Բեգլարյանն ու Լուժկովը քննարկել են Երևանի և Մոսկվայի համագործակցության հեռանկարները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 16, 2009 18:15
«Մոսկովյան հանդիպումները նորից հաստատում են առևտրատնտեսական, սոցիալ–մշակութային և այլ ոլորտներում համապարփակ ու փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու Երևանի և Մոսկվայի ձգտումը»,- այսօր ասել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Բեգլարյանը նշել է, որ Երևանը, համայնքի կարգավիճակ ստանալով, առաջին քայլերն է անում քաղաքի կառավարման ասպարեզում նոր տեխնոլոգիաների կիրառման առումով, և ակնկալվում է, որ Մոսկվայի կառավարությունը կօժանդակի Ռուսաստանի մայրաքաղաքի առաջավոր փորձը Երևանում ներդնելու գործում:
Երևանի քաղաքապետարանին, ինչպես ասել է Բեգլարյանը, հատկապես հետաքրքրում է սոցիալական ծրագրերի իրականացման, համատիրությունների կայացման, մատչելի բնակարանաշինության, բարեկարգման ու կանաչապատման բնագավառներում մոսկովյան փորձը:
Բեգլարյանը Մոսկվայի կառավարության և մոսկովյան ներդրողների ուշադրությունն է հրավիրել Երևանում ռուս նշանավոր զորահրամանատար Պասկևիչի անունը կրող բլուրի վերականգնման ծրագրին` քաղաքաշինական այս նախագծում ներդրումային մասնակցություն ունենալու առումով:
Լուժկովը և Բեգլարյանը կարևորել են ներդրումային, կրթական, մշակութային, քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը:
Երևանյան պատվիրակությունն այցելել է նաև Մոսկվայի հայկական եկեղեցի, ծանոթացել ընթացող վերանորոգման աշխատանքներին:
«Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը պետք է այսուհետ էլ անեն հնարավորը, որպեսզի հայերը Մոսկվայում միշտ լինեն միասնական ու գործեն հանուն համայնքի բարգավաճման»,- ասել է Բեգլարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
