Ո՞րն է նախարարության շահը. «Մեր շահը բնությունն է…»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | December 2, 2011 16:21
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցան Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումները` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ, օրինագծին դեմ արտահայտվող նախաձեռնող խումբը, շահագրգիռ հասարակական կազմակերպություններ ու անկախ փորձագետներ:
Բնապահպանության նախարարության ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Ղլիչյանը հայտարարեց, թե նախարարությունը մինչ օրս գրավոր առաջարկներ ստացել է միայն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունից` հորդորելով հասարակական կառույցներին` ներկայացնել «լուրջ գրված կոնկրետ առաջարկներ»: Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանն էլ զարմացավ, որ նախարարությունը մինչ օրս տեղյակ չէ իրենց գրավոր առաջարկներից, այն դեպքում, երբ դրանցով ողոված է ողջ մամուլը:
«Կանաչների միության նախագահ» Հակոբ Սանասարյանն էլ, անդրադառնալով նախագծում տեղ գտած թերություններին, ասաց, որ այն ոչ թե պետք է փոփոխել, այլ լրիվ նոր օրենք գրել: Ի դեպ, Սանասարյանը վերապահումով է մոտենում ամեն տեսակի միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին. «Կգա ժամանակ, որ բոլոր այդ միջազգային կոնվենցիաները կանիծվեն, եկեք մենք մեր տաշտակին նայենք,-ասաց նա,-Հայաստանը միշտ ամենաառաջինն է ստորագրում այդ համաձայնագրերը, որի համար դրամաշնորհներ ու մեդալներ է ստանում, իսկ օրինակ, Ռուսաստանը ասում է. «մենք դեռ պետք է քննարկենք»:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանն էլ հարց բարձրացրեց, թե ընդհանրապես ինչի՞ համար է ընդունվում կամ փոփոխվում օրենսդրությունը, եթե միևնույն է, այն չի գործում: Նրա համար անհասկանալի է կառավարության շտապողականությունն այս օրինագիծն ընդունելու գործում: «Ինչո՞ւ եք այքան հապշտապ անում, ի՞նչ շահ ունեք,»,-հարցրեց նա,-հիմա Հայաստանում ամեն ինչ արագ են անում ապօրինությունների համար»: Բաղդասարյանն էլ է կարծում, որ օրինագիծը պետք է հետ կանչվի և նոր տարբերակ մշակվի:
Ջուլիետա Ղլիչյանն, անդրադառնալով Բաղդասարյանի հարցին, թե ո՞րն է նախարության շահը օրինագիծն ընդունելու հարցում,պատասխանեց. «Մեր շահը բնությունն է: Եթե ձեզ թվում է, թե մենք բնության թշնամիներն ենք, իսկ դուք պաշտպանները, ապա սխալվում եք»,-հայտարարեց նա:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննարկման սենյակից դուրս լրագրողներին հայտնեց, որ խորհրադարանական լսումների ժամանակ հչել են բավականին լուրջ առաջարկներ, և իրենք պատրաստ են ընդունել դրանք` համապատասխան փոփոխություններ կատարելով օրենքի նախագծում:
Ինչ վերաբերում է օրինագծին դեմ արտահայտվող նախաձեռնող խմբի պահանջին` նախագիծը հետ կանչել և մշակել լրիվ նոր օրենք, նախարարը համամիտ չէ. նրա կարծիքով, այսօրվա քննարկումը հենց ենթադրում է այն փոփոխությունները, որոնք պահանջում է նախաձեռնող խումբը:














Facebook
Tweet This
Email This Post
