Տեսակամուրջ. քննարկում են տարածաշրջանում հաշմանդամության խնդիրները և փորձով փոխանակվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2011 18:11

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Նորվեգիայի կառավարության աջակցությամբ դեկտեմբերի 1-ին անցկացրեց հաշմանդամության հարցերով երկրորդ տարածաշրջանային տեսակոնֆերանսը: «Ունիսոն» հկ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով`վրաց գործընկերների հետ փորձի փոխանակում է իրականացվելու, ինչը մեկ օրվա գործ չէ. երկու երկրներում կիրականացվեն օն-լայն հանդիպումներ, կհրապարակվեն տեղեկատվական թերթիկներ:

Ալավերդյանը նշեց, որ 2010-ին ՀՀ-ն վավերացրել է Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիան, որի հիման վրա էլ այժմ օրինագիծ է մշակվում:   Սրա հետ մեկտեղ, սակայն, հաշմանդամ մարդկանց բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված` շինությունների մատչելությունը, զբաղվածության ցածր մակարդակը, անելիքներ կան նաև սպորտի, մշակույթի և այլ ոլորտներում ևս:

Վրացական կողմից էլ  հաղորդեցին, որ իրենց երկրում ևս կոնվենցիան վավերացվել է, սակայն հաշմանդամ անձանց խնդիրների լուծման ուղղությամբ դեռևս գործնական քայլեր չեն ձեռնարկվում: Վրացական կողմի ներկայացմամբ, Վրաստանում պետբյուջեից հաշմանդամներին հատկացվող գումարները չնչին են, բացի  այդ, հաշմանդամ մարդիկ դիտարկվում են որպես բարեգործության օբյեկտ, ինչը ցավալի իրողություն է:

Տեսակամուրջին ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Աննա Հակոբյանը նշեց, որ նպատակն է սոցիալական պաշտպանության քաղաքականությունից անցում կատարել դեպի սոցիալական ներառման քաղաքականության, որպեսզի բոլորը հավասարապես կարողանան մասնակցել հասարակական կյանքին:  Նրա խոսքով` պետության կարևոր ձեռքբերումներից է, որ քաղաքականության մշակման գործընթացում համագործակցում են պետական և հասարակական կառույցները, ընդգրկված են հաշմանդամություն ունեցող անձինք:

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ կրթության համակարգում կան ձեռքբերումներ. հասարակական սեկտորի և կառավարության ջանքերի շնորհիվ  հասարակությունում ներառական կրթության գաղափարախոսությունը բավականին ընկալելի է:  Հայաստանում գործում են 65 ներառական դպրոցներ: Իսկ Տավուշի մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթության փորձնական ծրագիրը. մարզի 77 դպրոցներում իրականացվող ծրագիրը ապահովում է համայնքների բոլոր երեխաների կրթության իրավունքը: «Սա փոխում է հասարակության մտածելակերպը, այն դառնում է հանդուրժող և բաց»,- ասում է Բախշյանը:  Տավուշի փորձնական ծրագրի հիման վրա լուրջ փոփոխություններ են նախատեսվում «Հանրակրթության մասին» օրենքում, որով հանրակրթությունը հանրապետությունում կհայտարարվի համընդհանուր ներառական:

Իսկ հեռավար կրթությունը, չնայած օրենքով նախատեսված է, բայց չի իրականացվում  կարգի բացակայության պատճառով, և հաշմանդամ մարդիկ շարունակում են զրկված մնալ իրենց կրթական իրավունքն այս կերպ իրականացնելու հնարավորությունից:

Չնայած առկա ձեռքբերումներին, Բախշյանը նշում է, որ բազմաթիվ են նաև թերացումները: Օրինակ, կառուցվող և հիմնանորոգվող դպրոցները, էլի, շարունակում են անմատչելի մնալ հենաշարժական խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաների համար: Քաղաքաշինական նորմերին համապատասխանում են միայն «Լինսի » հիմնադրամի  և «Հայաստանի մանուկների հիմնադրամի» միջոցներով կառուցված կամ վերանորոգված դպրոցները.«Սա այն պարագայում, երբ հասարակությունը գնում է դեպի սոցիալական ներառում բոլորի համար, այսինքն երեխաները, անկախ կարիքներից, պետք է հաճախեն իրենց համայնքի դպրոցը»:

 

 

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply