Կասկածելի բարեփոխումներ
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | December 4, 2011 7:00
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում եզրափակիչ փուլի ուղեգրի չարժանացան, սակայն իրենց տպավորիչ խաղով ոգևորել են մեր մարզասերներին: Այդուհանդերձ, ունենք այնպիսի ակումբային ֆուտբոլ, որ միայն տխրելու առիթ է տալիս:
Իրականությունն այն է, որ Հայաստանի առաջնության խաղերին սակավաթիվ հանդիսականներ են ներկա գտնվում, եվրոպական ստուգատեսներում էլ մեր թիմերը միայն անփառունակ մրցելույթներ են ունենում: Իսկ առավել անհանդուրժելին այն է, որ բոլորը համակերպվել են այս իրողության հետ և այն որպես օրինաչափություն են ընկալում:
Օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն բարեփոխումների նպատակով նոր որոշումներ ընդունեց, որոնք, սակայն, տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեցին, քանի որ դժվար է ասել, թե դրանք ինչքանով են նպատակահարմար հայկական ակումբային ֆուտբոլը ստեղծված իրավիճակից դուրս բերելու և հիմնախնդիրները հաղթահարելու համար:
Եվ ահա վճռվել է, որ այսուհետ մեր երկրի առաջնությունն անցկացվելու է աշուն-գարուն մրցակարգով: Ի դեպ, սա նորություն չէ. երկրների մեծ մասում, այդ թվում նաև եվրոպական, այս համակարգը կիրառվում է: Իսկ Հայաստանում այն փորձարկվել է դեռ ՀՖՖ գործկոմի 1994 թ. որոշումից հետո: Եվ քանի որ այն չի արդարացրել իրեն, 3 տարի հետո կրկին անցել են հին, ստուգված տարբերակին: Որևէ երաշխիք չկա, որ կրկին նույն պատմությունը չի կրկնվի: Ի դեպ, փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ մեր երկրի խաղադաշտերն աշնանն ավելի լավ վիճակում են, քան գարնան սկզբին:
Ի դեպ, փոփոխություն է կատարվել նաև Հայաստանի գավաթի խաղարկությունում, և 2012-ի մրցաշարի մեկնարկը տրվել է այժմ:
Տարօրինակն այն է, որ որոշ թիմեր արգելել են իրենց խաղադաշտերում գավաթային հանդիպումներ անցկացնել: Մտավախությունն այն էր, որ դրանք կարող են շարքից դուրս գալ: Ստացվում է, որ խաղադաշտերի առումով էական տարբերություն չկա` Հայաստանում մրցաշրջանը կսկսվի աշնա՞նը, թե՞ գարնանը:
Մյուս նորամուծությունն այն է, որ արգելվել է Հայաստանի առաջնությանը մասնակից դարձնել օտարերկրացի դարպասապահների: Ինքնին հարց կարող է ծագել, թե ինչու ենք հրաժարվում բաձրակարգ դարպասապահների ծառայությունից: Պարզվում է, որ դա էլ արվում է Հայաստանի հավաքական թիմերի շահերից ելնելով, որպեսզի մեր դարպասապահները պահեստայինների նստարանին չմնան և խաղալու հնարավորություն ստանան, մրցափորձ կուտակեն: Ասենք, որ օտարերկրացի դարպասապահների նկատմամբ նման սահմանափակում կիրառվում է միայն Իրանի բարձագույն խմբի առաջնությունում:
Այս առաջարկը հիմնականում պնդել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Երբ նրան հարցրինք, թե ինչքանով է նպատակահարմար այդպիսի արգելքը, և արդյոք այն պատճառ չի՞ դառնա, որ եվրոպական գավաթային մրցաշարերի մասնակցող մեր թիմերն ավելի անհաջող հանդես գան և շատ ավելի մեծ թվով գնդակներ իրենց դարպասները թողնեն, Մինասյանը հայտնեց, որ մեր երկրի ակումբները, միևնույն է, վատ են մասնակցում եվրոպական ստուգատեսներին, և որպես կանոն` սպասելիքներ չեն լինում:
Ասվածը, իհարկե, ճշմարտություն է: Եվ ստացվում է, որ հայկական ակումբային ֆուտբոլը հետին պլանում է: Բայց եթե Հայաստանի ազգային հավաքականի տպավորիչ խաղերի համատեքստում այսպիսի խոստովանությունն այժմ ականջ չի ծակում, ապա հետագայում գուցե մեր հավաքականին ընդհանրապես բախտը չժպտա, և հայտնվենք կրկնակի տխուր` ոչինչ չունեցողի վիճակում:
Ի դեպ, այս որոշումով ոտնահարվել են նաև ակումբների իրավունքները, քանի որ որոշ թիմերի ղեկավարների կնքած պայմանագրերն օտարերկրացի դարպասապահների հետ դեռևս չեն ավարտվել: Ակումբները փաստի առաջ կանգնեցին: Բայց Մինասյանը կարծում է, որ արտառոց ոչինչ չկա, քան որ մեր ֆուտբոլային հաջողությունները հիմնականում հավաքականի հետ են կապվում, և դրանով էլ պետք է առաջնորդվել:
Փոփոխություն է նաև այն, որ եթե Մինասյանը միաժամանակ կատարում էր Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչների պարտականությունները, ապա այժմ նա իր տեղը ակումբում զիջելու է Սուրեն Չախալյանին:
Մեր այն հարցին, թե արդյոք Մինասյանն իրեն քիչ ծանրաբեռնված չի՞ զգա, մասնագետը հակադարձեց, որ կատարելու է «Փյունիկի» տեխնիկական տնօրենի պարտականությունները, բացի այդ, ավելի է մեծանալու իր աշխատանքի ծավալը, քանի որ ոչ թե համացանցի օգնությամբ է տեղեկանալու, թե ինչպես են խաղում արտասահմանյան թիմերում հանդես եկող հայ ֆուտբոլիստները, այլ` անմիջականորեն: Նա ուղևորվելու է մրցավայրեր, դիտելու է հավաքականի թեկնածուների մասակցությամբ խաղերը և համապատասխան որոշումներ է ընդունելու: Բացի այդ, Մինասյանը համակարգելու է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականների աշխատանքը:
Քանի որ խոսք բացվեց Հայաստանի հավաքական թիմի թեկնածուների մասին, ապա հետաքրքիր էր, թե նա մտադիր չէ՞ կրկին հավաքական հրավիրել Ռուսաստանի «Ուրալ» ակումբի կազմում հանդես եկող Դենիս Թումասյանին: Մարզիչը դիվանագիտորեն պատասխանեց, որ այդ հարցի մասին իր տեսակետն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ երբ հրավերից հետո Թումասյանը չէր ներայացել Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին, Հայրապետյանը հայտարարել էր, որ նա հայ չէ, թեև հայկական ազգանուն ունի, և չի խաղալու մեր երկրի հավաքականում: Ի դեպ, դրանից հետո Թումասյանն ասել է, որ կատարվածը թյուրիմացություն է, և ինքը կսպասի նոր հրավերի: Անկախ ամեն ինչից, այդ ֆուտբոլիստը բարձրակարգ է և կարող է օգտակար լինել մեր երկրի ազգային հավաքականին: Թերևս Մինասյանն էլ կցանկանար նրան տեսնել իր թիմում, բայց նա չի կարող անտեսել ՀՖՖ-ի նախագահի կտրուկ դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է եկող տարի մեր երկրի հավաքականից ունենալիք ակնկալիքներին, ապա մարզչի կարծիքով` աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր երկրի հավաքականի հիմնական մրցակիցների` Իտալիայի, Դանիայի և Չեխիայի թիմերի կազմերում բացառապես երիտասարդ խաղացողներ են, նրանք, մասնակցելով Եվրոպայի առաջիկա առաջնությանը, ավելի կթրծվեն և լավ մարզավիճակում կներկայանան ընտրական խաղերին: Իսկ մեր հավաքականի հավակնությունների մասին խոսել առայժմ վաղ համարեց:






Facebook
Tweet This
Email This Post
