«Հին Երևանը» զուտ խոստում չէր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Գևորգ Ավչյան | December 6, 2011 15:53
Նախախորհրդային Երևանի ճարտարապետական տեսքն ու միջավայրը տեսնել ցանկացողները մոտ ապագայում այդ հնարավորությունը կունենան:
2004 թ., երբ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գմբեթից նայել է, հրահանգել է, որ ներքևում երևացող ամբողջ գլխավոր պողոտան մաքրվի: Այդ ժամանակ ճարտարապետ Լևոն Վարդանյանը մտահոգվել է, որ նախախորհրդային շրջանի պատմական ճարտարապետական շերտն ընդհանրապես քաղաքից վերանում է: Եվ սա ոչ այնքան իշխանության կամքով, որքան այն պատճառով, որ շատ ճարտարապետներ ամաչում էին XIX դարի և XX դարասկզբի շենքերի սև ու երկհարկանի տեսքից:
«Զախարյանին դիմեցի, նա միանգամից հասկացավ, թե ինչ եմ ուզում ասել, տարավ Քոչարյանի մոտ: Մեծ նախագիծ-առաջարկ արեցի, որը քննարկվեց, անցավ, ու կառավարության որոշում ընդունվեց: Որոշվեց, որ Աբովյան փողոցից սկսեմ, որովհետև այդ «Սիլ պլազայի» մի կտորը, որ մնացել է, ինքնըստինքյան արդեն մտնում է այդ շերտի մեջ, Բյուզանդ, Արամի և Կողբացի փողոցների այդ հատվածն ընդունվեց որպես մի կտոր, որտեղ պետք է վերականգնենք նախասովետական շրջանի ճարտարապետությունը, միջավայրը: Այդ տարածքը բաժանվեց հինգ լոտի` հինգ հողակտորի, աճուրդի հանվեց, վաճառվեց: Աճուրդի հիմնական պայմաններից մեկն այն էր, որ այդ լոտերից յուրաքանչյուրի սեփականատերը պետք է ընդհանուր նախագծային ծրագիր իրականացնի: Այսինքն` ինչ տվեցինք իրեն, պետք է իրականացնի, իսկ ֆունկցիաները հասարակական ֆունկցիաներ են: Եվ գործընթացը սկսվեց»,- պատմում է «Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը:
Աճուրդի պայմաններից մեկն էլ այն էր, որ այդ տարածքի շենքերը ապամոնտաժվում էին, բայց պետք է պահպանվեին: Որևէ հուշարձան, շենք, եթե ընկնում էր որևէ հողակտորի մեջ, որտեղ ներդրումներ ու նոր կառուցապատումներ էին արվում, ապա տարածքի սեփականատերն անմիջապես հուշարձանների պահպանման կոմիտեի հետ պետք է կնքեր պահպանման պայմանագիր: Երևանի հուշարձանների պահպանման բաժնից գալիս էին, շենքը չափագրում, համարակալում և դրանց անձնագրերը կազմում` որոշված տարածքում վերականգնելու համար:
Հետո տարբեր պատճառներով այդ գործընթացը դանդաղեց, ընդհուպ մինչև դադարելը: Բայց երբ քաղաքապետ դարձավ Կարեն Կարապետյանը, նորից վերակենդանացավ, ու հիմա այն ակտիվ շրջանում է: Այդ 5 լոտի համար այսօր երկու սեփականատեր կա. մի կտորը մեկ սեփականատիրոջ է, իսկ մյուս 4-ը` մեկ այլ սեփականատիրոջ: Նախագծային փուլն ընթանում է: Ծրագրի իրագործումն արդեն մեկնարկել է, և ապրիլին կսկսվեն շինարարական աշխատանքները: Իսկ մինչև ապրիլ պետք է այդ տարածքի բնակիչների հարցերը լուծել:
Ծրագրի դանդաղելու փուլում սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ այդ ապամոնտաժված շենքերի քարերը չեն պահպանվում և օգտագործում են որոշ մարդկանց անձնական կարիքների համար: Բայց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հավաստիացրեց, որ այդպես չէ. «Ապամոնտաժող ընկերություններն այդ քարերը տարել և պահպանել են, ու հիմա այդ քարերն, ըստ էության, կան: Բնականաբար, այդ քարերը մեկ տեղում չեն հավաքված, բայց դրանք պահպանվում են ձյունից, անձրևից: Ես հավատացնում եմ, որ այդ քարերը կան, եթե նույնիսկ չլինեին էլ, միևնույն է, ծրագիրը դրանից չի տուժի, քանի որ ոչ թե քարերի պահպանումն է ծրագրի բուն նպատակը, այլ Հին Երևանին բնորոշ միջավայրի ստեղծումը»:
Ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանն էլ նշեց, որ բնական է, երբ այդ ապամոնտաժված քարերը 100 տոկոսով չեն վերականգնվում, որովհետև հանելիս կարող են վնասվել: Ճակատները վերականգնելիս ինչը որ կարելի է օգտագործել, կօգտագործվի, իսկ որոնք որ հնարավոր չլինի, փոխարենը նորը կօգտագործեն:
«Ես անընդհատ Երևանի հուշարձանների պահպանության վարչության հետ կապի մեջ եմ, քարերը կան: Չար լեզուներն ինչ ուզում են, կարող են խոսել, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Մեծ հաշվով, ինձ քիչ է հուզում այդ քարերի 100 տոկոսով պահպանված լինելը, որովհետև ես վերականգնում եմ միջավայրը: Կոնկրետ նյութը` քարը` որպես այդպիսին, արժեք չունի: Այստեղ հարցը ճարտարապետական արժեքի մասին է, և ինձ պետք է ճարտարապետական տեսքը վերականգնել: Որովհետև խոսքը պատմական նշանակություն ունեցող քարերի մասին չէ: Խոսքը քաղաքային միջավայրի մշակութային շերտի պահպանության մասին է: Իսկ սրանք տարբեր խնդիրներ են»,- ասաց Լևոն Վարդանյանը:
Եթե ներդրողների ֆինանսական և այլ գործերը նորմալ լինեն, ապա գարնանը կսկսվեն «Հին Երևան» ծրագրի բուն` շինարարական աշխատանքները, որոնք կտևեն մոտ 4-5 տարի: Գլխավոր ճարտարապետի նպատակն այն է, որ «Հին Երևան» մտնողը, լինի իր համաքաղաքացին թե օտարազգի զբոսաշրջիկ, զգա, որ Երևան է եղել նաև նախախորհրդային ժամանակաշրջանում` XIX դարում, XX դարի սկզբին: «Ու որ պատի ծակից դուրս եկած չենք»,- ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
