Ձերբակալվել է ԲՀԿ-ի Ջերմուկի կառույցի ղեկավարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2011 18:56

Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է թմրանյութեր պահելու կասկածանքով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին Ոստիկանությունից, 1965 թվականին ծնված Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է երեքշաբթի օրը` Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում` խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Ոստիկանության տվյալներով` Արմեն Հովհաննիսյանը իր անձնական օգտագործման մեքենայով նոյեմբերի 28-ին բերման է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Կեչուտի ջրամբարի տարածքից` թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով: Նրա մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է 7.5 գրամ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ 5.1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ անցած օրերին կալանավորվել են նաեւ ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող եւս երկու անձինք` կրկին թմրանյութերի գործով:

Արձագանքելով ԲՀԿ-ի Ջերմուկի տարաքածային կառույցի ղեկավարի ձերբակալությանը` կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները նկատելի են դարձել։

«Նման երեւույթներ նկատելի են կոնկրետ ձերբակալությունների մասով, մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, սակայն վերջնական գնահատականներ դրանց նկատմամբ կտանք ավելի ուշ», – ասաց Գալստյանը։

«Արդյո՞ք այդ ճնշումների շրջանակում եք դիտարկում ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությունը», – այս հարցին կուսակցության ղեկավարի խոսնակը արձագանքեց. – «Մենք ունենք այս պահի դրությամբ նման մի քանի փաստեր, բայց դրանց վերջնական գնահատականը մենք կտանք ավելի ուշ` այն բանից հետո, երբ պարոն Ծառուկյանը կվերադառնա Հայաստան, կքննարկենք եւ հայտարարությամբ հանդես կգանք»:

«Այսինքն, Արմեն Հովհաննիսյանից բացի կա՞ն նաեւ այլ ձերբակալված ԲՀԿ-ի անդամներ: Նկատի ունենք նաեւ կալանավորված «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, ով «Արարատցեմենտ»-ի արտադրանքի հիմնական իրացնողներից է», – այս հարցին էլ Խաչիկ Գալստյանը պատասխանեց. – «Նրանք ոչ բոլորն են կուսակցականներ, բայց այս կամ այն կերպ կապվում են ԲՀԿ-ի հետ: Մենք այս բոլոր փաստերը ուսումնասիրում ենք, եւ երբ վերջնական պատկերը մեզ համար պարզ լինի, հանդես կգանք կոնկրետ գնահատականով»:

ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Վերջին շրջանում այնքան շատ եղան նման դեպքեր, որ արդեն մեզ ստիպում է խոսել ոչ թե իրապես պատահականությունների մասին, այլ, կարծես թե, ինչ-որ մի օրինաչափություն է արդեն այստեղ նկատվում` «Արարարատցեմենտ»-ի [արտադրանքը իրացնողի], դրանից առաջ Մասիսի կոմունալ ծառայության աշխատակցի ձերբակալությունները…»:

Զոհրաբյանն ասաց` կոնկրետ իր համար «շատ տարօրինակ է», որ այս երեք անձինք ձերբակալվել են թմրանյութերի շրջանառության համար. – «Բայց ես կարծում եմ, որ պետք է չէ շտապել եզրակացություններ անել, կվերադառնա կուսակցության նախագահը, բնականաբար, նրա հետ եւս անպայման քննարկում կլինի, եւ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք», – ասաց նա:

 

azatutyun.am

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply