ՀԱԿ-ը փորձում է դառնալ ամեն ինչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2011 16:30

Ներքաղաքական վերջին վերադասավորումներից հետո, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, Հայաստանի քաղաքական դաշտում կա 4 բևեռ: Մեկը ՀՀԿ-ն է, որը որպես պետաիշխանական շահերի պաշտպան է հանդես գալիս: ԲՀԿ-ն, որը հանդես է գալիս, իբրև սոցիալ-տնտեսական շահերի պաշտպան, ՀՅԴ-ն ավելի երևում է, որպես վերազգային շահերի պաշտպան` Հայդատ, սփյուռքի և Հայաստանի միավորման խնդիրները: ՕԵԿ-ը մնում է մարդու իրավունքների պաշտպան և անվտանգության պաշտպանը նոր երանգ է տվել նրան: Իսկ ՀԱԿ-ը փորձում է դառնալ ամեն ինչ:

«Իսկ գիտենք, որ շուկայում ունիվերսալ ապրանքներ չկան: Ապրանքը պետք է ունենա ինչ-որ հստակ դիմագիծ, որով նրան նախընտրում են: Դրա համար նա փորձում է իր բոլոր ուժերը միավորել, որպեսզի իր ունիվերսալիզմը կարողանա հիմնավորել: Բայց քանի որ բացի նրանցից, ովքեր մտել ու ձուլվել են ՀԱԿ-ում և չեն երևում, նոր ուժեր չկան, նա պետք է ինչ-որ կերպով դիրքավորի իր ծառայությունը հանրության հանդեպ: Թե ինչ կանի, դա իր գործն է: Այն ծրագիրը, որտեղ 85 կետ կա, դա ծրագիր չէ: Կարգախոս է պետք, որ մարդիկ լսեն, հակիրճ հասկանան ու դրա հետևից գնան»,- «Անկախ»-ի հարցին պատասխանեց Ահարոն Ադիբեկյանը:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, հատկապես ներքաղաքական վերջին զարգացումներից հետո, սոցիոլոգը համոզմունք հայտնեց, որ լավ կլինի, որ ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը պահպանվի Ազգային Ժողովի ընտրություններում: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` դա կլայնացնի սոցիալական բազզան, և հետագայում եթե կոալիցիա ձևավորեն, ավելի հզոր կլինեն, քան եթե հիմա կոալիցիա ստեղծեն:

«Ինձ այդպես է թվում տակտիկայի առումով: Ստրատեգիայի առումով ես չեմ կարող ո’չ նախագահի, ո’չ պարոն Ծառուկյանի տեղը որոշում կայացնել: Եթե ինձնից խորհուրդ հարցնեն, ես կասեմ առանձին գնացե’ք, մրցակցե’ք»,-ավելացրեց նա:

 

 

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply