Թե ով և ինչպես է օտարել կուսակցական սեփականությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 1, 2011 18:01

Մոտ մեկուկես տարի առաջ «Ազգ» օրաթերթը հրապարակել էր նյութեր, որոնցում նշվում էր, թե Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության սեփականություն հանդիսացող մի շարք գրասենյակներ օտարվել են ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի կողմից: Չնայած դժվար է ասել, թե այժմ ով է ՀՌԱԿ-ի իսկական ատենապետը, քանի որ և’ Հարություն Առաքելյանը, և’ Էդվարդ Անտինյանը`յուրաքանչյուրը նշում է, թե ինքն է օրինական ատենապետը: «Ազգ»-ի հրապարակումների շուրջ սկսվել էր հետաքննություն:

«Որպեսզի բոլոր կասկածները վերանան, ասեմ, որ մինչև 2003 թվականը ՌԱԿ-ը Հայաստանում ուներ 5 գրասենյակ, որպես սեփականություն և կենտրոնական գրասենյակը Երևանում: Մեկուկես տարի առաջ Վանաձորի գրասենյակի նվիրատու բարերարը` պարոն Բաբկեն Մկրյանը` Ֆիլադելֆիայից, եկավ և ուզեց տեսնել իր նվիրած շենքը: Եվ իրեն ասվել էր, որ այն արդեն վաճառվել է: Եվ Ազգ-ի թղթակիցը, ով նրան ընկերակցում էր այդ ժամանակ, հարցազրույց էր անցկացրել, որից հետո գործը բացվեց, քանի որ մենք չգիտեինք, թե այնտեղ ինչ էր տեղի ունեցել: Այսինքն` մենք ունեինք վեց  սեփական գրասենյակներ   ամբողջ Հայաստանի տարածքում, այսօր դրանք չկան: Սա իսկապես խնդիր է, և սրա համար բոլոր ռամկավարները պահանջում են, որ այդ գրասենյակների վաճառման, օտարման, նվիրատվության, նվիրաբերման, բոլոր ծալքերը բացվեն»,- ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Այս հարցի առնչությամբ վերջերս Հարություն Առաքելյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշել էր, որ այդ գույքից երկուսը շինարարական և վերանորոգման կարիք ունեին, իսկ կուսակցությունը համապատասխան միջոցներ չուներ, ուստի որոշել է վաճառել այդ տարածքները, իսկ մեկը, իբր, դարձած է եղել հավաքատեղի և խանգարել է բնակիչների հանգիստը և այդ պատճառով էլ փակվել է` «կուսակցությունը չի կարող խանգարել իր ընտրողներին», – նշել էր Հ. Առաքելյանը:

Սակայն հրապարակումներում   նշվում էր, թե այդ անշարժ գույքը կուսակցությունից օտարվել է Հարություն Առաքելյանի անձնական կարիքների համար:

Այս գործով հարուցված գործի շրջանակներում քննիչները այցելել են «Ազգ»-ի խմբագրություն, պահանջել են տրամադրել այն փաստերը, որոնց հիման վրա եղել են այդ հրապարակումները: Ավետիքյանը հայտնեց, որ ինքն այդ բոլոր փաստերը տրամադրել է քննիչներին: Իսկ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը հայտնեց, որ քննիչն իրեն երկու անգամ կանչել է: Անտինյանն ասաց, որ ինքը քննիչներին ասելու ոչինչ չի ունեցել, քանի որ այդ տարածքների օտարումը չի եղել իր ատենապետության օրոք, և ինքն այդ մասին իմացել է մամուլից:

 

 

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply