Հայաստանում աղմկողները կարող են տուգանվել 20-30.000 դրամով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 9, 2009 18:24

new-picture-copyԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանն անհրաժեշտ է համարում աղմուկի մասին օրենքի ընդունումը:

«Հայաստանում սա բաց ոլորտ է, որը կարգավորվում է գրեթե չգործող մի քանի հոդվածով»,-ասում է Իսկոյանը:

Հայաստանում հատուկենտ մարդիկ գիտեն, որ աղմկողները պատժվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով: Այն նախատեսում է 20-30.000 դրամ վարչական տուգանք` գիշերային ժամերին (ժամը 22-ից մինչև 6-ը) լռությունը խախտելու, բարձրաձայն երգելու, երաժշտական գործիքներ նվագելու, ձայնային ազդանշաններ տալու, բարձր միացրած հեռուստացույցից և այլ ապարատներից օգտվելու և այլ տեսակի աղմուկ առաջացնելու համար:

Իսկ հոդված 83-ն ու 84-ը 50.000-80.000 դրամ տուգանք են նախատեսում տրանսպորտային միջոցների կողմից աղմուկի մակարդակը գերազանցելու համար:

Ուսանող Սաթենիկ Աբրահամյանն ասում է, որ Մոսկվայում, ով 12-ից հետո սիգնալ է տալիս, կարող է ձերբակալվել ոստիկանության կողմից, «իսկ մեզ մոտ գիշերվա 12-ից հետո էլ հանգիստ գոռգոռում են պատուհանիդ տակ կամ բարձր երաժշտություն միացնում, ու դու չգիտես` ում դիմես»:

Աղմուկի նորման համարվում է 50-60 դեցիբալը: 130-160 դեցիբալի դեպքում մարդը կարող է մահանալ: Օրինակ, օդանավերի թռիչքային գոտում մարդու սիրտը աղմուկին չի դիմանում և պայթում է:

Նյարդաբան Կարինե Մինասյանն ասում է, որ ձայնային աղմուկն ազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա, շեղում է ուշադրությունից և պատճառ դառնում աշխատանքի մեջ սխալների: Աղմուկը խախտում է նաև մարսողությունը, առաջացնում սրտանոթային, հիպերտոնիկ, ստամոքսային հիվանդություններ:

Շատ երկրներում աղմուկը կարգավորվում է օրենքով, նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում Ուկրաինան ընդունել է աղմուկի մասին օրենք: Կան եվրոպական երկրներ, որտեղ ինքնաթիռների վայրէջքները և թռիչքները թույլատրվում են միայն առավոտյան 7-ից մինչև երեկոյան ժամը 10-ը: Հայկական ավիաուղիների ինքնաթիռները ենթարկվում են այս օրենքին և, չնայած տնտեսական վնասին, չեն թռչում Եվրոպա արգելված ժամերին:

2008 թ.-ին Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետը ստորագրեց մի օրենք, որով սահմանվում է մինչև 1 մլն ռուբլի (մոտ 38.000 դոլար) տուգանք` գիշերային ժամերին աղմկելու համար: Եվրոպական երկրների շարքում առաջինը եղել է Նիդերլանդները, որը 1979 թ.-ին ընդունել է աղմուկի մասին օրենք: Հաջորդը Ֆրանսիան է, Իսպանիան, այնուհետ` Դանիան:

Գայանե Գալստյան

Դիտվել է 2816 անգամ:
Print Friendly

Leave a Reply