Այս ուղտը միայն մեր դռանը չի չոքել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 1, 2011 16:24

Նոյեմբերի 23- 24-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի արհմիությունների հիմնախնդիրներին նվիրված սեմինար, որին մասնակցեցին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մասնավորապես` մարզային: Նպատակը` լրատվամիջոցների օգնությամբ բարձրացնել արհմիությունների դերը:

Նախկինում Հայաստանի արհեստակցական միությունը պետության մի շարք գործառույթներ իրականացնող մարմին էր, այսօր` նախկին բոլոր իրավունքներից զրկված մի կառույց, բայց թերևս միակը, ով զբաղվում է աշխատավորության շահերի պաշտպանությամբ: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ  Էդուարդ Թումասյանի պատկերավոր արտահայտությամբ. «ժամանակին արհմիության 80 հոգանոց սոցիալական ապահովության բաժինն ավելի արդյունավետ էր աշխատում, քան այսօր 2-հազարանոց  նախարարությունն իր վարչություններով»:

Նախկինում աշխատավորության 95%-ն արհմիության անդամ էր, 1990 թ. տվյալներով այդ թիվը հասնում էր 1 մլն 200 հազարի:  Այսօր 725 արհմիութենական կազմակերպություն կա, ճյուղային 24 միություն` 240 հազար անդամությամբ:

Ոլորտի մարդիկ դա պայմանավորում են կյանքի փոփոխություններով. պետությունն արհմիությունից վերցրեց բոլոր գործառույթները` սոցիալական ապահովության նպաստների, կենսաթոշակների բաշխումը, անաշխատունակության թերթիկների վճարումը, նյութական բարիքների բաշխումը` սկսած բնակարանների բաշխումից մինչև հանգստյան ուղեգրերը: Արհմիությունների հիմնական գործառույթն այսօր աշխատավորության շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև աշխատանքի անվտանգության ապահովումը:

Արհմիությունները երբևէ իրենց նախկին դերն ու կշիռը կունենա՞ն: Կոնֆեդերացիայի փոխնախագահ  Բորիս Խառատյանի պատասխանը միանշական է. «Ոչ, նախկինը լինել չի կարող, որովհետև նախկին հասարակարգում տնտեսական հարաբերությունների սեփականատերը մեկն էր` պետությունը: Այսօր այդ հարաբերությունները փոխվել են, պետք  է առաջ նայել` օգտագործելով զարգացած երկրների  փորձը, որոնք այդ ճանապարհն արդեն անցել են»:

«Երբ ԱԺ-ում քննարկման էր դրված աշխատանքային  օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, մենք 29 առաջարկ ներկայացրինք, որոնցից ընդամենը  հինգն ընդունվեց: Օրենքում բանավոր պայմանագրի կնքման հարց էր դրված. գործատուն ինչ-որ անկյունում խոստում է տալիս աշխատողին, իսկ թե հետագայում ինչպես կվարվի նրա հետ, հայտնի չէ: Մեր օգնությամբ հանվեց այդ հոդվածը»,- վստահեցնում է նախագահն ու հավելում, որ այսօրվա գործատուին անհրաժեշտ է ոչ միայն որակյալ մասնագետ, այլև հնազանդ աշխատող, որպեսզի իր համար ավելորդ խնդիրներ չստեղծի: Եվ պատահական չէ, որ   իրենց հասցեագրված դիմումների ծանրակշիռ բաժինը խախտումներով կնքված աշխատանքային պայմանագրերի  դադարեցմանն ու փոփոխմանն են առնչվում:

Դպրոցների օպտիմալացման գործընթացի որոգայթից ճյուղային արհմիությունը մի քանի մանկավարժի  է փրկել, իսկ Նուբարաշենի դպրոցում աշխատանքից ազատված մեկ ուսուցչուհու վերականգնել է: Շուրջ 3 հազար աշխատող ունեցող «Նաիրիտ» գործարանում, որի զգալի մասն արհմիության անդամներ են, վերջին շրջանում հայտնվեցին ժամանակավոր պարապուրդում: Նրանց աշխատավարձի երկու երրորդի չափով պարապուրդային գումար վճարվեց:

Ոլորտի պատասխանատուները մի ճանապարհ են տեսնում` փոխել մարդկանց վերաբերմունքը արհմիության նկատմամբ:

Մոլդովայից հրավիրվել էր Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիայի  փորձագետ Վասիլի Չոարիկը: Նա Քիշնևի լրագրողների օգնությամբ իրենց հասարակայնության շրջանում մեծ աշխատանք տանելով, կարողացավ  նույն խնդիրը մեռյալ կետից շարժել: Նրա նախաձեռնությամբ մի  ամբողջ մի օր սեմինարի մասնակիցներին բազմաթիվ թեստային տարբերակներ առաջարկվեցին, որոնց քննարկման ընթացքում երկկողմանի մեղադրանքներ հնչեցին: Լրագրողները, մասնավորապես, նշեցին արհմիությունների պասիվությունը, լրատվամիջոցների հետ համագործակցելու անկարողությունը և ոլորտն առողջացնելու մի շարք դեղատոմսեր առաջարկեցին:

Ուշագրավ էր  Լոռու «Միգ» հեռուստաընկերության խմբագիր Նարինե Մաթևոսյանի բացահայտումը: «Մեր հեռուստաընկերությունում գործում է «թեժ գծի» հեռախոսահամար, որին սովորաբար ես եմ պատասխանում: Բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստանում «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներից: Նրանք բողոքում են, որ խախտվում են իրենց աշխատանքային իրավունքները, որ շաբաթ-կիրակի, տոնական օրերին  աշխատում են, բայց վարձատրությունը մյուս օրերից չի տարբերվում: Երբ բացատրում եմ, որ կարող են այս կամ այն կառույցին բողոք ներկայացնել իրենց շահերը պաշտպանելու համար, հետևյալ պատճառաբանությունն են ներկայացնում: Նախ վախենում են իրենց աշխատանքը կորցնելուց, երկրորդ` նրանց մեծ մասը գրանցված աշխատողներ չեն»:

Արհմիության հետևողականության շնորհիվ 173 աշխատող է դուրս բերվել ստվերից և օրինական գրանցում ստացել, որոնց մեծ մասը բենզալցակայանների աշխատակիցներ են: Հուսով ենք, որ այս հրապարակումն էլ «Գլորիայի» աշխատակիցների դարդին դարման կանի:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply