Վազգեն Մանուկյան…մի հսկայական շերտ շահագրգռված է, որ երկրում կարգ ու կանոն լինի, որովհետև դա իրենց ձեռնտու է

Հարցազրույց | | December 10, 2011 14:00

Պարո՛ն Մանուկյան, շատ է խոսվում ազատ ընտրությունների անցկացման անհրաժեշտության և կարևորության մասին: Այժմ մեր հասարակությունը պատրա՞ստ է անցկացնելու ազատ ընտրություններ:

– 80-ականների վերջին, 90-ականների սկզբին մեր հասարակությունը մեծ արագությամբ ընկալում էր ազատության գաղափարը, ժողովրդավարության գաղափարը և 1990-1991 թթ. բավական արագ սովորեց ընտրություններ կատարել,  ու եթե այդ ժամանակ կային թերություններ, ապա չնչին էին և չէին ազդում արդյունքների վրա: 1995-ից կազմակերպված ձևով ընտրությունները գնացին ուրիշ ճանապարհով: Կազմակերպիչը ոչ թե հասարակությունն էր, այլ իշխանությունը: 1995-96 թթ. հասարակությունը, որ պատրաստվում էր ազատ, մաքուր ընտրությունների, շոկային վիճակում էր: Այն ժամանակ կաշառքով չէին ձայն վերցնում. բռնություններ էին լինում, կեղծիքներ, բայց դեռ ժողովուրդն էլ չէր ընկալում, թե ինչպես կարող է իր ձայնը ծախել: Դրանից հետո մենք ունեցանք բազմաթիվ ընտրություններ, և այն, ինչ այժմ կատարվում է ընտրությունների ժամանակ, արդեն դարձել է սովորություն: Դրա դեմ պայքարելը շատ ավելի դժվար է: Այդ տեսանկյունից մեր ժողովուրդն այնքան էլ պատրաստ չէ ազատ, մաքուր ընտրությունների, և ոչ թե այն պատճառով, որ երկար ժամանակ ապրել է տոտալիտար ռեժիմի տակ և չգիտի, թե դա ինչ է նշանակում, այլ ուղղակի իրեն, 1995-ից սկսած, պարտադրեցին այս խաղը, և կամաց-կամաց այն դարձավ սովորություն:

Կարելի՞ է ասել, որ առաջին ընտրակեղծիքները կիրառվել են Ձեր նկատմամբ 1996 թ., երբ հանդես էիք գալիս որպես նախագահի թեկնածու:

– Առաջին կեղծիքները մենք տեսանք 1995 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ առաջին անգամ օգտագործվեցին թաղային հեղինակությունները: Մինչ այդ այդպիսի բան մարդկանց մտքով չէր անցել, որովհետև թաղային հեղինակությունները քաղաքական ուժի նկատմամբ ակնածանքով էին վերաբերվում, 80-ականների վերջին զգուշանում էին, իսկ 90-ականների սկզբին վախով և ակնածանքով էին վերաբերվում: Բայց, փաստորեն, առաջին անգամ օգտագործվեցին թաղային հեղինակությունները: Ես գիտեմ, որովհետև նոր էի թողել պաշտպանության նախարարի պաշտոնը, և իմ թեկնածությունը դրված էր մեր թաղամասում, որտեղ ինձ բոլորը ճանաչում են սկսած դպրոցական տարիներից, և այդտեղ նույնիսկ ֆիզիկական կռիվներ եղան, տուփ փախցնելու փորձ եղավ, տեղական հեղինակությունները եկան և ինձ ասացին, որ իրենք հրաման են ստացել ինձ խանգարելու, և եթե ես տեր չկանգնեմ, իրենք չեն կարող չենթարկվել, որովհետև կարգադրողը ներքին գործերի նախարարությունն է: Այսինքն` ոստիկանությունն էր կազմակերպում այդ իրադրությունները:

Իսկ իմ  նկատմամբ կեղծիքներն իրականացվեցին արդեն 1996 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: 1996 թ. ընտրությունները մի քիչ տարբերվում էին: Այդ ժամանակ ընտրությունները բավականին նորմալ ընթացան, որովհետև իշխանությունները համոզված էին, որ մաքուր ընտրությունների միջոցով Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հաղթի: Նրանք չէին պատկերացնում, թե ինչպես կարող է որևէ մեկը հաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ անակնկալի եկան, երբ ընտրություններին մնացել էր մի քանի օր: Վերջին օրերին նրանց մեջ խուճապ սկսեց, որովհետև սոցիոլոգիական հարցումներն ու ընդհանուր դիտարկումները ցույց տվեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվում է: Բայց նույնիսկ  քվեարկության գիշերը սկսեցին նորմալ հաշվել, և որտեղ հաշվում էին, նա երկրորդ տեղում էր, այդ պատճառով ավելի ուշ փակեցին ընտրատեղամասերն ու սկսեցին առանց մեր ներկայացուցիչների հաշվել քվեաթերթիկները: Այդ տեսանկյունից 1995 և 1996 թվականները մի քիչ տարբերվում էին միմյանցից, բայց այդ ժամանակ հիմքը դրվեց: Եվ հետո այդ երևույթը դարձավ սովորություն:

– 1995-1996 թթ. սկսած` ի՞նչ զարգացումներ ու դրսևորումներ են ունեցել այդ ընտրակեղծիքներն ու խախտումները:

Ես հիմա խոսում եմ ոչ թե որպես ԱԺՄ-ի ղեկավար, այլ որպես Հանրային խորհրդի ղեկավար, և ինձ, այս դեպքում, երևույթն է հետաքրքրում, որովհետև պետք է հանրությանը դուրս բերել այդ վիճակից, և Հանրային խորհուրդը պետք է դրանով զբաղվի: Ինչ վերաբերում է դետալներին, դրանք այս պահին ինձ այնքան էլ չեն հետաքրքրում:

Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել հասարակությանն այդ երևույթից ձերբազատելու համար:

– Ես դժվարանում եմ ասել, որովհետև շատ դժվար է դա կոնկրետ ասել: Մենք մի նոր իրավիճակ ունենք: Նախորդ իրավիճակներում կար իշխանություն, որին մենք մեղադրում էինք,  թե դրդում է այդ կեղծիքները, և կար ընդդիմությամ մի մեծ հատված, որը կա՛մ իշխանության մեջ էր եղել այն ժամանակ, երբ կեղծիքներ չկային, կա՛մ ուղղակի իշխանության մեջ չէր եղել: Եվ նրանց  կեղծիքներ անելը անբնական էր թվում: Կային մի քանի կուսակցություններ, որոնք իսկապես պայքարում էին կեղծիքների դեմ. ԱԺՄ-ն էր, կոմունիստական կուսակցությունն էր, ԱԻՄ-ն էր և էլի մի շարք կուսակցություններ: Այսինքն` կային կուսակցություններ, որոնք, եթե նույնիսկ իրենց շահը պահանջեր և հնարավորություն լիներ, չէին կեղծի հանուն իրենց օգտի: Ցավոք սրտի, զարգացումն այնպես գնաց, որ այդ կուսակցությունների մեծ մասը երկրորդական դեր ստացավ քաղաքական դաշտում: Ընդդիմության մեջ հայտնվեցին մարդիկ և մարդկանց խմբեր, որոնք հենց իրենք էին իշխանության մեջ եղած ժամանակ ակտիվորեն զբաղվել կեղծիքներով: Հետևաբար, եթե մինչ այդ ունեինք իշխանություն, որին մեղադրում էինք կեղծիքների մեջ, և ընդդիմություն, որը, գոնե կարող էինք ասել, կեղծիքների չի մասնակցել, ապա հիմա ամբողջ դաշտն է ծածկված այդպիսի մարդկանցով:

Բայց նույնիսկ այս պայմաններում շատ բան կախված է իշխանություններից: Եթե մի պահ իշխանությունները զոհաբերեն իրենց այդ իշխանություն լինելը և հարց դնեն անցկացնել մաքուր, ազատ ընտրություններ, գուցե և ստացվի: Բայց դա ֆատաստիկ է, որովհետև նույնիսկ լավագույն իշխանությունները չեն փորձում իրենք իրենց վտանգի ենթարկել, չեն փորձում իրենք իրենց զրկել իշխանությունից: Մյուս ճանապարհը հասարակությունն է` հասարակության հասունացումը: Հասարակությունը հեղափոխության միջոցով ոչնչի չի հասնի, վիճակն ավելի կվատանա, որովհետև այն ուժերը չկան, որ հեղափոխությամբ գան, և երկիրը նորմալ վիճակում պահվի: Այդ դեպքում նորից կմտնենք քաոսի մեջ: Մնում է հասարակության հասունացումն ու զարգացումը, որը, կարծում եմ, պահանջում է բավականին ժամանակ: Բայց այդ ուղղությամբ պրոցեսներ կան:

Ի՞նչ գործնական քայլեր են արվում այդ ուղղությամբ:

– Օրինակ` շատ-շատ մարդիկ բավականին հարստացել են, մի կողմ թողնենք, թե ով ինչպես է հարստացել, օրինական ճանապարհո՞վ, թե՞անօրինական, բայց նրանք արդեն կուզեն, որ Հայաստանը լինի օրինական երկիր, որտեղ օրենքները պահպանվեն, որովհետև նրանք իրենց արդեն հավերժ պատկերացնում են այդ վիճակում: Այս մարդկանց համար խիստ վտանգավոր են հեղափոխությունները, կեղծիքները, վտանգավոր է, որ նոր իշխանություն գա և խլի այն, ինչ իրենք ուրիշներից են խլել և այլն: Այսինքն` մի հսկայական շերտ շահագրգռված է, որ երկրում կարգ ու կանոն լինի, որովհետև դա իրենց ձեռնտու է:

Մեզ մոտ միջին խավը, ցավոք սրտի, մի քիչ դանդաղ է ձևավորվում, որովհետև նպաստավոր պայմաններ չեն ստեղծվել: Բայց միջին խավը նույնպես շահագրգռված է: Մենք ունենք հազարավոր երիտասարդներ, ովքեր ավարտել են ուսումնական հաստատությունները, մեկնել են արտասահման, տեսել են նրանց կյանքը և ուզում են, որ մեզ մոտ էլ այդպես լինի: Այս ամենի  շնորհիվ մեզ մոտ ինչ-որ պրոցես կա  հասարակության մեջ: Թե երբ այն հասունացած կլինի, դժվարանում եմ ասել:

Առայժմ ազատ ընտրությունների անցկացման համար չկա՞ն նախադրյալներ:

– Այն, ինչ այժմ կատարվում է ընտրությունների ժամանակ, ես արդեն կեղծիք էլ չէի անվանի: Կարծես պայմանավորվածություն լինի ձայն  տվողների և ձայն պահանջողների միջև: Արդեն կարծես ներքին համաձայնությամբ է ամեն ինչ կատարվում: Դրա համար բոլորովին ուրիշ տերմինոլոգիա է պետք օգտագործել: Այդ իսկ պատճառով ես հիմա չեմ տեսնում, որ մոտակա ընտրությունների ժամանակ ինչ-որ կտրուկ փոփոխություններ լինեն:

Առաջիկա ընտրությունների ժամանակ կարո՞ղ են կրկնվել նախորդ նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումները:

– Եթե ուշադիր լինենք, այդպիսի սուր ընդհարումներ տեղի են ունենում նախագահական ընտրությունների ժամանակ: Սրացումներ եղան 1996 թ., իհարկե, դրա նման չէր, բայց էլի դեպքեր եղան, սրացումներ եղան 2003 թ. և 2008 թ. նախագահական ընտրություններից հետո: Ազգային Ժողովի ընտրություններից հետո այդպիսի ընդհարումներ և շիկացած մթնոլորտ չի լինում: Մի քանի պատճառներով: Առաջին` ժողովուրդը նախագահի պաշտոնին, անկախ նրանից, թե նա ինչ լիազորություններ ունի, վերաբերվում է որպես ռեալ իշխանության, թագավորի, որը կարող է իրավիճակը փոխել` լավացնել կամ վատացնել: Այդ պատճառով  շահագրգռվածությունը շատ ավելի մեծ է: ԱԺ-ն իրականում շատ մեծ դեր ունի իր լիազորություններով, բայց հասարակության կողմից այդպես չի ընկալվում: Եվ դա, կարծես, բարիքի բաժանում լինի: Այսինքն` եթե ես մեկին պատգամավոր եմ դարձնում, ոնց որ նրան լավություն անեմ, հետո էլ նա պետք է ինձ լավություն անի: Այստեղ խաղի կանոններն են մի քիչ այլ, սուր ընկալումներով չեն ընթանում: Եվ  բացի այդ, այս խաղին մասնակցում են արդեն տասնյակ, հարյուրհազարավոր մարդիկ: Եթե նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուն կարող է իր թիմին առաջադրանք տալ մաքուր անցկացնել, ինչպես անցկացնել, ինչ անել կամ չանել, ապա այստեղ արդեն հարյուրավոր, հազարավոր տեղամասերում տեղի է ունենում հազարավոր մարդկանց պայքար: Եվ այնպես չի լինում, որ հենց երկու ուժ առաջ գան, որոնք իրար դեմ լարվածություն ունենան, այլ լինում են բազմաթիվ ուժեր:

Այնուամենայնիվ, առաջիկա նախագահական ընտրություններում այդպիսի հետընտրական սրացումներ հնարավո՞ր են:

– Շատ բան կթելադրվի, կարծում եմ, Ազգային ժողովի այս ընտրություններում, թեև չեմ կարծում, որ շատ անսպասելի բաներ լինեն: Նախագահական ընտրություններին այսօրվա պայմաններում նայելով` չեմ կարծում, որ մեծ ընդհարումներ լինեն, որովհետև մի թեկնածուն շատ բացահայտ է: Իսկ նրան դեմ կանգնած այն թեկնածություններն էլ, որ նույնը կանեն, ինչ 2008 թվականին, ես չեմ տեսնում: Թե ինչ կլինի երկու տարի հետո, դժվար է ասել, բայց ես կարծում եմ, որ այս տեսանկյունից  պրոբլեմներ չեն լինի 2013 թվականին:

Ձեր` որպես քաղաքական էլիտայի ներկայացուցչի մոտավոր պատկերացմամբ` ե՞րբ կլինի այն պահը, երբ Հայաստանում կանցկացվեն իրական ժողովրդավարական, ազատ ընտրություններ:

– Ես կանխագուշակումներ չեմ ուզում անել, բայց, կարծում եմ, որ 2013 թվականից հետո եկող այն ժամանակաշրջանը` այն 4-5 տարիները, որոնց ընթացքում պետք է լինեն Ազգային ժողովի և նախագահական ընտրություններ, բավականին վճռորոշ են լինելու մեր հասարակության համար: Ես համոզված եմ, որ, նախևառաջ, Հայաստանը տնտեսական զարգացում է ապրելու, ինչը շատ կարևոր է, քանի որ, երբ մարդկանց սոցիալական վիճակը լավ է լինում, ավելի հպարտ են լինում և ավելի դժվար են վաճառվում: Նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվում, և նոր նախագահ պետք է ընտրել, և քաղաքական դաշտում էլ որոշ պրոցեսներ կարող են հանգեցնել նոր ուժերի ձևավորման: Արդեն ասացի, որ 2012 թ. լուրջ ցնցումներ չեմ սպասում, 2013 թվականին էլ նորմալ նախագահական ընտրություններ կգնան, բայց այնպիսի բացահայտ մաքրությամբ ընտրություններ, որին մենք բոլորս սպասում ենք, ավելի հավանական եմ համարում արդեն 2013 թվականից հետո:

 


Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply