Հայկական խոհանոցը կհայտնվի Բեռլինի կինոփառատոնում
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | December 4, 2011 14:00
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպությունը հուլիսի 14-ին Սարդարապատի հուշահամալիրում անցկացրեց Տոլմայի փառատոն, որի գործընկերն էր այդ օրերին ընթացող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնին մասնակցող ականավոր կինոգործիչներն անգամ ընդգրկվեցին Տոլմայի փառատոնի ժյուրիի կազմում:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ղեկավար Հարություն Խաչատրյանը մեզ հայտնեց, որ այսուհետ Տոլմայի փառատոնը մշտապես կանցկացվի «Ոսկե ծիրանի» շրջանակներում, ինչը, ըստ նրա, կինոփառատոնին ազգային համուհոտ կհաղորդի: «Քանի դեռ կա «Ոսկե ծիրանը», մենք կհամագործակցենք Տոլմայի փառատոնի հետ,- ասաց նա,- երկու համով բան կարելի է միացնել, մանավանդ որ մեր փառատոնը հեղինակային կինոյի փառատոն է, որը շատ բարդ բան է, իսկ Տոլմայի փառատոնը կջերմացնի ու կթեթևացնի այն»:
Խաչատրյանը նշեց, որ Տոլմայի փառատոնն այնքան է դուր եկել իրենց արտասահմանցի գործընկերներին, որ նրանք հետաքրքրվել են, թե հաջորդ տարի կարո՞ղ են արդյոք մասնակցել փառատոնին: Նրա խոսքով, խոհանոցը սկսել է հետաքրքիր դառնալ արվեստի համար, որովհետև դա էլ արվեստի մի տեսակ է: «Վերջերս աշխարհում կինոփառատոները համագործակցում են խոհարարների հետ: Օրինակ` Բեռլինի փառատոնը սկսել է նման մի ծրագիր` հատուկ փառատոն խոհանոցի մասին»:
Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ նախատեսում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ քննարկել հայկական ազգային խոհանոցի մասին ֆիլմ նկարահանելու և այն Բեռլինի փառատոնին ներկայացնելու հարցը: «Դա կարող է լինել հենց Տոլմայի փառատոնի մասին պատմող ֆիլմ»,- ասաց նա:
Ըստ Խաչատրյանի` այդ ֆիլմը ոչ միայն հայկական ազգային խոհանոցը, այլև Հայաստանն ու հայկական մշակույթը ներկայացնելու լավ առիթ կլինի: «Եթե մինչև հաջորդ տարվա վերջ հասցնենք ֆիլմը նկարահանել, ապա կարող ենք այն ուղարկել Բեռլինի փառատոն, որն անցկացվում է հունվար-փետրվար ամիսներին»,- ասաց նա` հավելելով, որ պետք է այնպիսի ֆիլմ ստեղծել, որ անպայման վերցնեն, քանի որ դա ոչ միայն մշակութային, այլ քաղաքական լուրջ քայլ կլինի:
Հարություն Խաչատրյանը պատմեց նաև կինոփառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի տպավորությունները հայկական խոհանոցի մասին: Ծրագրով նախատեսված է, որ ամեն երեկո հյուրերը պետք է ծանոթանան հայկական որևէ կերակրատեսակի: Հարություն Խաչատրյանի խոսքով, արտասահմանցի հյուրերին շատ են դուր եկել հատկապես տոլման ու խորովածը: «Ի դեպ, ասում էին, որ ոչ մի երկրում այսպիսի համեղ խորոված չեն կերել, և դա բացատրում էին կա՛մ մսի որակով, կա՛մ փայտի տեսակով,- ասաց նա,- շատ են հավանել նաև հայկական խոտաբույսերով աղցանները: Իսկ, օրինակ, հարիսան կերան և հարցրին, թե սա ինչո՞վ կաշա է: Կարծում եմ` հարիսան կաշայի հետ խառնելը մի քիչ վիրավորական է: Եթե դա էլ ճիշտ մատուցվի, ներկայացվի հարիսայի պատրաստման եղանակը, դրա հետ կապված ավանդույթները, ավելի մեծ տպավորություն կթողնի»:
Հյուրերին նաև Արագածի լանջերին խաշ են հյուրասիրել. մի մասը հիացել է, ոմանք էլ վախեցել են, քանի որ ճաշատեսակը եվրոպացու համար փոքր-ինչ կոպիտ ու վայրի տեսք է ունեցել: Կազմակերպվել են նաև կոնյակի և գինու երեկոներ. ինչ խոսք, գինին և կոնյակը շատ են հավանել, բայց հյուրերի վրա մեծ տպավորություն է թողել նաև հայկական ծիրանի օղին:
Վերջում Հարություն Խաչատրյանը խորհուրդ տվեց հայկական զբոսաշրջության ընկերություններին կազմակերպել հատուկ խոհանոցային պտույտներ Հայաստանի տարբեր բնակավայրերում` նշելով, որ աշխարհի շատ երկրներում գոյություն ունի հատուկ խոհանոցային տուրիզմ, ինչը հաջող բիզնես է:






Facebook
Tweet This
Email This Post
