Մեծ Բրիտանիան երկրից քշել է Իրանի դեսպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2011 10:45

Մեծ Բրիտանիան հրամայել է Իրանի դիվանագետներին  անհապաղ լքել Լոնդոնը: Որոշումն  ընդունվել է անմիջապես այն բանից հետո, երբ արմատական տրամադրություններով երիտասարդների խումբը նոյեմբերի 29-ին ավերել է  Թեհրանում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Ավերվել է ինչպես  մայրաքաղաքում գտնվող դեսպանատան հիմնական տարածքը, այնպես էլ քաղաքի ծայրամասում տեղակայված օժանդակ կառույցները:

Անկարգությունների ընթացքում պատանդ են վերցրել 6 բրիտանացու, որոնց  որոշ ժամանակ հետո ազատել է ոստիկանությունը: Ավերածություններից հետո Բրիտանիայի  ներկայացուցչությունը Թեհրանում փակվել է: Բրիտանացի դիվանագետները Իրանից հեռացել են նոյեմբերի 30-ի  առավոտյան: Բրիտանիայի օրինակին է հետևել նաև Նորվեգիան: Իսկ Գերմանիայի դեսպանը հետ է կանչվել հայրենիք`«խորհրդակցության»:

ԱՄՆ նախագահ Օբաման ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտել են Թեհրանում դեսպանատան վրա հարձակումը: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավար Ուիլյամ Հեյգը Իրանին սպառնացել է «ծանր հետևանքներով»: Դրանից առաջ բրիտանական կողմը կատարվածը որակել է որպես «զայրացուցիչ վանդալիզմ»:

Թեհրանում  բողոքի զանգվածային ակցիաները կապված են Իրանի հանդեպ ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեծ Բրիտանիայի կողմից սանկցիաների նոր փաթեթի ընդունման հետ: Արևմտյան երկրներն իրենց որոշումն արդարացնում են նրանով, որ Իրանը շարունակում է  զենքի ստեղծմանն ուղղված միջուկային հետազոտությունները: 2011-ի նոյեմբերին Արևմուտքի կասկածները մասամբ հաստատվեցին այն տվյալներով, որոնք հրապարակվել են ՄԱԳԱՏԷ-ի  զեկույցում:

 

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply