Հավատացյալի անկեղծությունը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 7, 2011 18:00

Ծնողն իրավունք ունի՞ իր երեխային մեկուսացնելու դպրոցական ընկերների միջավայրից

Երբեմն սկսում ես մտածել, որ մարդու բարոյականությունը չի դիմանում ազատությանը, և թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր օրենքները մարդկանց «պաշտպանում են» ազատությունից, որովհետև մարդը դեռևս պատրաստ չէ ազատության բարոյականությանը:

Մարդու իրավունքների մասին դեկլարատիվ հայտարարությունների սահմաններից դուրս, իրականության մեջ մարդն ավելի քան անպաշտպան է արտաքին աշխարհի զանազան պարտադրանքների դեմ` թե՛ հոգևոր, թե՛ նյութական առումով: Նկատենք, որ խղճի ազատության ճանաչումից հետո մեր երկրում կրոնական կազմակերպությունների թիվն օրեցօր աճում է, ինչպես և նրանց անդամների թիվը:

Համատարած անհանդուրժողականությունն այսպիսի նպաստավոր պայմաններ չէր ստեղծի: Իսկ եթե, այնուամենայնիվ,  նման մթնոլորտ է «արձանագրվել», ուրեմն կան օբյեկտիվ պատճառներ, երևույթներ, որոնց ականատեսն ենք: Ու  այս անդրադարձը ոչ թե անհանդուրժողականություն է, այլ մարդկանց միմյանցից օտարանալու փաստերի վերհանման փորձ: Սրա պատճառներից մեկն այն է, որ կրոնական այս կամ այն միավորմանն անդամագրվածներն այնպես են փոխում իրենց մտածողությունը, պատկերացումները, հեռանում նախկին սովորույթներից, դառնում միակենտրոն, որ տարօրինակ են թվում նախկին միջավայրին և կամա-ակամա օտարանում են: Նրանցից շատերը բարի գործերով են աչքի ընկնում և դրական մարդիկ են, բայց առանձնացած են, իսկ ավելի վտանգավորը համոզմունքների մոլեռանդությունն է, որից խուսափում են ծանոթ-մտերիմ-բարեկամները:

Մենք կրոնական տարբեր կազմակերպությունների ներքին, դավանաբանական հարցերը քննելու խնդիր չունենք, այլ ընդամենը` շոշափելու մարդկային նուրբ, հոգեբանական խնդիրներ և անելու որոշ դիտարկումներ:

Այն, որ շատ ընտանիքներ են կրոնական հողի վրա քայքայվել, կամ ազգակցական, բարեկամական հարաբերություններում տարաձայնություններ, լուրջ բախումներ են եղել, փաստ է: Դեռ տարիներ առաջ, երբ նոր-նոր էին Հայաստան մուտք գործում օտարածին զանազան կազմակերպություններ, մի ծանոթ մտավորական անզոր զայրույթով ասում էր իր կնոջ մասին, թե իր հայ երեխային տանում է չգիտես ուր և շոտլանդերեն աղոթքներ է սովորեցնում: Ամուսինները բաժանվեցին:

Անշուշտ, սոցիալական պայմանները ևս մեծ դեր ունեն մարդկանց հարաբերությունները կարգավորելու խնդրում, քանի որ, ապրելով նյութական աշխարհում, ենթակա ենք նյութի պարտադրանքին: Սոցիալ-տնտեսական տեղաշարժերը տեսանելի են, իսկ երբ տեղաշարժեր են տեղի ունենում անհատի գիտակցության մեջ, օրինակ` հոգևոր կյանքում, որի ազդեցությունը կրում է նրա մերձակա շրջապատը, անկարևոր է համարվում և ոչ այնքան նկատելի:

Սա ավելի ցայտուն է դրսևորվում ծնող-երեխա հարաբերություններում: Մեր դպրոցներում հոգևոր դաստիարակությունը տարերային մակարդակի վրա է իրականացվում կամ էլ իսպառ բացակայում է: Տարբեր մեթոդներով կրոնական հոսանքներ են թափանցում դպրոցներ (նրանք` կրողները, ազատ են իրենց գործունեության մեջ, վկա` մեր դռները թակող, զանգահարող, փողոցներում, այգիներում մոտեցող, ուսուցանող քարոզիչները): Բայց խնդիրն ավելի սուր է դպրոցներում, որովհետև հիմնականում անչափահաս երեխաներն են ներգրավվել այս առավել վտանգավոր «խաղում»: Փաստորեն, դպրոցում հոգևոր (ոչ ավանդական) քարոզչությամբ են զբաղվում նաև երեխաները:

Երևանի դպրոցներից մեկում (անունը չենք նշում առավել մեծ աղմուկ չբարձրացնելու համար և հարգելով դպրոցի տնօրենի խոսքը – հեղ.) Հայաստանի Հանրապետությանը նվիրված ավանդական հանդեսին մասնակցելուց հրաժարվում է IV դասարանի աշակերտներից մեկը: Դպրոցի տնօրենի խոսքով` նման միջոցառմանը երեխայի պարտադիր մասնակցությունը պայման չէ: «Բայց այս պարագայում երեխայի չմասնակցելը պայմանավորված է մոր ցանկությամբ, իսկ պատճառն այն է, որ մայրը պատկանում է աղանդավոր հայտնի կրոնական կազմակերպությանը (կազմակերպության անունը չենք նշում – հեղ.)»,- ասում է դպրոցի տնօրենը: Թե ինչն է պատճառը, որ չի ցանկանում մասնակցել, երեխան մանկան միամտությամբ պատասխանեց. «Մամաս ասեց` դու պետք ա չմասնակցես, որովհետև տերը կնեղանա մեզնից, ես էլ նույնը ասեցի դասղեկիս: Էրեխեքն էլ չէին ուզում, որ հանդեսին իրանց կողքին լինեի, ինձ ամոթանք են տալիս, ասում են` այ աղանդավոր»:

Մինչ երեխայի աչքերից գլորվում էին արցունքները, մեր զրույցին միացավ զայրացած մայրը: Հույզերն այնքան էին «եփվել» կնոջ մեջ, որ տնօրենին կշտամբեց, թե «ոնց էրեխուս թերթի ես տալիս»: Տնօրենը շփոթվեց` զգալով, որ ես լսեցի կնոջ խոսքերը: Կինը քայլեց այս կողմ ու ասաց. «Դա իմ սահմանադրական իրավունքն ա: Ոնց կուզեմ` էրեխուս կդաստիարակեմ, էղա՞վ»:

Նա կարծում էր, որ ոտնահարվում են իր իրավունքները, իսկ ինքը` որպես ծնող, իր անչափահաս երեխային դաստիարակելու իրավունք ունի: Փաստորեն ծնողի «դաստիարակության» այս պարտադրանքի տակ երեխան զրկվում է հավաքական ուրախություններին մասնակցելուց, և հոգեբանական անջրպետ է առաջանում նրա և դասարանցիների միջև (իսկ դասարանի երեխաներն այս մասին խոսում են միմյանց հետ, պատմում տանը):

Դասղեկը կարծում է, որ դպրոցը չի կարող միջամտել, որովհետև սա ծնողի իրավունքն է: Տնօրենից տեղեկացանք, որ հարցը շատ լուրջ է, և անհնար է միակողմանի մոտեցում ցուցաբերել, պետք է ինչ-որ ձևով հարմարվել: Տիկինը հիշեց մի դեպք, երբ ռազմագիտություն առարկային մասնակցելուց հրաժարված մի պատանի ցած էր նետվել դպրոցի պատուհանից` չուզենալով ենթարկվել ուսուցիչների պարտադրանքին:

Իմ զրուցակցի (երեխայի մոր) համոզմունքով տոնը (նկատի ունի միջոցառումը) հակաքրիստոնեական է և հեթանոսական արմատներ ունի, ասում է. «Աստծուն հաճելի չէ: Աստվածաշնչում նման արարողություն չկա, և մարդիկ, որ կառչած են ավանդույթներից, ոչ թե Աստծո պատվիրաններից, սխալ ճանապարհի վրա են, իսկ մենք ապրում են Աստծո օրենքներով»:

Ծնողից իմացանք, որ երեխային արգելել է նաև մասնակցել «Եկեղեցու պատմություն» առարկայի դասերին: «Անկախի» այն հարցին էլ, թե իր երեխային ինչու է դպրոց բերել, ասում է. «Իմ երեխան մյուս երեխաներից ինչո՞վ ա պակաս: Բոլորի հետ պետք է գա ու սովորի»: «Բայց նա կարևոր առարկաներին էլ չի մասնակցում, դպրոցական միջոցառումների մասին էլ չեմ ասում»,- հետևեց մեր տրամաբանական հարցադրումը: «Գիտեք, ես դեմ եմ, որ երեխան «Եկեղեցու պատմություն» առարկան անցնի, ես տանը այդ առարկան իրա հետ անցնում եմ»,-ասաց երեխայի ծնողը:

«Իսկ ինչո՞ւ ֆիզիկա կամ մաթեմատիկա առարկան էլ տանը չեք պարապում»,- հարցրի: Կինը ավելի քան վրդովված ասաց. «Ես պատկանում եմ կրոնական մի կազմակերպության, որի գաղափարը հարգում եմ, գնահատում եմ ու վերջապես սիրում եմ: Ես առանց մեր կազմակերպության կյանք չունեմ, հավատա ինձ»: Նա չզսպեց արցունքներն ու ասաց. «Չէի ուզում ասել, բայց ասում եմ, մենակ խնդրում եմ` անունս չգրեք»: Մեր խոստմանը հավատալով` կինը շարունակեց պատմել. «Ամուսինս տնից գնաց այն ժամանակ, երբ ես նոր էի մտել այս կազմակերպություն: Մենք պաշտոնապես բաժանվեցինք: Ինքն ինձ ասաց` լրիվ խելքդ թռել ա, ու վեր կացավ գնաց: Մինչև հիմա լուր չունեմ իրանից: Հարևաններն էլ երես են թեքել ինձնից, բայց ես միշտ էլ կազմակերպությանս անունով եմ երդվում»:

Իսկ հայրը ծնողական իրավունքներ չունի՞ երեխայի նկատմամբ, չէ՞ որ նա ընդունում է բոլոր տոները: Կինը պատասխանեց. «Ինքն ասեց` ինչ ուզում ես արա, ինձ չի հետաքրքրում»:

Այսպես է մտածում երիտասարդ այս հայուհին, որի ընտանիքը քայքայվեց սեփական կրոնական գաղափարների համար: Նա չի ափսոսում, իսկ դպրոցի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ երեխան, ամեն դեպքում, իրեն օտարված չզգա:  Տնօրենը նույնիսկ երեխաների հետ հանդիպել է ու որոշ պարզաբանումներ արել, երեխաները խոստացել են էլ չծաղրել տղային:

Բայց  հարկ է մտածել ծնող-երեխա փոխհարաբերությունների և նրանց իրավունքների սահմանների մասին: Մտովի պատկերացնենք, թե ինչ կլիներ երեխայի վիճակը, եթե հայրն էլ հակառակը պնդեր: Իսկ ո՞ւր մնաց երեխայի` ընկերների հետ ուրախանալու, ընկերական միջավայրում իրեն դրսևորելու իրավունքը:

Առհասարակ այսպիսի հարցերում անհանդուրժողականության մթնոլորտ չկա, կա օտարացում, հեռացում, մեկուսացում: Եվ մի բան հաստատ կա. կրոնական ցանկացած խմբավորման «առաջատար» անդամ տառապում է աշխարհի վերահաս կործանման մասին իր մարգարեական կանխատեսումներով և ուրիշներին ուսուցանելու զարմանալի մոլուցքով:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի ժամանակ ծնողն արդեն այնքան էր ոգևորվել, որ ցանկանում էր ինձ կամացկամաց ընդգրկել այդ հոգևոր կազմակերպության շարքերը: Բախտս բերեց, որ տնօրենն ինձ կանչեց, և ես ցտեսություն ասացի տիկնոջը:

 

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply