Ահարոն Ադիբեկյանը գործիք է պատվիրատուների ձեռքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2011 15:02

Սոցիոլոգիական հարցումն ընդամենը գործիք է կառավարման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար: Այս համոզմունքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սոցիոմետր» սոցիալոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և ավելացրեց, որ այն կազմակերպությունը, այն սոբյեկտը, որը չունի ժամանակակից կառավարման համակարգ, այդ հարցումների կարիքը չունի: Սոցիոլոգը նշեց, որ շատ հնարավոր է, որ PR-ի համար օգտագործվեն նման տվյալներ: Բայց սովորաբար լինում է այնպես, որ նա, ով թույլ է, մեծ վարկանիշ չունի, նույնիսկ եթե հարցում է պատվիրում, աշխատում է արդյունքները չհրապարակել: Ահարոն Ադիբեկյանը պատմեց սոցիոլոգիական հարցումների արտասահմանյան փորձի մասին և պարզաբանեց, որ եթե արտասահմանում կուսակցությունները հարցումներ են պատվիրում, ապա ստացված տվյալները համարվում են կոմերցիոն գաղտնիք, և նրանք դրա մասին որևէ մեկին չեն պատմում: Հարցում անցկացվում է կոնկրետ պատվիրող կուսակցության համար` նրա կարգախոսների համար, ռեսուրսների համար`պատմական քաշից ելնելով: Ու նորեկը եթե մտնում է դաշտ, բավականին աշխատանք պետք է կատարի, որպեսզի վարկանիշ ձեռք բերի, և ռոմանտիզմը այս դաշտում իմաստազուրկ է:

«Նախ` քաղաքական դաշտ մտնողը պետք է լինի խարիզմատիկ: Խարիզման սոցիալ-հոգեբանության մեջ ընդունված մի որակ է, որը շատ դժվար է բովանդակային բացատրել: Դա մի սրբության նշան է, որով մարդը կարողանում է այլ մարդկանց գրավել իր կողմը, վստահություն ներշնչել` զուտ իր անձնական հատկանիշներով: Նորեկը պետք է կենսագրություն ունենա, համախոհներ ունենա, պետք է ունենա որոշ ֆինանսական կարողություններ` գործը կազմակերպելու` թերթ ունենալու, քարոզիչներ ունենալու, այսինքն գործ անելու: Բայց իրենց թվում է, որ եթե մենք սիրուն ծրագրեր գրենք, սիրուն խոսքեր ասենք, մեկին փող տանք ու ասենք մեր վարկանիշը բարձր գրի, մենք միանգամից կդառնանք ՀՀ նախագահ կամ պատգամավոր: Դա այդպես չէ: Պրոցեսը շատ բարդ է, և հարցման ժամանակ մենք որոշում ենք տվյալ սուբյեկտի` լինի դա անհատ, թե կազմակերպություն, նվազագույն և առավելագույն հնարավորությունները այսօր և հիմա»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը

Ըստ բանախոսի,  սոցիոլոգիական հարցում իրականացնողները  գործիք են կառավարողի ձեռքում, քանի որ գոյություն ունի կառավարում անորոշության պայմաններում: Սոցիոլոգները փորձում ենք օգնել  պատվիրատուին` անորոշության պայմաններում որոշակի արդյունքների հասնելու: Որովհետև նա գիտի, որ իրեն ձայն տվողները այսքան են, տատանվողները` այսքան և այլն. Իսկ սոցիոլոգները իմանում են, թե տատանվողներն ինչու են տատանվում ու նոր կարողանում են եզրակացություն անել:

 

 

 

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply