Հայ-ֆրանսիական կրթական համագործակցության հեռանկարներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 2, 2011 13:22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության համալսարանական և գիտահետազոտական հարցերի պատասխանատու Էլեն Դյուշենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է հատկապես Հայաստանի ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ֆրանսիական կողմի համար կարևոր է Հայաստանի կրթության և գիտության նախարարության  գնահատականն ու մեկնաբանությունը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ: Շեշտելով, որ Ֆրանսիական համալսարանը մեր բարձրագույն կրթության համակարգի առաջատարներից է, ՀՀ ԿԳ նախարարը նշել է. «Ֆրանսիական համալսարանը բուհական համակարգում մեր ապագայի լավատեսության աղբյուրներից մեկն է, միաժամանակ մեր իրական  ակնկալիքները այս համալսարանից շատ ավելի  մեծ են: Հայաստանի Ֆրանսիական համալսարանը, կարծում եմ,  գիտահետազոտական աշխատանքների նոր որակի անհրաժեշտություն ունի»: Նախարարը կարևորել է նաև, որ ֆրանսաիական համալսարանն ընդլայնի համագործակցության շրջանակը Ֆրանսիայի բարձարագույն կրթական հաստատությունների հետ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել Ֆրանսիական համալսարանի տարածաշրջանային մրցունակությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Ֆրանսիական լիցեյի հիմնադրամանը, որի առաջարկը հնչել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների պաշտոնական հանդիպման ժամանակ: ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է Ֆրանսիական լիցեյի հիմնադրման միջպետական պայմանագրի նախնական տարբարկը` համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր որակը, նշելով, որ երկկողմ բարեկամությունը բոլոր ոլորտներում, և մասնավորապես կրթության ասպարազեում պատմական ավանդույթներ ունի:

 

Դիտվել է 3051 անգամ:
Print Friendly

Leave a Reply