենց աշխատությունների հիմնական գաղափարական ուղենիշներն ու հետագայի ծրագրերը: Ներկաները եւս մեկ անգամ շեշտեցին աշխատության թեմատիկ հրատապությունն ու հարցադրումների արդիականությունը, գաղափարաքաղաքական արժանիքները, եւ նոր հաջողություններ մաղթեցին ստեղծագործական անձնակազմին:
Գիրքը տպագրության է պատրաստվել ՌԱՀՀԿ աշխատակիցների անմիջական ջանքերով եւ լույս է տեսել «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարանում: Խմբագրակազմում աշխատել են Գեւորգ Լալայանը, Մանվել Սարգսյանը, Կարապետ Կալենչյանը եւ Ռուզան Պլուզյանը: Ձեւավորումը եւ էջադրումը` Աշոտ Թուրաջյանի:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:






Facebook
Tweet This
Email This Post
