Երկրաշարժերը 2011թ. նոյեմբերի 24-ից մինչև 30-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 2, 2011 13:28
Ս.թ. նոյեմբերի 24-ից մինչև 30-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը ՀՀ տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 164 երկրաշարժ, որից 156-ը Թուրքիայի արևելքում` Վան քաղաքի շրջանում: Նոյեմբերի 24-ին 4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, Ալաշկերտ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք, որին նույն էպիկենտրոնային գոտում մեկ ժամվա ընթացքում հաջորդել է 2 ստորգետնյա ցնցում` 3-4 և 3 բալ ուժգնությամբ: Նույն օրը Թուրքիայի Իգդիր քաղաքից 16 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ: Նոյեմբերի 24-ին և 25-ին 3-4 բալ ուժգնությամբ 2 սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ադրբեջանի տարածքում, առաջինը Նախիջևան քաղաքից 23 կմ արևելք, երկրորդը Շամխոր քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք: Նոյեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից 30 կմ հյուսիս-արևմուտք և Ադրբեջանի Շամխոր քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք տեղի են ունեցել 3 բալանոց ստորգետնյա ցնցումներ:
Պահպանվում է սեյսմիկ ակտիվությունը Թուրքիայի արևելյան հատվածում: Անցած շաբաթ գրանցվել է 156 հետցնցում, որից մեկը` 7 բալ ուժգնությամբ (5.0 մագնիտուդ): Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Վան քաղաքից 3 կմ հյուսիս: Ստորգետնյա տատանումները դարձյալ խուճապ են առաջացրել բնակչության մոտ:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք ուժեղ երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (հրե օղակ): Նոյեմբերի 24-ին Ճապոնիայի հյուսիսում, Հոկայդո կղզու հարավ-արևելյան ափամերձ գոտում, տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որն զգացվել է ինչպես Հոկայդոյի հարավային, այնպես էլ Հոնսյու կղզու հյուսիսային պրեֆեկտուրաներում: Հայտարարված ցունամիի վտանգը րոպեներ անց հերքվել է: Նոյեմբերի 28-ին Պապուա-Նոր Գվինեայի Նոր Իռլանդիա կղզու շրջանում, գրանցվել է սեյսմիկ իրադարձություն, որն ունեցել է 6.4 մագնիտուդ: Հաջորդ օրը 6.0 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնային գոտին գտնվում է Ֆիլիպինների ափերի մոտ` մայրաքաղաք Մանիլայից 230 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր, ավերածություններ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
