Երդվյալ ատենակալների դատարանն առաջին որոշումն է կայացնում Վրաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 1, 2011 15:17

Վրաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի կիրառումը դիտարկվում է որպես դատարանների նկատմամբ վստահության ձեւավորման միջոց:

Երբ Թբիլիսիի դատարանը մեղավոր ճանաչեց Ռեւազ Դեմետրաշվիլուն Մինասյանների ընտանիքի երեք անդամների սպանության մեջ, դատական որոշումն աննախադեպ էր ոչ թե հանցագործության բնույթից ելնելով`այլ այն պատճառով, որ առաջին անգամ Վրաստանի պատմության մեջ վճիռը կայացվել էր 12 երդվյալ ատենակալների կողմից:

Նոյեմբերի 17-ին Վրաստանում երդվյալ ատենակալների դատարանը կայացրեց առաջին դատավճիռը. այս ինստիտուտը նախատեսվում է գործարկել երկրի մյուս շրջաններում շուրջ մեկ տարվա ընթացքում:

Վրաստանի իշխանությունները հույս ունեն, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը կնպաստի դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության աճին`միաժամանակ ապացուցելով Արեւմուտքին, որ երկրում լուրջ իրավական բարեփոխումներ են իրականացվում:

«Սա պատմական գործընթաց է: Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը պատրաստ է մասնակցել արդարադատության իրականացմանը», – դատական գործի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի գերագույն դատարանի նախագահ Կոնստանտին Կուբլաշվիլին, որը երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման կողմնակիցներից եւ համապատասխան օրինագիծը նախաձեռնողներից մեկն էր:

Վրաստանը նպատակադրված է մի շարք առեւտրային պայմանագրեր ստորագրել`Եվրամիության հետ տնտեսական կապերն ամրապնդելու եւ նրա հետ առանց անցագրերի ռեժիմ սահմանելու համար: Փորձագետների խոսքերով`երդվյալ ատենակալների ինստիտուտի հաջող ներդրման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել նաեւ այս ուղղությամբ:

Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին համապատասխան օրինագիծն ընդունվել է 2009-ին տեղի ունեցած օրենսդրական բարեփոխումների արդյունքում: Առայժմ երդվյալ ատենակալների դատարանը կգործի միայն Թբիլիսիում եւ կկիրառվի միայն սպանությունների եւ այլ լուրջ հանցագործությունների դեպքում: Դատական համակարգում այս փոփոխության իրականացման առաջին փուլը նախատեսված է ավարտել մինչեւ 2012 թվականի հոկտեմբերը, այնուհետեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի կիրառումը կտարածվի հանցագործությունների այլ տեսակների վրա եւ կգործարկվի երկրի տարբեր շրջաններում:

Երդվյալ ատենակալներն ընտրվելու են պատահականության սկզբունքով. սակայն գոյություն ունի մեկ բացառություն`ոստիկանության, զինված ուժերի ներկայացուցիչները, իրավաբանները, հոգեբանները եւ հոգեբույժները չեն կարող հանդես գալ երդվյալ ատենակալների դերում:

Իշխանությունները պնդում են, որ այս բարեփոխումներն արդեն իսկ նպաստել են դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության աճին: Վրաստանի գերագույն դատարանի անցկացրած հետազոտության համաձայն`այժմ դատարաններին վստահում է հարցվողների 72 տոկոսը:

Դատական համակարգի բարեփոխումներն ուսումնասիրած իրավապաշտպան ակտիվիստները եւ ընդդիմության ներկայացուցիչները համաձայն չեն այս պնդումների հետ եւ որպես օրինակ են բերում իրենց անցկացրած հարցումները: Այս տարի Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի (CRRC) անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հարցվողների 58 տոկոսն այն կարծիքին է, թե դատական համակարգը որոշ չափով կախվածության մեջ է մնում իշխանություններից, մինչդեռ հարցվողների միայն 6 տոկոսն է կարծում, որ Վրաստանում դատարանները լիովին անկախ են:

«Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան եւ իրավապաշտպան ակտիվիստ Նեստան Լոնդարիձեն ասում է. «Միջազգային կազմակերպությունների կողմից մեր դատական համակարգի վերաբերյալ բողոքները միանգամայն արդարացված են, իսկ հասարակության վստահության մակարդակը դատարանների նկատմամբ հաստատապես խիստ ցածր է: Շատ հազվադեպ է դատարանը որոշում ընդունում անհատի օգտին, եթե այդ գործում որեւէ պաշտոնական կառույց է ներգրավված»:

Լոնդարիձեի խոսքերով`իրենց կազմակերպությանը դիմողներից շատերը «պարզապես չեն դիմում դատարան, քանի որ համոզված չեն, որ վճիռն արդար կլինի»:

Այս պնդումը հաստատում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Այսպես, անցյալ տարի Թբիլիսիի քաղաքային դատարանի վարույթում եղած 7 900-ից ավելի գործերից միայն երեքն են արդարացման վճռով ավարտվել, եւս ինը`մասնակի արդարացմամբ:

Հենց այս վիճակագրությունն է անհանգստացնում Եվրոպական խորհրդարանին, որը նոյեմբերի 17-ին բանաձեւ ընդունեց`«նշանակալի առաջընթաց» արձանագրելով ժողովրդավարական բարեփոխումների մի շարք բնագավառներում: Սակայն եվրոպական կառույցը կոչ է անում ավելացնել դատական համակարգում իրականացվող բարեփոխումների թիվը:

«Բարեփոխումների նախաձեռնման առումով Վրաստանն Արեւելյան գործընկերության լավագույն գործընկերներից է, չնայած դեռեւս խնդիրներ կան դրանց իրագործման տեսանկյունից: Սակայն պետք է բարելավել նաեւ արդարադատության համակարգում, աշխատանքի եւ կանանց իրավունքների ոլորտում, ինչպես նաեւ փոքրամասնությունների ինտեգրման բնագավառում կատարվող բարեփոխումների մակարդակը», – նշվում է Եվրոպական խորհրդարանի հայտարարության մեջ:

Դատական համակարգի անկախության հանդեպ թերահավատությամբ տրամադրվածներից շատերը, այնուամենայնիվ, կարծում են, որ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում դատարանների նկատմամբ վստահությունը կավելանա: Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների 36 տոկոսը կարծում են, որ երդվյալ ատենակալների ինստիտուտն ավելի վստահելի կդարձնի դատական համակարգը, մինչդեռ հարցվողների միայն 2 տոկոսն է այդ ինստիտուտը վնասակար համարում:

«Երդվյալ ատենակալները կարող են նպաստել դատարանների անկախացմանը վճիռ կայացնելիս, կօգնեն դատական համակարգն ավելի թափանցիկ դարձնել եւ ավելացնել հասարակության վստահությունը դրա նկատմամբ: Ես մեծ հույսեր ունեմ, որ այդպես էլ կլինի, բայց այս գործընթացը երկար ժամանակ է պահանջելու», – ասում է Լոնդարիձեն:

Նինո Խարաձե, Կովկաս

Կովկասյան լրատու # 619

Նինո Խարաձեն «Ազատություն» ռադիոկայանի լրագրող է Թբիլիսիում:

 

 

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply