ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ կրակ բացելու առթիվ ոչ ոք չի դիմել ոստիկանություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 2, 2011 12:24

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում, դեկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան մոտ հնչած կրակոցների հետ կապված ոչ ոք չի դիմել ոստիկանության Արմավիրի բաժին: NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ չնայած դիմումներ չեն եղել, բայց ոստիկանները գնացել են այդ գյուղ, ման եկել, զրուցել գյուղացիների հետ, բայց ոչ ոք ոչ մի բանից տեղյակ չի եղել: Տարածքում պարկուճ կամ ինչ-որ այլ հետք եւս չի հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում, այսօր դեկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Ռուստամ Գասպարյանը բացակայում է Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փոխանցել է Ջանֆիդա  գյուղի գյուղապետ Էդիկ Մանուկյանը: Վերջինիս խոսքով, բարեբախտաբար տուժողներ  չեն եղել, քանի որ կոնկրետ տան վրա չեն կրակել, այլ` օդ:

«Լսողներ են եղել: Կոնկրետ տեսնողներ չեն եղել: Տուժողներ չկան: Բայց 2-3 տեղ կրակոց ա եղել: Ժողովուրդը մտածել է, թե հրացանի կրակոցներ են, բայց պարզվել է, որ ավտոմատի կրակոցներ են եղել»,- նշել է գյուղապետը:Գյուղապետն ասել է, որ Ռուստամ Գասպարյանը ներկայումս բացակայում է Հայաստանից, իսկ ընտանիքի անդամները չգիտեն, թե կոնկրետ ովքեր են եղել, քանի որ թշնամիներ չունեն: «Ոստիկանությունն էլ այսօր մի քանի ժամ գյուղում է եղել, հերթով տները ման է եկել, բայց ոչինչ չի հայտնաբերվել»,- հավելել է գյուղապետը:Գյուղացիներն էլ պատմում են, որ երկու մեքենա են գյուղով արագ անցել եւ կրակոցներ արձակել Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ:

 

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply