«Գնա- գնա’, արի-արի’, ծալի’ տակը…»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Գևորգ Ավչյան | December 5, 2011 7:00
Երևանի ավտոկայանատեղիների մեծ մասում վարորդները ստիպված են վճարել` չիմանալով, թե ինչի համար և ում:
Յուրաքանչյուր վարորդի գոնե մեկ անգամ պատահած կլինեն ավտոկայանատեղիների հսկիչները: Մեքենան կայանելիս ոչ ոք չի երևում, բայց հենց գալիս է կայանման վայրից դուրս գալու ժամանակը, հանկարծակի հայտնվում են գունավոր վերնահագուստով «ստայանշչիկներն» ու պահանջում 100, երբեմն նաև մինչև 300 դրամ: Կամ որտեղ էլ կայանես մեքենադ, պարզվում է, որ վճարովի ավտոկայանատեղի է: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ավտոկայանատեղիները հեռվից, գոնե մոտենալիս երևում են, որովհետև համապատասխան նշաններ են դրված, իսկ այնտեղ իրենց մեքենաները կայանել ցանկացողները հաստատ գիտեն, որ ոչ ոք իրենց չի խաբում: Ավելին` դա բիզնեսի մի տեսակ է համարվում, որից ստացվող շահույթները բավականին մեծ են: Հետևաբար նաև` վճարվող հարկերը:
Հայաստանում այս հարցը մի շարք բացեր ունի: Նախ` մինչև հիմա Հայաստանում հստակեցված չէ, թե որոնք են համարվում վճարովի ավտոկայանատեղիներ, որոնք` անվճար, ինչպես պետք է կանոնակարգվի այդ ավտոկայանատեղիների գործունեության ոլորտը, հստակեցված չեն սակագները: Նույնիսկ կայանատեղիները, որպես այդպիսիք, գրանցված էլ չեն լինում:
«Այս պահին գործող ավտոկայանատեղիները, ըստ էության, օրենքի շրջանակներում վարձակալության տրված տարածքներ են: Վարչական շրջաններն են այդ տարածքները տալիս վարձակալության: Բայց այնտեղ հստակ չի նշվում տարածքի կոնկրետ օգտագործման նպատակը: Եթե դա օրենքին չի հակասում, ապա ոչ ոք չի կարող առարկել. նույն ավտոների կայանումը ևս օրենքով արգելված չէ»,- հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Ահա և վարորդների ճնշող մեծամասնությունը սուսուփուս վճարում է կայանատեղու հսկիչի պահանջած գումարը` չիմանալով` դա օրինակա՞ն գործունեություն է, թե` ոչ: Եվ միայն չնչին թվով վարորդներ են լինում, որ առարկում են: Բայց սա այն դեպքն է, որ ոչ թե վճարող մեծամասնությունն է ճիշտ վարվում, այլ առարկող փոքրամասնությունը: Ինչպես խորհուրդ տվեց Արթուր Գևորգյանը, պետք է այդ մարդկանցից պահանջել կտրոն. «Քանի որ ինքը ևս հարկվող գործունեություն իրականացնող է, մեր քաղաքացիներն էլ պետք է նախանձախնդիր լինեն և պահանջեն կտրոնները, իսկ նրանք պարտավոր են այդ կտրոնները տրամադրել: Կտրոնները պահանջելու դեպքում միայն հստակ կարելի է տեսնել` այդ մարդն իրականում տվյալ գործունեությունը ծավալելու իրավասություն ունի, թե` ոչ: Այնպես չէ, որ յուրաքանչյուրը, ով ուզում է, կարող է տվյալ գործունեությունը ծավալել»,- նշեց նա:
Իսկ ավտոկայանատեղիների հսկիչները մեծ մասամբ հոժար չեն կտրոններ տրամադրել, լինի ՀԴՄ կտրոն, թե «ամենաստից» թերթիկ, որն ընդունված է ամբողջ աշխարհում: Երբ նման մարդկանցից մի քանիսին (14 հոգու) հարցրեցինք, թե ինչու չեն տրամադրում կտրոնները, նախ չուզեցին ներկայանալ, հետո ասացին. «Մենք մեր գլխու ոչ մի բան չենք անում, ախպե’ր ջան, ի՞նչ ես ուզում մեզանից, մի կտոր հացի փող ենք աշխատում, թո’ղ հանգիստ աշխատենք…»: Բոլորն էլ քթի տակ ասում էին, որ իրենք փող են վճարում «ստայանկի տիրոջը», նա էլ իր հերթին համապատասխան տեղեր է «փայ» հասցնում, ու բոլորը բոլորից գոհ են, ոչ ոք մեղավոր չէ:
Քանի որ օրենքը չի արգելում Երևանի վարչական շրջաններից տարածք վարձակալել, օրինակ` մայթ, ու այն օգտագործել որպես ավտոկայանատեղի, ստացվում է, որ Երևանում բոլոր օբյեկտների տերերն են վարձակալությամբ վերցնում իրենց օբյեկտին հարող ազատ հողատարածքները կամ փողոցի հատվածը և օգտագործում որպես ավտոկայանատեղի:
Մեզ չհաջողվեց պարզել այդ «փայ տալու» մեխանիզմներն ու հասցեատերերին:
Հայկական ավտոկայանատեղիները մի առանձնահատկություն էլ ունեն. մեկ րոպե ես կայանել, թե մի քանի ժամ, միևնույն է, գումար ես տալիս կոնկրետ ավտոկայանատեղի համար որոշված արժեքին համապատասխան: Մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ եթե հանկարծ կայանած մեքենային բախվի մեկ այլ մեքենա, ապա վթարված մեքենայի տերը կարող է նաև չգտնել հսկիչին: Էլ չխոսենք այն մասին, որ եթե նույնիսկ ավտոկայանատեղին գրանցված է որպես այդպիսին, ոչ ոք չի կարող հստակ ասել, թե այնտեղ որքան մեքենա է կայանել, և տնօրինողն ինչքան հարկեր պետք է մուծի:
Այս բոլոր երևույթները բացատրվում էին օրենքի բացակայությամբ: Բայց այս տարվա հուլիսին այս ոլորտը կարագավորող օրենք էլ ընդունվեց Ազգային Ժողովի կողմից:
«Դրա կիրարկումը, ըստ էության, ենթադրում է որոշակի ենթաօրենսդրական ակտերի ներառում, ինչպես նաև կառավարության որոշումներ: Բայց քանի որ դա այս պահին դեռևս քննարկման փուլում է, ամբողջացումից հետո նոր միայն կդրվի կիրարկման մեջ: Այսօր ասել, որ ավտոկայանատեղերի մասով ինչ-որ որոշակի լուծումներ կան, դեռևս վաղ է, քանի որ բացի դրանից, նաև օրենքի պահանջով պետք է սահմանվի վարձավճարի չափը: Օրենքը սահմանում է մաքսիմումը` մինչև 400 դրամ` մեկ ժամի համար, բայց համայնքների ավագանիներն իրենց որոշումներով են սահմանելու այդ վարձավճարների չափերը»,- ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Նա հայտնեց նաև, որ Երևանի ավագանին որոշում է կայացրել, որ երբ հայտարարվի ավտոկայանատեղերի մրցույթը, այն միջազգային լինի: Այսինքն` աշխարհում նման փորձառություն ունեցող հայտնի ընկերությունների ներգրավում:






Facebook
Tweet This
Email This Post
