«Քո ոտքերն ունենայի, միլիոններ կաշխատեի…» մուրացկանը` «բիզնեսի» ներքին խոհանոցից

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 3, 2011 15:47

Քաղաքի կենտրոնական փողոցներում հաճախ կարելի է տեսնել մուրացիկ այս տղային. նրա ոտքերի տեսքը շատերին սարսափ է պատճառում, շատերին էլ` խղճահարություն, բայց քիչ չեն նաև «ձեռ առնողներն» ու արհամարհողները: 30-ամյա հիվանդ, երկկողմանի ծնողազուրկ Աշոտն իրեն  «պրոֆեսիոնալ» մուրացկան չի համարում, քանի որ փող մուրալու է դուրս գալիս շաբաթը 2-3 անգամ և օրական միջինը 3000 դրամ է հավաքում` այդ գումարով հոգալով թե՛ սննդի, թե՛ ոտքերի խնամքի և թե՛ սենյակի վարձի (ամսական 25 000 դրամ) խնդիրը: «Առաջ ավելի քիչ էի դուրս գալիս, միայն օրվա հացի համար, մեկ-մեկ էլ երեկոյան թատրոն էի գնում»,-պատմում է նա` հիշելով մուրացկանության իր առաջին օրերը: Իսկ ամենաառաջին անգամ, երբ դուրս եկա, դեռ առողջ էի. մտածում էի` ոչ ոք փող չի տա: Դե հո չէ՞ի կարող ամեն մեկին կյանքս պատմել, ասել, որ որբ եմ, տուն չունեմ, սոված եմ, աշխատանք էլ չեն տալիս»: Եվ քանի որ նկատել էր, որ մարդիկ հիմնականում փող են տալիս հիվանդներին, ծերերին ու կիսախելառներին, որոշում է կիսախելառ ձևանալ, քանի որ հիվանդ, առավել ևս` ծեր ձևանալ չէր կարող: Մուրացկանության առաջին օրը նա 1000 դրամից ավելի է հավաքում. դա մեծ հաջողություն էր:

Աշոտը սովորում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում, որտեղից էլ տեղափոխվել էր հատուկ ուսումնարան: Հենց այդ տարիներին` 90-ականների վերջին, տարբեր գիշերօթիկներում և ուսումնարաններում ապրող մոտ 40 որբ ընկերներով ու ընկերուհիներով  հավաքվում են և որոշում փախչել «մարդկային պայմաններից զուրկ» իրենց օթևաններից` նախընտրելով ապրել փողոցում, բայց լինել ազատ ու կուշտ: «Ես մեզ անվանում էի Լեյտենանտ Շմիդտի զավակներ,- հիշում է Աշոտը:- Էդ ժամանակ իմ նախաձեռնությամբ մի կոնվենցիա մշակեցինք, Երևանը բաժանեցինք մասերի և որոշեցինք, թե որս որտեղ պետք է փող հավաքի: Ըստ ներքին կանոնադրության` ուրիշն իրավունք չուներ մտնել քո տարածք` փող հավաքելու: Ինձ բաժին հասավ Էրեբունու տարածքը: էդ գործունեությունը մոտ 2 տարի տևեց: Բայց կոնվենցիան խախտողներ շատ եղան, վիճեցինք, և ամեն մեկը գնաց իր ճանապարհով: Որոշ մասն էլ մահացավ կամ ինքնասպան եղավ: Բայց մի քանիսը մինչև էսօր իրենց տեղերում փող են հավաքում»:

Խոսելով մուրացկանության ներքին խոհանոցից` Աշոտն ասում է, որ այսօր մուրացկանների միջին եկամուտը ամսական 100-150 հազար դրամ է: Իսկ մուրացկան մայրիկները կամ տատիկներն օրական 10-15 հազար դրամ ունեն: Քաղաքի «ամենայուղոտ» հատվածը Թումանյանն է: Կան մշտական տարածքով մուրացկաններ և շրջիկ մուրացկաններ: Ըստ Աշոտի` մշտական տարածքով մուրացկանների տարածք ոչ ոք իրավունք չունի մտնելու: «Կինո «Մոսկվայի» տարածքում փող հավաքող մի տատիկ կար,- պատմում է նա,- մի օր տատիկի տարածք մտավ կաստիլով մի մարդ: Տեսնեիր, թե տատիկն ինչ արեց սրա գլխին, սկսեցին իրար ծեծել, Ռեմբոյի կինոն քեզ օրինակ, մնում էր` խաղադրույք անել»:

Իսկ երբ հանկարծ իրեն են ուզում տարածքից հանել, միանգամից պատասխանում է. «Կադաստրի թղթով ցույց տուր, որ էս տարածքը քո սեփականությունն ա` դուրս կգամ»:

Աշոտը նաև ասում է, որ շատ մուրացկաններ «վերխեր» ունեն և «նալոգ» են վճարում. «Մի օր Հանրապետության փողոցում ինձ մոտեցավ մի ջահել տղա` նորմալ հագուկապով, և ասաց. «Մյուս անգամ էլ քեզ էստեղ տեսնեմ` ոտքերդ կջարդեմ…»: Հետո հասկացա, որ մի փուչ աչքով տատիկ կա,  դրա «հովանավորն» ա»,- ասում է նա:

Մուրացկաններ էլ կան, որ ոստիկաններին են «նալոգ» վճարում: Ըստ Աշոտի` ոստիկանի «նալոգը» կոնկրետ թիվ է`  օրական 2000 դրամ, իսկ այլ «հովանավորներինը»` դրանից շատ: «Ինձ երբևէ չեն առաջարկել` իրենց «նալոգ» տալ, բայց շատ ա եղել, որ եկել-ասել են` ռադդ քաշի էստեղից, իսկ մի քիչ էն կողմ նստած մուրացկանին բան չեն ասել»,-ասում է նա:

Աշոտը պատմում է, որ մի օր մետրոյում մի մուրացկան տատիկ է մտել գնացք` փող հավաքելու: Հաջորդ կանգառում այդ տատիկն իջել է, մեկ ուրիշը մտել. «Մեկ էլ միլիցեքը մտան, սրան հավքին-տարան: ժողովուրդը զարմացած նայեց, մեկն էլ ասեց. «Բա էն մեկի՞ն խի չտարան»: Ես էլ ծիծաղելով ասեցի. «Որովհետև նա լիցենզիա ուներ…»:

Ըստ Աշոտի` մուրացկանը Աստծո դեսպանն է երկրի վրա. չէ՞ որ մուրացկանն է որոշում` դիմացինը բարի՞ է, գթառա՞տ է, թե՞ ոչ: Նա հիշում է աստվածաշնչյան դրվագներ և եզրակացնում, որ նախկինում մուրացկանները պարտադիր հիվանդ են եղել, իսկ աղքատ մարդիկ մուրացկանությամբ չեն զբաղվել: «Իսկ այսօր հակառակն է,- ասում է նա,- մուրացկանությունը դարձել է բիզնեսի տեսակ:  Մարդիկ, ալարելով աշխատել, փողի հեշտ ճանապարհ են գտել»:

Գաղտնիք չէ, որ շատ մուրացկաններ հաշմանդամ են ձևանում, հենակները թևերի տակ դնում և փող հավաքում: Աշոտն ասում է, որ «ժուլիկ» մուրացկաններին կարելի է տարբերել ձեռքերի ափերի միջոցով. եթե ափերը կոշտուկներով պատված չեն, ապա նա խաբեբա է: «Ժուլիկներն ուղղակի գիտեն, որ մուրալով ավելի շատ փող կաշխատեն, քան աշխատելով, էլ խի՞ կաշխատեն»,-ասում է նա:

Աշոտը հիշում է մուրացկանության «ամենաբեղմնավոր» օրերից մեկը. սովորականի պես դուրս էր եկել փող հավաքելու`որոշելով այդ օրը երկար մնալ փողոցում, քանի որ փողի կարիք շատ ուներ: Մեկն անցնում է` 20 դրամ տալով, մյուսը` 50, էդպես մոտ 300 դրամ է հավաքում: Մեկ էլ մի կին է անցնում, սովորականի պես խնդրում է «մի բանով օգնել», կինը հանում է և 10 000 դրամ տալիս: «Ուրիշը լիներ, ոգևորված կշարունակեր փող հավաքել, բայց ես ուրախ-ուրախ փողը վերցրի, դեղերս առա, հացս առա ու հայդա տուն»,-պատմում է Աշոտը:

Նա զարմանում է, որ մուրացկաններն այդքան տարված են իրենց գործով. «Շատ մուրացկաններ առավոտյան ժամը 9-ին դուրս են գալիս, երեկոյան տուն գնում: Իսկ մարդկանց թվում է, թե ամբողջ օրը մուրացկանություն անողներն իրոք կարիքի մեջ են»,-ասում է նա: Զարմանում է նաև, որ հաճախ ծնողներն իրենց հիվանդ, հաշմանդամ երեխաներին տանում են փողոց, ցրտին, շոգին նստեցնում, որ փող հավաքի:  «Մի սպիդով հիվանդ կին կար, ամբողջ օրը փող էր հավաքում,- հիշում է նա,-առողջապահության նախարարությունից նրան զգուշացրել էին, որ երեխա հանկարծ չունենա, բայց նա դիտավորյալ երեխա բերեց, ու հիմա էդ երեխուն գիրկը դրած` փող ա հավաքում: Արդեն երեխան էլ ա ահավոր հիվանդ»:

Աշոտը նաև նշում է, որ մուրացկանները լավ թիրախ են աղանդավորների համար: «Մի օր մեկը մոտեցավ, ասում ա. «Դու Աստծո հետ հարաբերության մեջ մտնում ե՞ս»: Ես էլ ծիծաղելով ասեցի. «Չէ, ախպեր ջան, ես ըտենց բաներով չեմ զբաղվում…»: Կամ մոտենում, ասում են. «Արի ժողովների, կաղոթենք, ոտքերդ կլավանան»: Ասում եմ. «Ես աղոթում եմ, չի լավանում»: Ասում են` «Դու լավ չես աղոթում, արի`  մենք կաղոթենք»:

Գիր ու գրականության մեծ սեր ունեցող, բանաստեղծություններ ու պատմվածքներ գրող Աշոտն ուզում է, որ մուրացկանությունն իր կյանքում հնարավորինս քիչ ժամանակ զբաղեցնի, մինչև ինքը դուրս գա նեղ վիճակից, մի արհեստ սովորի, աշխատի և մոռանա, որ երբևէ մուրացկան է եղել: Բայց մի դեպք Աշոտի հիշողությունից երբեք դուրս չի գա. «Մի անգամ տխուր, հոգնած Աբովյան փողոցում հենվել էի մի պատի, ոտքերս ահավոր ցավում էին, և ցավից գլուխս  ձեռքերիս մեջ էի առել, մեկ էլ ինձ մոտեցավ մի ստաժավոր մուրացկան տատիկ ու նախանձով ասեց. «Երնե՜կ քեզ, ես քո ոտքերն ունենայի` միլիոններ կաշխատեի…»: Զարմացած նայում էի, ոչ էն ա լացեի, ոչ էն ա ծիծաղեի: Ախր, էս ոտքերն ով ունենա, երնեկ կտա` րոպե առաջ ազատվել սրանցից, իսկ նա երնեկ էր տալիս, որ… Դե տես, թե ուր է հասել մուրացկանության աբսուրդը»:

Կարդացեք նաև`

Կտրեք ոտքերս, էլ չեմ դիմանում…

Նուբարաշենի գիշերօթիկի սաները նկարն ուտում էին` պատկերացնելով, թե սնունդ են ուտում

 

 

Դիտվել է 3100 անգամ:
Print Friendly

Leave a Reply