Տեղի է ունեցել ՏՏԶԱԽ հերթական նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 30, 2011 16:29

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: Նախ ներկայացվել է ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը:

Օրակարգային առաջին հարցով քննարկվել է ՀՀ մաքսային սահմանով անցնող համակարգչային որոշ ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերի վերաբերյալ հարցը: Նշվել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված նույն հատկություններով օժտված ապրանքների համար սահմանված են տարբեր դրույքաչափեր, ինչն էլ խնդիր է առաջացնում տնտեսվարողների մոտ ապրանքների ներմուծման ժամանակ: Առաջարկվել է նույն հատկություններով օժտված համակարգչային մի քանի ապրանքատեսակների համար նախատեսել մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:
Այնուհետեև անդրադարձ է կատարվել միասնական Էլեկտրոնային համակարգերի ինտեգրմանը: Առաջարկվել է ՏՀՏ ոլորտի ապրանքների արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման հետ կապված թույլատվությունները օպերատիվ և պատշաճ տրամադրելու համար Մաքսային էլեկտրոնային համարգին միացնել ՀՀ Էկոնոմիկայի և Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային կառավարման համակարգերը: Նշվել է, որ այդ համակարգերի միավորման արդյունքում կապահովվի պետություն-մասնավոր հատված համագործակցության թափանցիկությունը, տնտեսվարողների և պետական մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի բացառապես էլեկտրոնային միջոցներով` կիրառելով էլեկտրոնային ստորագրությունը:
Վերը նշված երկու հարցերի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է քննարկումներ կազմակերպել շահագրգիռ մարմինների և գերատեչությունների միջև և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Վիկի նախագծերի զարգացմանը: Զեկուցվել է, որ Վիքիմեդիա հիմնադրամը համապատասխան աշխատանքներ է տանում՝ հայերեն Վիքիփեդիան նոր նյութերով հարստացնելու համար: Այս աշխատանքներով զբաղվող պատկան մարմիններին Տիգրան Սարգսյանը կոչ է արել համագործակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ առկա խնդիրների լուծման համար:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Եվրամիության TAIEX ծրագրով իրականացվող աշխատանքները՝ ուղղված շարժական կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման դեպքում առաջացող խնդիրների լուծմանը:

 

 

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply