Օմբուդսմանը կարծում է, որ օլիգարխները ամոթի պատճառով դատարան չեն դիմի
ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | November 30, 2011 17:32Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չի համարում, որ սահմանադրական դատարանը մերժել է իրեն. օմբուդսմանը դիմել է ՍԴ` խնդրելով ոչ թե քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչել, այլ ստուգել դրա սահմանադրականությունը:
Օրենքի այդ դրույթը սահմանում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը: Դրույթի ընդունումից հետո լրատվամիջոցների դեմ մի շարք հայցեր ներկայացվեցին դատարաններ, որոնք հիմք տվեցին հայտարարելու, որ օրենքը կիրառում են լրատվամիջոցներին սնանկացնելու նպատակով: Կարեն Անդրեասյանը, ով օրենսդրական փոփոխության հեղինակն է, բայց դժգոհ էր դրա կիրառությունից, դիմել էր Սահմանադրական դատարան` դրա համապատասխանությունը սահմանադրությանը ստուգելու խնդրանքով: Նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը դրույթը սահմանադրական է ճանաչել:
Անդրեասյանը նշում է, որ ՍԴ որոշումները բարդ իրավական փաստաթղթեր են և դրանց վերաբերյալ միանշանակ կարծիք հայտնել հնարավոր չէ. «ՍԴ-ն որոշակի դրական քայլ է կատարել իրավական համակարգի համար, տվել է գնահատականներ, որոնք երկար ժամանակ ոլորտը կարգավորված կպահեն»:
Սակայն, ըստ Անդրեասյանի, արդյունքներն իդեալական չեն. «Չենք կարող ասել, որ հետագայում իրավական մեկնաբանությունների կարիք չի լինի, քանի որ օրինակ, հստակեցված չէ առավելագույն նյութական պահանջի չափը: Օրենսդրական բացեր կան, որոնք պետք է լուծվեն ժամանակի ընթացքում»:
ՍԴ որոշման բացասական հետևանքն, ըստ օմբուդսմանի, այն է, որ այսօր դատարաններում գտնվող լրատվամիջոցների խնդիրն այդպես էլ չի լուծվի, մինչդեռ օրենքը հակասահմանադրական ճանաչելու դեպքում որոշումն անմիջական ազդեցություն կունենար այդ լրատվամիջոցների համար, անկախ նրանից, թե դրանք արդարացիորեն, թե անարդարացիորեն են տույժի ենթարկվել:
«Արդյունքների վերաբերյալ, որպես մարդ, ունեմ հիասթափություն, քանի որ ՍԴ որոշմամբ բոլոր դատական հայցերի հարցը մի քանի օրվա ընթացքում կարող էր լուծվել, ինչը տեղի չունեցավ: Որպես մարդու իրավունքների պաշտպան հասկանում եմ, որ մի քանի թերթերի համար դրական լուծում ստանալու համար դրույթը հակասահմանադրական ճանաչելով օրենսդրական վակուում կարող է առաջանալ և մարդու պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ չպաշտպանվի,- ասում է Անդրեասյանը:- Որպես ՄԻՊ պետք է մտահոգվեմ թե խոսքի ազատությամբ, թե մարդու պատվի և արժանապատվության պաշտպանությամբ»:
Օմբուդսմանը նշում է, որ ՍԴ որոշումը դեռ վերջին ատյանը չէ և առաջարկում է հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին համատեղ աշխատել և հասնել նոր դրական քայլերի: Աշխատանքի երկու ուղղություն է առաջարկում` օրենսդրական փոփոխություններ և ինքնակարգավորման մարմնի ստեղծում. «Վստահ եմ, որ Հայաստանում լավագույնը ինքնակարգավորման մեխանիզմն է»:
Արդեն իսկ կա ինքնակարգավորման հատուկ կառույց, ուստի առաջարկում է կենտրոնանալ այդ մարմնի վրա, որպեսզի զրպարտության և վիրավորանքի դեպքում անձը դատարան գնալու փոխարեն դիմի այդ մարմնին: Եթե այդ մարմինն արդյունավետ գործի, մարդիկ, որոնք նպատակ չունեն սնանկացնել լրատվամիջոցին, դատարան դիմելու փոխարեն կդիմեն ինքնակարգավորման մարմնին, որովհետև դա անվճար է, կարիք չկա փաստաբաններ վարձել, և կարող ես վերականգնել նաև քո բարի անունը. «Սա է բոլոր քաղաքակիրթ երկրների ուղղությունը»:
Օմբուդսմանի խոսքով, օրինապահ, արդար, միջին գրագիտության դատավորի դեպքում այսօրվա օրենքը և ՍԴ որոշումը բավարար է, որ որևէ լրատվամիջոց չտուժի խոսքի ազատության սահմանափակումից: «Հաշվի առնելով, որ Հայաստանում կա անօրեն դատավորի ֆենոմենը, այս դեպքում նույնիսկ այս որոշումը կարող է բավարար չլինել և իմ մտահոգությունը դրա հետ է կապված,- ասում է Անդրեասյանը:- Եթե վերցնենք կատարյալ իրավիճակ, երբ դատարանը ենթարկվում է օրենքին, ապա մենք էլ անելիք չունենք, անելիք ունեն փաստաբանները, որոնք բոլորին կպաշտպանեն` թե նսեմացված անձին, թե լրատվամիջոցին: Բայց այժմ առկա գործերով ունենք խոսքի ազատության վտանգվածություն»:
Անգամ ՍԴ որոշումից հետո օմբուդսմանի կարծիքով օրենքի որոշ հասկացություններ հստակեցման կարիք ունեն, ինչպես «գերակա հանրային շահ», «ստույգ փաստ», «հրապարակային արտահայտություն», «ոչ ողջամիտ գործողություն» հասկացությունները: «Սրանք հնարավոր չէ մինչև վերջ սահմանել, հստակեցնել: Բայց քանի որ մեր մեր երկրի դատական պրակտիկան թույլ է տալիս չարաշահումներ, կարծում է, որ գոնե ժամանակավորապես օրենսդրության մեջ պետք է հստակեցնել այդ դիրքորոշուները: Եթե հասարակական կառույցները համախմբվեն այդ հասկացությունները հստակեցնելու շուրջ, դա կլինի ևս մեկ քայլ առաջ»:
Առանց հերքում կամ պատասխան պահանջելու անմիջապես դատարան դիմելը քաղաքացու իրավունքն է: Սակայն, Անդրեասյանի կարծիքով, իրավիճակը կփոխվի, եթե բարոյական ճնշման արդյունքում դատապարտելի և ամոթալի համարվի լրագրողից շատ փող պահանջելը կամ լրատվամիջոցին սնանկացնելը: Նման պարագայում, օմբուդսմանի կարծիքով, անգամ օլիգարխները, ովքեր փաստաբանի վրա գումար ծախսելու խնդիր չունեն, դատարան չեն դիմի:
ՄԻՊ-ը չունի քաղաքական հենարան ոչ իշխանությունում, ոչ ընդդիմությունում
Անդրադառնալով գրասենյակի գործունեությանը, Անդրեասյանը նշում է, որ չունեն քաղաքական հենարան ոչ իշխանությունում, ոչ ընդդիությունում և այսպիսին է իրավիճակը բոլոր քաղաքակիրթ երկրներում. «Ինձ համար երբևէ կարևոր չի եղել ընդդիմության կամ իշխանության աջակցությունը, այլ կարևորել եմ քաղաքացիական հասարակության աջակցությունը: Լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, մեզ դիմած քաղաքացիները` սա է միակ հնարավոր հենարանը մարդու իրավուքների պաշտպանի համար, եթե ցանկանում է լինել անկախ: Հետևաբար ակնկալում եմ ոչ թե քաղաքական ուժերի այլ քաղաքացիական հասարակության աջակցությունը»:
ՄԻՊ-ի ստացած դիմումների քանակն ավելացել է
Կարեն Անդրեասյանի` Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելուց ի վեր գրասենյակը ստացել է 2904 դիմում, որոնցից 1597-ը բանավոր, 1307-ը` գրավոր: Գրավոր դիմումներից 220-ը վերաբերել է ոստիկանությանը, 194-ը` դատարաններին, 152-ը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, 116-ը Երևանի քաղաքապետարանին, 48-ը ՊՆ-ին, 38-ը քրեակատարողական հիմնարկներին, 35-ը` դատախազությանը, 32-ը` ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությանը, 30-ը կադաստրին և այլն:
Դիմում-բողոքներ ամենաշատը ՄԻՊ-ը ստացել է Երևանի բնակիչներից` 802: Հաջորդում են Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերը:
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ստացված դիմում բողոքները 600-ով ավել են: Ավելացել է նաև դրական լուծում ստացած դիմումների թիվը` 55-ից հասնելով 123-ի:
Կստեղծվեն Մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակներ
2012-ի փետրվարի մեկից հանրապետության վեց մարզկենտրոններում` Գավառում, Կապանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Իջևանում, Վանաձորում կգործեն Մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակներ:
Մարզերում քաղաքացիների ընդունելություն կազմակերպած Անդրեասյանը նշում է, որ այնտեղ էլ իրավիճակը և դժգոհությունները նույնն են, պարզապես մարզերում շատ են սոցիալական ծանր պայմանների պատճառով մարդկանց իրավունքների խախտումները: Այստեղ հիմնական խնդիրներից է այն, որ մարդիկ իրազեկված չեն, թե ինչ իրավասություններ ունի մարդու իրավունքների պաշտպանը, ինչ հարցերով կարող են նրան դիմել:
Բացի այդ, մարդիկ ակնկալում են իրենց խնդիրների հապշտապ լուծում և հիասթափվում են, երբ պարզ է դառնում, որ վարույթի համար ժամանակ է հարկավոր, որ ՄԻՊ-ը չի կարող միջամտել գործընթացին և այլն:
Անդրեասյանը վստահեցնում է, որ վարույթ սկսելու համար բավարար է, որ քաղաքացիները, որոնց իրավունքները ոտնահարվել են, զանգահարեն անվճար 116 թեժ գծին: