Փորձարկի´ր զգայարանները. երբ շրջապատող աշխարհը ներկայանում է նորովի
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | December 1, 2011 10:32
Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Բրիտանական խորհուրդը կազմակերպում է «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը, որի նպատակն է բարձրացնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հարցերի հանդեպ հասարակության իրազեկության մակարդակը: Քաղաքական, հասարակական ոլորտների ներկայացուցիչների և գործատուների համար կազմակերպվելու է գինու կույր համտեսում: Բացման խոսքով հանդես կգան Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և Հայաստանի կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, ժամը 16.30, The Club ակումբում:
Ինչպիսի՞ն է աշխարհը, երբ այն բացահայտում ես չորս զգայարանի միջոցով: Բրիտանական խորհրդի «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը հնարավորություն կտա զգալ շրջապատող միջավայրը ձայնի, համի, հոտի և շոշափելիքի միջոցով:
Քաղաքական, հասարակական ոլորտի ներկայացուցիչները և գործատուները Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կմասնակցեն գինու կույր համտեսմանը: Ամբողջովին մութ սենյակում հյուրերին կմատուցվի գինի: Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել գինին, լսել երաժշտություն, իսկ գինու բույրի և շոշափելիքի միջոցով կողմոնորոշվել միջավայրում: Հատուկ այս միջոցառման համար կնվագեն տեսողական խնդիրներ ունեցող երաժիշտները, իսկ գինին կմատուցեն հատուկ ակնոցներով զինված դերասանները: Համտեսման ընթացքում դերասան-մատուցողները կստեղծեն իրավիճակներ, որոնց ընթացքում հյուրերը, օգտագործելով հինգ զգայարաններից չորսը, կզգան ու յուրովի կգնահատեն կույրերի աշխարհը, այսպիսով` հասկանալով նրանց խնդիրներն առօրյա կյանքում:
«Սա, իսկապես, հետաքրքրական և յուրօրինակ միջոցառում է, ինչը հնարավորություն կտա նորովի դիտարկել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հիմնահարցերը: Տեսողական խնդիրներ ունեցող մարդը կարող է և պետք է լինի հասարակության լիարժեք մասնիկը: Այս միջոցառումը կօգնի կոտրել մեր հասարակությունում առկա կարծրատիպերը»,- ասաց Հայաստանի կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը:
Գինու համտեսումից հետո հյուրերն արդեն լուսավոր սրահներում կքննարկեն կույրերի խնդիրները և կպատմեն, թե տվյալ իրավիճակում չորս զգայարանից որն էր առավել գերակշիռ մութ սենյակում: Գործատուները միջոցառման ընթացքում տեղում կշփվեն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ և կքննարկեն իրենց կազմակերպություններում նրանց ներգրավելու հնարավորությունները:
Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների և բազմազանության քաղաքականություն, որն արգելում է խտրականության ցանկացած դրսևորում: «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը կազմակերպվում է հավասարությանն ու բազմազանությանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում:






Facebook
Tweet This
Email This Post
