Հայաստանում «ոչ պատվաբեր» աշխատատեղեր կան, որոնք չեն լրացվում նույնիսկ պատգամավորական աշխատավարձի դիմաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2011 15:00

Հայաստանում մի կողմից գործազուրկների հսկա բանակ կա, մյուս կողմից կան աշխատանքի թափուր տեղեր, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն լրացվում: «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում 2011թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել են 82 հազար 600 աշխատանք փնտրող քաղաքացիներ: Ավելին` նույն գործակալությունում մոտ 6200 թափուր աշխատատեղ կա: Հետաքրքիր է նաեւ, որ թափուր աշխատատեղերը տարեցտարի ավելանում են: Եթե 2009-ին գործատուները ներկայացրել են 7900 աշխատատեղ, ապա 2010-ին դա մոտ 8550-ի է հասել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:

Արդյունքում հետաքրքիր պարադոքս է ստացվում: Մի կողմից ունենք գործազուրկների մեծ բանակ, մյուս կողմից` աշխատողի պահանջարկ, որոնք շարունակաբար չեն լրացվում եւ այդ պահանջարկը չլրացվելու պատճառները մոտ 10-ն են:

Թափուր աշխատատեղերը չլրացվելու պատճառներից մեկն, ըստ Բեժանյանի, աշխատանքային փորձի բացակայությունն է. մասնագիտությունների 80 տոկոսի համար այդ պատճառը նշված է: Այսինքն` որակյալ աշխատուժի խնդիրը շարունակում է ակտուալ մնալ: Երկրորդ պատճառը աշխարհագրական դիրքն է, քանի որ մարզերում եւ գյուղերում մեծ թվով մանկավարժների եւ բժիշկների խնդիր կա: Եթե Երեւանում տվյալ մասնագետների ավելցուկ կա, ապա մարզերում անգամ պետություն կողմից իրականացվելիք ծրագրերի պարագայում դժվար է այդ բացը լրացնել:

Ոչ պակաս կարեւոր պատճառ է նաեւ ցածր աշխատավարձը, սակայն թափուր աշխատատեղերի ցուցակում կան նաեւ ոչ պատվաբեր համարվող աշխատատեղերը, որոնց դեպքում անգամ բարձր աշխատավարձը չի գայթակղում մարդկանց: Օրինակ, աղբահավաքություն իրականացնողների թափուր տեղերը չեն լրացվում, շատերը չեն համաձայնում այդ աշխատանքով զբաղվել նույնիսկ 300 հազար դրամի դեպքում:

5000 դրամ օրավարձով աշխատող բանվոր 53-ամյա Աշոտը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ իրեն առաջարկել են 300 հազար դրամով աղբահանությամբ զբաղվել, սակայն նա հրաժարվել է եւ նախընտրել ավելի ցածր վարձատրվող եւ ծանր աշխատանքը: Նա հայտարարեց, թե չի ցանկանում, որ իրեն որպես «զիբիլ» հավաքող ճանաչեն:

Հարկ է նկատել, որ ԱԺ պատգամավորների աշխատավարձը եւս 300 հազար դրամ է, իսկ հասարակության որոշ շրջանակի համար «զիբիլ» թափողն ավելի պատվաբեր կերպար է, քան ԱԺ որոշ պատգամավորների իրական կերպարներն են:

Ցողիկ Բենժանյանի ներկայացմամբ, ոչ պատվաբեր աշխատանքներ են հիմնականում դիտվում կոյուղիների նորոգման, սպասարկման, աղբահանության աշխատանքները: Հավաքարարների աշխատանքը եւս, ոչ պատվաբեր աշխատանքների շարքին է դասվում:

Ինչ վերաբերում է գործատուների կողմից սեռական խտրականությանը, ապա հիմնականում սեռական խտրականություն չեն դնում, փոխարենը տարիքային սահմանափակման պահանջ են դնում: «Ինչքան էլ փորձում ենք աշխատել այդ ուղղությամբ, որ այդ խնդիրը չլինի, քանի որ Մարդու իրավունքների խախտում է, բայց խնդիրը շարունակում է մնալ: Օրինակ, ունենք 50-ից բարձր տարիքի աշխատանք փնտրողների խումբ, որը մեզ համար համարվում է դժվար խումբ, որովհետեւ նրանց աշխատանքի տեղավորումը մեզ համար արդեն լուրջ խնդիր է»:

Հետաքրքրվեցինք նաեւ թե ինչ «անսովոր» աշխատատեղերի պահանջ ունեն գործատուները, ինչին ի պատասխան Բեժանյանն ասաց, որ իրենց դիմում են նաեւ գիշերային ակումբներից եւ ասենք սթրիփ պարուհի են ուզում: «Բոլորն էլ մեզ համար գործատուներ են եւ մենք փորձում ենք նրանց եւ ցանկացած այլ գործատուի պահանջարկը լրացնել»,- եզրափակեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետը:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

News.am

 

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply