Հայ երիտասարդները «ՄԱԿ-ի գլոբալ մոդել»-ի կազմակերպիչների թվում են`շնորհիվ իրենց գերազանց մասնակցության

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 16, 2009 17:08

Կոնսուելո Վիդալ

Կոնսուելո Վիդալ

2010-ի «ՄԱԿ-ի գլոբալ մոդել» 2-րդ խորհրդաժողովի  կազմակերպիչների թվում են նաև 9 հայ ուսանողներ. նրանք այդ պատվին արժանացել են այս տարի օգոստոսի 2-4-ը Ժնևում տեղի ունեցած 1-ին խորհրդաժողովի ժամանակ իրենց լավագույնս դրսևորելու համար: Հայ ուսանողներից ոմանք նաև հնարավորություն կունենան հաջորդ տարի ընդունվել ՄԱԿ-ի խաղաղության համալսարան:

Հայկական պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փոխնախագահ Արամ Ոսկանյանի տվյալներով՝ ՄԱԿ-ի գլոբալ մոդել խորհրդաժողովին մասնակցել են 700 երիտասարդներ աշխարհի 60 երկրներից: Խորհրդաժողովը կրել է «Հազարամյակի զարգացման նպատակներ. հաղթահարենք աղքատությունը» խորագիրը:

ՄԱԿ-ի մոդելի խորհրդաժողովները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կամ Անվտանգության խորհրդի նմանակումն են: Խորհրդաժողովի ընթացքում պատվիրակները քննարկել են գլոբալ տաքացման, աշխարհի սոցիալ տնտեսական իրավիճակի, զինաթափման և այլ խնդիրներ:

«Ցանկացած երկրում մարդիկ պետք է ունենան հարիր կենսամակարդակ. միայն այսկերպ կհասնենք խաղաղության: Կարևոր է, որ երիտասարդները քննարկել են աղքատության հաղթահարման խնդիրները, քանի որ միայն այսկերպ կհասնենք հազարամյակի նպատակներին»,- ասում է ՄԱԿ- մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը` հավելելով, որ հայ երիտասարդներն  իրենց ձեռք բերած փորձը և գիտելիքները կարող են օգտագործել ի նպաստ Հայաստանի զարգացման:

Հայաստանի պատվիրակության անդամ, ԵՊՀ ուսանող Նարե Վարդանյանն ասում է, որ խորհրդաժողովը սովորեցրեց, որ երիտասարդներն էլ աշխարհում կարող են  ինչ-որ բան փոխել: «ՄԱԿ-ի աշխատանքը հիմա լիովին պատկերացնում եմ և պատրաստ եմ իմ գիտելիքներն օգտագործել Հայաստանում` տարածել ՄԱԿ-ի գաղափարները և աղքատության հաղթահարման գործում իմ ունեցած գիտելիքները»,-ասում է նա:

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply