Շվեդիան և Հոլանդիան ևս հետ են կանչել Թեհրանում հավատարմագրված իրենց դեսպաններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2011 13:42

Շվեդիան և Հոլանդիան խորհրդակցություններ անցկացնելու նպատակով հետ են կանչել Թեհրանում հավատարմագրված իրենց դեսպաններին:

Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը:

Համաձայն տեղեկատվության` Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, իր բողոքն է հայտնել նաև Շվեդիայի արտաքին գերատեսչությունը:

Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը պահանջել է, որպեսզի այդ երկրում հավատարմագրված իրանցի դիվանագետները 24 ժամվա ընթացքում լքեն երկիրը:

Այդ առնչությամբ` ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայում ԻԻՀ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ և վերջինիս հետ քննարկել իրանցի դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների` Թեհրան վերադառնալու հետ կապված հարցեր:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության անձնակազմը ևս լքել է երկիրը` դեսպանության շենքը հանձնելով տեղացի աշխատակիցներին:

Հիշեցնենք, մի խումբ ուսանողներ օրերս, ճեղքելով ոստիկանների դիմադրությունը, մտել են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության տարածք, կոտրել շենքի ապակիները, իջեցրել այդ երկրի դրոշը, փոխարենը` ծածանել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը: Ուսանողները, վանկարկելով «Մահ Անգլիային», «Մահ Ամերիկային» կարգախոսները, պահանջել են կասեցնել դեսպանության աշխատանքը և դեսպանին վտարել երկրից:

 

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply