Ալոպեցիա. բուժումը ժողովրդական միջոցներով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 3, 2011 11:20

Ալոպեցիան հիվանդություն է, որն ուղեկցվում է մազաթափությամբ: Այն մի քանի տեսակ ունի: Բժշկությունն ընդունում է հիվանդության 2 հիմնական տեսակ: Օջախային ալոպեցիան ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ այն ժամանակ է ի հայտ գալիս, երբ իմունիտետն  ինչ-որ հիվանդագին երևույթների հետևանքով գրոհում է մազապարկերի վրա ու հանգեցնում  դրանց թուլացման կամ թափի: Անդրոգեն ալոպեցիան  մազերի կորստի ժառանգական ձև է, որի պատճառը գենետիկ նախատրամադրվածությունն է:

Մազաթափության պատճառները

Մազաթափություն կարող է առաջանալ զանազան պատճառներով. մաշկի, մազերի կառուցվածքի ու մազապարկերի վնասման , սնկային վարակների,  տարիքային կամ   ժառանգական գործոնով պայմանավորված, հիվանդությունների,  որոշ դեղորայքի ընդունման (օրինակ` քիմիաթերապիա), թերսնման, աուտոիմունային հիվանդությունների հետևանքով:  Օջախային ալոպեցիայի դեպքում  կանանց մազերը կարող են թափվել որոշ մասերում, ընդ որում` ոչ միայն գլխի, այլև` ողջ մարմնի: Անդրոգեն ալոպեցիայի ժամանակ մազերը բարակում են ու թափվում: Տղամարդկանց մոտ դա որոշվում է տղամարդու տիպի ճաղատացմամբ, իսկ կանանց մոտ այդ երևույթն անվանում են դիֆուզիոն մազաթափություն: Ալոպեցիայի անդրոգեն տեսակի 60%-ը հիմնականում հանդիպում է տղամարդկանց մոտ:

Մազաթափության ախտանշանները

Մազաթափությունը կարող է մի քանի ախտաբանական դրսևորումներ ունենալ, որոնք սկզբում աննկատ են: Տղամարդու տիպի մազաթափություն է համարվում , երբ վառ արտահայտված նոսրացում  կամ գլխի վերին հատվածի  մազերի լրիվ բացակայություն է լինում: Կանանց մոտ նույն երևույթին հատուկ է մազերի բարակելը, հատկապես  գխի վերին հատվածում: Երեխաների մոտ օջախային ալոպեցիան  ավելի հաճախ է հանդիպում: Բնորոշվում է մազերի փխրունությամբ, կամ ձգելիս հեշտությամբ պոկվում են: Հատուկ են նաև տեղ- տեղ շրջանաձև լերկացած հատվածները:

Ալոպեցիայի ձևերը

Ալոպեցիան հաճախ դրսևորվում է ոչ թե որպես  հիվանդություն, այլ` ախտանշան: Ուստի հարկավոր է տարբերել  բնածին ալոպեցիան, որի ժամանակ դիտվում է մազերի մասնակի կամ ընդգծված նվազում: Հիմնականում ալոպեցիայի այդ տեսակն ուղեկցվում է զարգացման այլ շեղումներով: Անդրոգեն ալոպեցիան կարող է առաջանալ ներզատիչ համակարգերի խախտումների հետևանքով: Այն հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Անդրոգեն ալոպեցիան առաջանում է  ինչպես ներքին, այնպես էլ արտաքին  ախտաբանական երևույթների հետևանքով: Օջախային ալոպեցիա կարող է առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ` ներառյալ ժառանգականությունը, սթրեսներն ու հիվանդությունները: Կան մի շարք պատճառներ, որոնց հետևանքով կարող են մազերը թափվել անվերադարձ:

Ախտաբանական ալոպեցիան կարող է առաջանալ ինչպես ներքին գործոնների ազդեցությամբ, այնպես էլ արտաքին ազդակների հետևանքով: Երեխաների մոտ այն, օրինակ, կարող է առաջանալ վիտամինների պակասի  պատճառով: Իսկ այնպիսի գործոններ, ինչպիսիք են քիմիաթերապիան, հղիությունը, սթրեսները, նույնպես կարող են  հանգեցնել լուրջ խնդիրների:

Ճարպահոսությամբ (սեբորեա) ալոպեցիա. կարող է սեբորեայի ախտանշան լինել կամ ուղեկցվել թեփով, քորով ու այդ հիվանդության այլ դրսևորումներով: Այս դեպքում հիվանդության պատճառ են մազերի ոչ ճիշտ խնամքը, սնկային վարակները: Այս տեսակը բուժվում է  սեբորեայի հետ, ու մազարմատներն էլ բուժումից հետո վերականգնվում են:

Ծերունական ալոպեցիա. առաջանում է օրգանիզմի ընդհանուր թուլացման  ու ծերունական փոփոխությունների հետ: Շատ տարածված է երկու սեռերի շրջանում: Ալոպեցիայի այս տեսակի առաջին նշաններն արդեն նկատելի են 50-ից հետո: Ժամանակից շուտ, երիտասարդ տարիքում ալոպեցիան կարող է առաջանալ ժառանգական նախատրամադրվածության, հղիության ու սննդակարգերի հետևանքով:

Բուժումը ժողովրդական միջոցներով

Ալոպեցիան բուժելու համար կարելի է կիրառել ավանդական ու ինքնատիպ Ժողովրդական միջոցներ: Ու հնարավոր չէ ասել, որ բուժումը հարյուրտոկոսանոց արդյունք կտա: Որովհետև այն, ինչը մեկին օգուտ կարող է տալ, մյուսի դեպքում անարդյունք  կարող է լինել, իսկ որ ավելի վատ է` կարող է խնդիրը սրել: Այդուհանդերձ, ալոպեցիայի բուժման ժողովրդական միջոցները կարելի է ու պետք է առաջարկել:

Տաքդեղով բուժում. սա թերևս ալոպեցիայի բուժման ամենատարածված եղանակն է: Հնուց գիտեին ինչպես կարելի է տաքդեղով ալոպեցիա բուժել: Տաքդեղը գրգռում ու ապահովում է արյան հոսքը մազարմատ: Այն իսկապես էլ կարող է ամրացնել մազարմատն  ու կարգավորել աճը: Այսօր դեղատներում էլ կան բազմաթիվ միջոցներ, տաքդեղի թուրմեր, սակայն այն կարելի է նաև տնային պայմաններում պատրաստել:

Բաղադրությունը` օղի  100գ, մեկ կարմիր տաքդեղ (մեծ), մեկ պճեղ սխտոր:

Պատրաստման եղանակը` տաքդեղը մանր կտրատել ու վրան օղի լցնել: Մեկ օր սառը տեղ դնել: Ներմերսել մազարմատները, ինչից հետո մաքրած սխտորի ծայրը կտրել, սեղմելով հյութը հանել ու քսել տուժած մազարմատներին: Այս միջոցը կարելի է կիրառել որպես կանխարգելիչ միջոց:

Հաջորդ բաղադրատոմսը տատրակենու թուրմն է: Այն շատ օգտակար դեղաբույս է, որն օգնում է պայքարելու ներքին ու արտաքին որոշ հիվանդությունների դեմ: Սակայն այն  օգտագործելու համար պետք է համոզվել, որ ալոպեցիայի պատճառը վերացել է, հակառակ պարագայում բուսաբուժությունն աննպատակ կլինի: Այս բույսից թունդ եփուկ պատրաստելու համար պետք է 3 ճաշի գդալ բուսահումքի վրա 1 լիտր  եռացրած ջուր լցնել ու կրկին եռացնել 5 րոպե: Շաբաթական 3 անգամ մազերը ողողել ստացված եփուկով: Սա լավ է նրանով, որ արտահայտված հաճելի հոտ է հաղորդում ու մազերի ընդհանուր վիճակն է բարելավում:

Եղինջ. հաճախ է օգտագործվում մազերի հետ կապված խնդիրների լուծման ժամանակ: Եղնջի թուրմն ամրացնում է մազարմատները, արագացնում ու բարելավում աճը, մազարմատների վիճակի վրա ընդհանուր բարերար ազդեցություն է ունենում: Եղնջի եփուկը գրեթե բոլորին է առաջարկվում: Ցավոք, եղինջը չի վերականգնում թափած մազերը, այլ պարզապես  ամրացնում է մազարմատները: Եղնջի թուրմը պատրաստվում ու կիրառվում է այնպես, ինչպես տատրակինը: Մեկ ժամ թրմելուց հետո քամել, գլուխն այդ եփուկով ողողել 1-2 օրը մեկ:

Սնունդը

Սնունդը կարող է ալոպեցիայի պատճառ լինել, երբ օրգանիզմ բավականաչափ միկրո- և մակրոտարրեր մուտք չեն գործում, նա կարող է «վրեժ» լուծել մազաթափությամբ: Ուստի բուժման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն բուժման ու արտաքին օգտագործման միջոցներին, այլև` սննդին: Հնարավոր է, որ դա շատ լավ արդյունք տա: Այուրվեդան շատ լավ խորհուրդներ է տալիս նրանց, ովքեր ցանկանում են առողջ ու ամուր մազեր ունենալ: Նա ասում է, որ դրա համար քաղցր ու հյութեղ մրգեր է պետք ուտել, ինչպես նաև` կանաչ բանջարեղեն, թարմ կոկոս,  զեյթունի ձեթ: Բարերար ազդեցություն է ունենում կաթնամթերքի ողջ գունապնակը` սկսած  կովի կամ այծի թարմ կաթից և վերջացրած պանիրներով: Ալոպեցիայի ընթացքում խորհուրդ է տրվում լրիվ հրաժարվել պահածոներից, սառն ուտելիքից, տապակած սննդից, շաքարից: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ընդունել կալցիում ու մագնեզիում:

Ալոպեցիայի բուժումը, մազերի հիգիենան

Մազերի վիճակը մեր ներքին ու արտաքին ազդակներով է պայմանավորված: Եթե շամպունի վրա հանդիպեն DEA, sodium lauryl sulphate նշումները, ապա իմացեք, որ դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ: Բացի այդ,  անմիջապես լվանալուց առաջ գլուխը մերսեք կոկոսի, գերչակի, բազուկի յուղերով:

 

Դիտվել է 12897 անգամ:
Print Friendly

Leave a Reply