Ռամկավար ազատականները ցանկանում են ստեղծել մեկ միասնական կուսակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2011 16:57

Այսօր Հայաստանի ռամկավար ազատական  և Արմենական ռամկավար ազատական կուսակցությունները «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այս հուշագրի ստորագրումով երկու կուսակցությունները սկսում են միավորման գործընթաց:

«Մենք ստորագրեցինք հուշագիր, որով մենք դուրս ենք գալիս ճանապարհ` միասնաբար: Այստեղ մենք անգամ կետ ունենք, որ մեր առաջիկա քաղաքական կուրսը, ընտրությունների վերաբերյալ մեր առաջիկա վերաբերմունքն ու գործընկերների ընտրությունը կանենք նույնն դաշտում` միասնաբար, որպեսզի անուղղակի մրցակցություն չառաջանա: Ինչպես ե՞ք պատկերացնում, որ մենք ընտրության գնանք տարբեր թիմերի հետ. Այդպես ավելի կհեռանանք իրարից, քան կմոտենանք: Այսինքն` կմասնակցենք ընտրություններին միասին, թե գործընկեր կընտրենք քաղաքական դաշտում, դրանք կլինեն նույն  ուղղության վրա: Այսինքն դա հենց մեզ կմոտեցնի ավելի մեկ կուսակցություն ստեղծելուն»,- հուշագրի ստորագրման ժամանակ ասաց Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչության ատենապետ Էդվարդ Անտինյանը:

Ստորագրված հուշագիրը ներառում է կետեր, որոնցով հայտարարվում է, որ երկու կուսակցությունները սկսում են միավորման գործընթաց , որի նպատակն է ընդմիշտ վերջ տալ տարիներով ձգվող պառակտմանը և ստեղծել մեկ միասնական կուսակցություն: Կոչ է արվում ՀՀ-ում բնակվող բոլոր կուսակցական ընկերենրին և կառույցներին` սատարել , նպաստել և մաս կազմել այս միավորմանը, սփյուռքում գործող կառույցներին կոչ է արվում Հայաստանի օրինակով սկսել վերամիավորման գործընթաց: Ինչպես նաև հրավիրվում են Հայաստանում գործող լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը դավանող կուսակցությունները` միանալու այս նախաձեռնությանը:

«Այս միավորումը` համագործակցությունը պայմանավորված է, նախ` գաղափարական նույնությամբ, երկրորդ` պատմությամբ… Հիմա, երբ մենք միավորվում ենք, մեր նպատակն է վերջնականապես Հայաստանում վերահաստատել ՌԱԿ-ը, որպես մեկ և միասնական կազմակերպություն և աշխատել ու ավելի սերտ ու ավելի անմիջական հարաբերություններ ու համագործակցություն ստեղծել սփյուռքի 12-13 գաղութներում գործող ռամկավար ազատական կուսակցության կառույցների հետ: Այս է մեր նպատակը, և որևէ բանի միավորումը միշտ ուժեղացնում է այդ երկու կառույցները»,-իր խոսքում նշեց Արմենական ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը:

Հաշվի առնելով, որ միավորումը ենթադրում է պարտադիր ընթացակարգ, և այն կարող է տևել որոշակի ժամանակահատված, կողմերը պայմանավորվել են մինչև դրա ավարտը մշակել միասնական մոտեցում թե’ քաղաքական կուրսի ընտրության, թե’ այլ կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատաման և թե’ առաջիկա ընտրությունների հարցում:

 

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply