Երևանի քաղաքապետարանը զբոսաշրջության պաշտոնական ուղեգրքեր է թողարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2011 18:50

Երևանի քաղաքապետարանը 20.000 տպաքանակով թողարկել է զբոսաշրջիկների կողմնրոշիչ-տպագիր գիդեր` 2 ուղեգրքեր: Մեր մայրաքաղաքն ընտրած զբոսաշրջիկի համար պաշտոնական ուղեգիրքը բացահայտում-ներկայացնում է մշակութային Երևանը, ինչպես նաև տեղեկացնում է պատմամշակութային հուշարձնների, թանգարանների, համերգասրահների, հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, խանութների տեղակայման հասցեները: Ուղեգիրքը զբոսաշրջիկի համար նաև գիտելիքի նախնական աղբյուր է ազգային յուրահատկությունների մասին: Երկրորդը` պատկերազարդ ուղեգիրքը, ժամանցային Երևանի ուղեցույցն է. 2 ուղեգրքերում էլ տեղեկատվական տեքստերին համադրված են խոսուն լուսանկարներ:

Երևանի քաղաքապետարանում զբոսաշրջային ընկերություններին ուղեգրքերը ներկայացնելու նպատակով հրավիրված հանդիպման ժամանակ քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը վերահաստատել է, որ քաղաքապետարանը բաց է համագործակցության համար և պատրաստակամ` քննարկել զբոսաշրջային կազմակերպությունների առաջարկություններն ու դիտարկումները: «Այսօր Երևանում զբոսաշրջությունը մրցակցային տրամաբանության կանոններով ակտիվ դաշտ է. քաղաքապետարանը ողջ ներուժով ուղորդելու է զբոսաշրջային դաշտի կայացմանը: Ներկայացնում ենք մեր աշխատանքի 2 արդյունքները, որոնց տարածման գործում ակնկալում ենք զբոսաշրջության ոլորտում ներգրավված հանրության մասնակցությունը: Ձեր նախաձեռնողականությունը կարձանագրի, որ մեր գործակցությունը փոխշահավետ հիմքերի վրա է»,-  նշել է Էդուարդ Ներսիսյանը: Տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչները համոզված են, որ ուղեգրքերի մուտքը շուկա կօգնի Երևանն ավելի համակարգված ու բովանդակալից ներկայացնել մայրաքաղաքի հյուրերին:

Տպագիր գիդերը առայժմ եռալեզու են` հայերեն, ռուսերեն, անգլերեն. ուղեցույցերը ներկայում թարգմանվում են նաև ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և պարսկերեն:

 

Երևանի քաղաքապետարանի  տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply