Նա ծնվել էր խունկի տեղ վառոդ ծխելու…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 7, 2011 7:00

Հայ ազատագրական պայքարի ամենասիրված գործիչներից է Գևորգ Չաուշը (Ղազարյան): Նա ծնվել է 1870 թ., Սասնո Մըկթենք գյուղում: Դեռ պատանի` Գևորգն աչքի էր ընկնում համառ ու անկոտրում բնավորությամբ: Հայրը, սակայն, փափագում էր, որ տղան հոգևորական դառնա, և նրան ուղարկում է Մշո Առաքելոց վանք` ուսում ստանալու: Սակայն տեսնելով տղային` Առաքելոց վանքի վանահայր Հովհաննես վարդապետը մարգարեացավ. «Էս տղայից քահանա չի լինի: Սա ծնվել է խունկի տեղ վառոդ ծխելու…»:

Գևորգը շուրջ երկու տարի անցկացրեց Մշո դաշտում` Առաքելոց վանքի պարիսպների ներքո, բայց երիտասարդի սիրտը Սասնո լեռներում էր, որտեղ արդեն իր համբավն էր տարածել քաջ ֆիդայապետ Արաբոն: Եվ ապագա հերոսը սիրտը բացում է Հովհաննես վարդապետի առաջ: Հայրենասեր վարդապետն օրհնում է Գևորգին ու նրան ծանոթացնում է Արաբոյի հետ: Սակայն, հաշվի առնելով  Գևորգի անփորձությունը,  Արաբոն իր հետ չի տանում Գևորգին, ուղարկում է տուն:

Այստեղ մի դիպված վերջնականապես վճռում է երիտասարդի ճակատագիրը: Երկու քուրդ ավազակ մտնում են Մըկթենք գյուղ, հասնում եկեղեցու բակն ու սկսում թափ տալ ընկույզի ծառը: Գևորգը, առանց հապաղելու, հարձակվում է քրդերի վրա, քշում նրանց և խիստ զայրանում համագյուղացիների վախկոտության ու անտարբերության վրա, իսկ նրա ծնողները, վախենալով Գևորգի բռնկուն բնավորությունից, արգելում են նրան զենք կրել: Խռոված ու զայրացած` Գևորգը լքում է հայրենի տունն ու ուղևորվում Հալեպ: Նա արդեն վերջնականապես ընտրել էր իր ուղին` հայրենիքի պաշտպանությունը: Հալեպում որոշ գումար աշխատելով` զենք է գնում և վերադառնում Սասուն:

1890-ականների սկզբին նոր կազմավորված հնչակյանները, ապա Հայ հեղափոխական դաշնակցությունն իրենց ողջ զինանոցն ու ուշադրությունն ուղղեցին Սասուն` տեղում կազմակերպելու հայության ազատագրական պայքարը: Այդ քաղաքական կարապետներն էին Միհրան Տամատյանն ու Մեծն Մուրադը (Համբարձում Բոյաջյան): Բացի նրանցից, Սասունում արդեն անուն հանած ֆիդայիներ էին Արաբոն, Գրգոն, Գասպարը, Սպաղանաց Մակարը, Մարգար վարժապետը և այլք:

Հայ քաղաքական կուսակցությունների ու ֆիդայիների խնդիրը Սասունի գյուղացիության կազմակերպումն էր, բնակչության շրջանում քարոզչությամբ քաղաքական գիտակցության ձևավորումը, անջատ ուժերի միավորումը, զենք-զինամթերքի ձեռքբերումն ու համընդհանուր ապստամբության նախապատրաստումը:

Միհրան Տամատյանի ջանքերը Սասունում ապարդյուն չեն անցնում, և 1890-ականներին Սասունն ամրակուռ միություն էր` պատրաստ դիմագրավելու թուրքական ճնշումներին:

Հայրական տանը փոքր-ինչ հանգիստ առնելուց հետո,Գևորգ Չաուշը հանդիպում է Տամատյանին և Արաբոյին ու միանում վերջինիս խմբին: Շուտով Գևորգն աչքի է ընկնում Մուշեղաշեն և Վարդենիս գյուղերի մատույցներում թուրքական մեծաքանակ զորամիավորման դեմ մղված մարտերում: Նրա հեղինակությունը ֆիդայիների և ազգաբնակչության շրջանում հետզհետե մեծանում է:

1892 թ. Բերդակ գյուղում դավաճան ռես Կրպոյի մատնությամբ ձերբակալվում և մահվան է դատապարտվում Արաբոն: Դավաճանի ահաբեկումն իր պարտքն է համարում Գևորգ Չաուշը, որ գիշերով մտնում է նրա տուն և ընտանիքի աչքի առջև մորթում նրան:

Գևորգն աչքի է ընկնում հատկապես Շենիկի կռիվներում: Թուրքական զորքն ու քրդական աշիրեթները Բաղեշի կուսակալ Թահսի փաշայի գլխավորությամբ պաշարում է Շենիկն ու պահանջում, որ բնակչությունը հանձնի զենքը, այլապես սպառնում են սրի քաշել մեծից փոքր: Շենիկի դիմադրությունը կազմակերպում է իշխան Գրգոն: Հայերը ոչ միայն հաջողությամբ պաշտպանվում են, այլև հակագրոհի անցնելով` գրավում քուրդ աշիրեթների գյուղերը:

Այս ժամանակամիջոցում Գևորգ  Չաուշը կարողացավ ահաբեկել ու զսպել դավաճաններին, որոնք ամեն պահի իրենց գլխին զգում էին Գևորգի սպառնալից բռունցքը:

1893 թ. հուլիսին սկսվում է Տալվորիկի կռիվը: Թուրքական իշխանությունների դրդմամբ քուրդ աշիրեթները մեծաքանակ զորքով հարձակվում են Տալվորիկը պաշտպանող փոքրաթիվ հայ ֆիդայիների վրա: Համառ մարտերից հետո տալվորիկցիները Գևորգի ղեկավարությամբ փորձում են նահանջել, բայց ժամանակին վրա են հասնում իշխան Գրգոյի զինված ջոկատները ու թիկունքից հարվածում քրդերին: Հայտնվելով աքցանի մեջ` քրդերը հարյուրավոր զոհեր ու  վիրավորներ են թողնում մարտադաշտում ու նահանջում: Տալվորիկի պաշտպանության կազմակերպումը Գևորգ Չաուշի առաջին մեծ, իսկական ճակատամարտն էր:

Գևորգը ձեռնամուխ է լինում Սասունի լեռնականներին զինելու և համընդհանուր դիմադրության պատրաստելու գործին: Նա շենից շեն է շրջում, հանդիպում երիտասարդների, տարեցների հետ, դիմադրության և ըմբոստության կոչեր է անում:

Թուրքերը և քուրդ աշիրեթները վճռական գրոհի են անցնում. տասնյակ հազարավոր ուժերով պաշարում են Սասունը: 1894 թ. հուլիսին Շենիկի գյուղապետ Գրգոյի տանը հավաքվում է ֆիդայիների և ինքնապաշտպանության ղեկավարների խորհրդակցություն: Որոշվում է մարտնչել մինչև վերջին մարդը և թույլ չտալ թշնամուն ծնկի բերել Սասունը: Ընդհանուր հրամանատարը Սեբաստացի Մուրադն էր:

Սկզբից հարձակման են անցնում քրդերը, սակայն Շենիկի տակ արյունահեղ ջարդ են ուտում ու փախչում: Բաղեշի կուսակալ Թահսի փաշան որոշում է գործի դնել կանոնավոր բանակը:

Չնայած հայերի համառ դիմադրությանը` թուրքական կանոնավոր բանակը կարողանում է ճեղքել հայկական սակավաթիվ զինյալների պաշտպանական գիծը: Օգոստոս ամսին հայկական ուժերը նահանջեցին` ամփոփվելով Անդոկի ու Սպաղանքի տարածքում: Հայերն այլևս նահանջի տեղ չունեին, զենքի, զինամթերքի պակասը զգացնել էր տալիս: Իշխան Գրգոն Անդոկի բարձունքներում զոհվում է իր ջոկատի քաջարի ֆիդայիների հետ: Գևորգն ու Մուրադը փոքրիկ խմբով կարողանում են Տալվորիկի ուղղությամբ ճեղքել թշնամու շղթան ու հեռանալ: Սակայն շուտով նրանց շրջապատում է թշնամին ու գերի բռնում:

Թուրքերը ֆիդայիներին կտտանքների են ենթարկում և ուղարկում Բաղեշի բերդը: Թուրքական դատարանը Մուրադին դատապարտում է 101, իսկ Գևորգին ու մյուսներին` 15 տարվա ազատազրկման: Սակայն բանտի պատերը չընկճեցին Գևորգին: Քսան ամիս անց նա ընկերների հետ փախուստի է դիմում: Եվ Սասունի կոտորածից մազապուրծ ու տանջահար բնակչությունը գրկաբաց է ընդունում իր հերոսին:

1897 թ. ծանր էր Գևորգի և առհասարակ ֆիդայական շարժման համար: Սասունում շատ էին դավաճաններն ու մատնությունները: Երկպառակություն է  սկսվում նաև ֆիդայիների մեջ: Պատճառն Աղբյուր Սերոբի մի անհեռատես որոշումն էր: Սասունում տարածված էր աղջիկ առևանգելու սովորությունը, որի պատճառով հաճախակի էին եղբայրասպան կռիվները: Ֆիդայիները ընդհանուր ժողովում որոշել էին, որ այդ սովորույթին վերջ տալու համար պետք է խստորեն պատժել աղջիկ առևանգողներին: Եվ ահա նման քայլ է կատարում Գևորգի հարազատ հորեղբայրը: Աղբյուր Սերոբը հենց Գևորգին է հանձնարարում հորեղբոր պատիժը: Գևորգը, ցավից մռնչալով, բայց առանց երկմտելու, կատարում է Սերոբի հանձնարարությունն ու գնդակահարում է հորեղբորն ու նրա կնոջը: Դրա պատճառով նա խռովում է Սերոբից ու այլևս չի վերադառնում նրա խումբ:

Այնուամենայնիվ, ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի և Սոլնո ձորի կոմիտեն որոշում է ինտենսիվ պայքար սկսել դավաճանների դեմ, ինչպես նաև որոշում է ընդունում ահաբեկել Աղբյուր Սերոբին սպանող քուրդ ցեղապետ  Բշարե Խալիլին: Ֆիդայիները դարանակալում են կիրճի մեջ, սպանում Խալիլին ու նրա հեծյալներին: Բայց Գևորգը դրանով չի բավարարվում և որոշում է մինչև վերջին մարդը սպանել Աղբյուր Սերոբի սպանության մեղավորներին: Այսպես, ծպտվելով քրդի զգեստով, Մուշ քաղաքի կենտրոնում դաշունահարում է դավաճան Ռուբենին:

Թուրքական կառավարությունը որս է սկսում Գևորգի դեմ, բայց ապարդյուն, նա միշտ կարողանում էր խույս տալ հետապնդումներից և որպես վրիժառու միշտ հայտնվում անհրաժեշտ տեղում:

1901 թ. աշնանը Հաջի Հակոբի առաջարկով ֆիդայիները Գևորգ Չաուշի և Անդրանիկի գլխավորությամբ ամրանում են Մշո Առաքելոց վանքում: Նպատակը մեկն էր. թուրքական բանակի դեմ կռիվ տալով` հայ ժողովրդի պայքարի վրա հրավիրել եվրոպական երկրների ուշադրությունը: Մոտ 40 ֆիդայիներ նոյեմբեր ամսին ամրանում են Առաքելոց վանքում և անմիջապես պաշարվում 6000-անոց թուրքական կանոնավոր բանակով: Թուրքերի անընդմեջ գրոհները չեն ընկճում հայերին, և թշնամին ամեն անգամ, հարյուրավոր զոհեր տալով, նահանջում է: Ի վերջո, ֆիդայիները, 22-օրյա կատաղի կռիվներից հետո սպառելով զինամթերքը, մոլորեցնելով թշնամուն, գիշերով ճեղքում են օղակն ու հեռանում:

Առաքելոց վանքի կռվից հետո ՀՅԴ բյուրոն որոշում է նոր ընդհարումների տեղիք չտալու համար հանել ուժերը Սասունից, և Գևորգ Չաուշը հեռանում է Վասպուրական:

Սակայն 1904 թ. կրկին սև ամպեր են կուտակվում Սասունի գլխին: Մարտականչը բոլոր ֆիդայիներին, կռվող խմբերին հրավիրում է Սասուն: Սկսվում է օրհասական կռիվը: Ֆիդայիները հավաքվում են ընտրելու ընդհանուր հրամանատարին: Բոլորը հայացքներն ուղղում են Գևորգ Չաուշին: Սակայն նա վեհանձնաբար առաջարկում է հրամանատար ընտրել Անդրանիկին:

Ինչպես միշտ, թուրքերն առաջինը մարտադաշտ դուրս բերեցին քրդական հրոսակախմբերին: Հայկական ջոկատները նրանց ջախջախում են: Ապա մարտադաշտ են մտնում թուրքական կանոնավոր զորքերը` անվանի հրամանատար Քյոսա Բինբաշու գլխավորությամբ: Գևորգի ջոկատի պաշտպանական դիրքը հարավայինն էր ու ամենաձգվածը` Իշխանաձորից Տալվորիկ: Նրա օգնականներն էին Սմբատ-Մախլուտոն և Սպանաղաց Մակարը: Թնդանոթային նախապատրաստությունից հետո թուրքերն ամբողջ ճակատով հարձակման են անցնում, բայց հայկական ուժերն ամենուրեք քաջաբար դիմադրում են ու հետ շպրտում թշնամուն:

Ապրիլին Գիլեգուզանի ճակատում անհավասար մարտում զոհվում է Հրայր Դժոխքը. ճակատը քայքայվելու վտանգի տակ էր: Սակայն անսպասելի վրա հասած Գևորգն իր խմբով ցրիվ է տալիս թուրքական ջոկատները, և իրավիճակի վերահսկողությունը մնում է հայերի ձեռքին: Գիլեգուզանի կռիվն ամենաորոշիչն էր ապստամբության ընթացքում, և հայերը արժանի ջարդ տվեցին թուրք հրոսակներին:

Սակայն ֆիդայիների ուժերը սահմանափակ էին և աստիճանաբար սպառվում էին: Մինչդեռ թուրքական բանակն օրեցօր համալրում էր ստանում: Ի վերջո, ապստամբ ֆիդայիները, այլընտրանք չունենալով, դադարեցնում են կռիվը և ճեղքելով թշնամու շղթան` ցրվում են:

Ապստամբության պարտությունը դաս էր ֆիդայիների համար: Գևորգ Չաուշի համոզմամբ` հայերը Սասունում հաջողության հասնելու համար պետք է համաձայնության գային քրդերի հետ և համոզեին նրանց` ընդհանուր ճակատ կազմել թուրքերի դեմ: Նա բանակցում էր քուրդ ցեղապետների հետ և ահագին հաջողությունների հասավ այդ առումով:

Ցավոք, մեծ ֆիդայապետի գործը կիսատ մնաց: 1907 թ. մայիսի 25-ին Մշո դաշտի Սուլուխ գյուղում թշնամու մեծաքանակ ուժերը շրջապատեցին Գևորգ Չաուշի խմբին: Անհավասար մարտում քաջարի հայդուկը վիրավորվեց: Երկու օր անց Սուլուխի կամրջի տակ գտնվեց հերոսի դին:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3145 անգամ:
Print Friendly

Leave a Reply