Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2011 18:20

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Շնորհավորելով Տարոն Մարգարյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ` դեսպան Անրի Ռենոն ընդգծել է ստանձնած պաշտոնի պատասխանատվության բարձր աստիճանն ու վստահություն հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված բարեկամական և տնտեսական կապերը հետագայում եւս կշարունակեն համաչափ զարգանալ: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների ու վստահության համարª քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարեւորել է Երեւանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների հետ համագործակցությունը, ինչը ներկայում ոչ միայն բավականին ակտիվ է, այլև զարգացման լայն հեռանկարներ ունի. “Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները նոր չեն եւ այսօր էլ բավական ամուր հիմքերի վրա են դրված: Մենք գործակցության համաձայնագրեր եւ ծարգրեր ունենք Փարիզի, Նիցի, Լիոնի, ինչպես նաեւ Իլ դը Ֆրանս շրջանի հետ: Վստահ եմ, որ դրանք հաջողությամբ իրականություն կդառնան եւ այսուհետ էլ ավելի կընդլայնվեն: Այդ հարցում ակնկալում ենք նաեւ Ձեր աջակցությունը”,-նշել է Տարոն Մարգարյանը:

Դեսպան Անրի Ռենոն պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու էլ ավելի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Օգտվելով առիթից դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել հոկտեմբերին Երեւանում անցկացված ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար. “Այդ օրերին Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի պաշտոնական այցի շրջանակում ստորագրվեց բարեկամության եւ համագործակցության համաձայնագիր, որը, վստահ եմ, նոր լիցք կհաղորդի մեր գործակցությանը: Հույս ունեմ, որ հաջորդ տարի Ձեզ կհյուրընկալենք Փարիզում,  և Ձեր այցը կդառնա կնքված համաձայնագրի կիրարկման գործնական փուլի մեկնարկը”, – նշել է Անրի Ռենոն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշելով, որ մարտի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի միամսյակը նույնպես բարձր մակարդակով կկազմակերպվի , մեկ անգամ ևս փաստել է, որ Երևանը կարևորում և բարձր է գնահատում ֆրանկոֆոն քաղաքների  հետ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը. “ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է աջակցել այն բոլոր  ծրագրերի իրականացմանը, որոնք միտված են տարբեր ոլորտներում Երեւանի եւ ֆրանկոֆոն քաղաքների, մասնավորապես Ֆրանսիայի  տարբեր քաղաքների միջեւ բարեկամական եւ գործակցային կապերի ձեւավորմանն ու զարգացմանը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply