Երրորդ գոտուց դուրս գալու խնդիրը ձգձգվում է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 2, 2011 15:11

Ձիասպորտն աշխարհում մեծ մասսայականություն է վայելում: Վերջին տարիներին մեր երկրում էլ հիմնավոր քայլեր են կատարվում այն զարգացնելու ուղղությամբ: Երևանում գործում է ժամանակակից ձիարշավարան, ձիասպորտի ակումբներ են հիմնվել ոչ միայն մայրաքաղաքում, այլև տարբեր մարզերում, մարզիչների որակավորման բարձրացման դասընթացներ են կազմակերպվում: Այժմ էլ մտածում են, թե ինչպես կարելի է ձիասպորտի տեխնիկական բազան վերազինել, ավելի ազնվացեղ ձիեր ունենալ, նաև նժույգավարգի մրցումներ կազմակերպել:

Այս ամենի համար խոշոր ներդրումներ են պահանջվում: Գաղտնիք չէ, որ ձիասպորտը մեծ ծախսերի հետ է կապված:

Մրցաշրջանը մոտենում է ավարտին և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ի մի է բերել տարվա ընթացքում կատարած աշխատանքները:  Անցկացվել են մի շարք ստուգատեսներ, որոնց մասնակցել են մեր երկրի տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Մի շարք մրցաշարերում պարգևատրման խոշոր հիմնադրամներ են սահմանվել: Եվ մեկուկես տասնյակից ավելի ձիասպորտի ակումբներ են մասնակցել այդ մեկնարկներին:

Մեր մարզիկները հաջողությամբ են իրենց կարողությունները փորձել նաև միջազգային մրցաշարերում:  Օրինակ` Գևորգ Հովհաննիսյանը «Տյուբինգ» նժույգով հաղթող է ճանաչվել արգելքների հաղթահարման Կովկասի գավաթի խաղարկությունում, որն աշխարհի գավաթի փուլերից մեկն է: Նա  ոչ միայն նվաճել է «Մեծ մրցանակը», այլև դրամական խոշոր պարգևի է արժանացել: Վերջին տարիներին  մեր երկրի այս մրցաձևի ներկայացուցիչներն այդպիսի հաջողություն չեն ունեցել:

Հաջող մրցելույթ է ունեցել նաև Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Քերի Աղաջանյան-Շոպֆը: Նա մասնակցել է 2012-ին Լոնդոնում կայանալիք  օլիմպիական խաղերի  վարկանիշային 7 մրցման և  միավորներ է վաստակել: Աղաջանյանը տպավորիչ մրցելույթ է ունեցել հատկապես Լյուքսեմբուրգում կայացած նժույգավարության «Գրան պրի» մրցաշարում և «Դրեսաժ» ոճի  մրցումներում «Ֆրանսիսկո Օուլդ» նժույգով գրավել է 2-րդ տեղը: Հայկական ձիասպորտի տարեգրությունում սա ամենամեծ հաղթանակն է: Մինչև օլիմպիադայի մեկնարկը  7 վարկանիշային մեկնարկ կա, և փորձառու մարզուհին մասնակցելու է վարկանիշային ևս 4 մրցման: Հույսեր կան, որ նա կկարողանա Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Ի դեպ, օլիմպիական խաղերի նժույգավարության մրցումներին 36 մարզիկ է մասնակցելու: Ընդ որում, նրանցից 32-ն ընտրվելու են թիմային մրցումների արդյունքով: Փաստորեն 4 թափուր տեղ կա: Այդուհանդերձ, վստահությունը մեծ է, որ Աղաջանյանը կկարողանա կատարել առաջադրանքը:

Օրերս Ռիո դե Ժանեյրոյում անցկացվել է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ընդգրկված է 3-րդ գոտում, որում ևս 14 երկիր կա: Մեր գոտում են Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը, Աֆղանստանը, Պակիստանը, Իրանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Ղազախստանը:

Գոտու ղեկավարը  Ղազախստանի ներկայացուցիչ է, և  միջազգային մրցումները հիմնականում անցկացվում են Միջին Ասիայի  կամ ավելի հեռավոր երկրներում: Հայաստանը մեծ անհարմարություններ ունի  այդ մցումներին մասնակցելու համար: Եվ հետևանքն այն է, որ մերոնք այդ ստուգատեսները բաց են թողնում:

Արդեն 6 տարի է, ինչ մերոնք պայքարում են այդ գոտուց դուրս գալու համար: Բանն այն է, որ մեր երկրի ներկայացուցիչների համար ավելի հեշտ է Եվրոպա գնալ: Ընդ որում, ձիեր տեղափոխելու խնդիր էլ կա: Բացի այդ, Ֆրանսիայում ունենք հայկական ակումբ, որի հետ համատեղ ծրագրեր են իրականացվում: Նպատակահարմար է, որ մերոնք եվրոպական գոտիներում ընդգրկված լինեն: «Բրազիլիայում կայացած Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի վերջին համաժողովում մեր երկրի ձիասպորտի ֆեդերացիան սկզբունքային հարց է բարձրացել, որ Հայաստանի համար նպատակահարմար չէ այդ գոտում մնալը: Խնդիրը հրատապ է, սակայն այն  լուծելու համար որոշ ժամանակ կպահանջվի»,- հայտնեց Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը:

Ի դեպ, 2012-ի մարտին Հայաստանում անցկացվելու է մարզչական միջազգային սեմինար, որին մասնակցելու են ոչ միայն մեր, այլև 3-րդ գոտու երկրների ներկայացուցիչները:

Հայաստանի հավաքականի կազմում փորձում են ներգրավել Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներին, սակայն նրանք Հայաստանի հավաքականում կընդգրկվեն միայն այն դեպքում, եթե մրցանակակիր դառնան մեր երկրի առաջնությունում: Բացի այդ, մարզիկները պետք է պարտավորվեն մեր երկրում իրենց փորձն ու հմտությունները հաղորդել  երիտասարդ մարզիկներին, անցկացնեն անվճար վարպետության բարձրացման դասընթացներ:

Սերտ կապ է ստեղծվել Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ: Այդ երկրում կա ձիասպորտի գերատեսչություն: Այս տարվա ամռանը Հայաստան այցելեց Ֆրանսիայի կառավարության ձիասպորտի հարցերի վարչության պետ Ջին Լեշեն, որը տեղում ծանոթացավ իրավիճակին և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեց, թե ինչ կարելի է անել, որ ձիասպորտը Հայաստանում զարգանա:

 

 

 

 

 

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply