Երևան-Սանկտ-Պետերբուրգ-գործարար համաժողով

Պաշտոնական, Օրվա լուր | | November 30, 2011 15:10

Սանկտ-Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պետրուկի գլխավորած պատվիրակության Երևան կատարած այցի շրջանակում կայացել է  Երևանում Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական գործարար կենտրոնի հինգամյակին նվիրված <<Արդյունքներ և հեռանկարներ-համագործակցության նոր ուղղությունների որոնումներով>> խորագրով գործարար համաժողովը, որին մասնակցել են հայ և ռուս գործարարներ, տնտեսագետներ, Սանկտ-Պետերբուրգի և Երևանի մի շարք բիզնես-կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքում Սանկտ-Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պետրուկը նշել է, որ երկուստեք փոխշահավետ  հարաբերությունների հետագա զարգացումը մեծապես պայմանավորված  է նաև Սանկտ- Պետերբուրգի նոր նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և Երևանի նորընտիր քաղաքապետ  Տարոն Մարգարյանի ներդրած ջանքերով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից գործարար համաժողովի մասնակիցներին  ողջունել և բեղմնավոր աշխատանք է մաղթել  քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը`նշելով, որ  Սանկտ-Պետերբուրգի նահանգային կառավարության  և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները որակապես նոր փուլ են թևակոխել, ինչի վկայությունը նաև 2011 թ. ի հուլիսին Երևանի  քաղաքապետի գլխավորած պատվիրակության սանկտ-պետերբուրգյան այցի ընթացքում ստորագրված բազմակողմ համագործակցության քառամյա ծրագիրն է:  Հատկանշվել է, որ նման գործարար  համաժողովները  եղած և նոր ուղղություններով համագործակցելու լայն հնարավորություններ են ստեղծում, ինչին իր հերթին նպաստում է նաև Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական գործարար կենտրոնը, որի  գործունեության 5 տարիների ընթացքում երկու քաղաքների տնտեսական կապերը զգալի  առաջընթաց են արձանագրել:

Երևանում Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական գործարար կենտրոնի տնօրեն Համլետ Մինասյանն էլ ընդգծել է, որ կենտրոնը կայացել և ակտիվ գործունեություն է ծավալել շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում  Երևանի քաղաքապետարանի և Սանկտ-Պետերբուրգում բացված Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության աջակցության շնորհիվ:

Ապրանքաշրջանառությունը Երևանի և Սանկտ-Պետերբուրգի միջև 2011 թ. ին հասել է 14 մլն դոլլարի, սակայն ներկաների գնահատմամբ, առկա հնարավորությունները շատ ավելի մեծ են: Բնակչության թվով Սանկտ-Պետերբուրգը Եվրոպայի 4-րդ խոշոր քաղաքն է: Նշվել է նաև փաստը, որ ավելի քան 5 միլիոն մշտական բնակություն հաստատած քաղաքացիներից շուրջ 50000-ը հայեր են, որոնց մի մասը զբաղվում է գործարարությամբ:

Երկու կողմերի գնահատմամբ ավելի մեծ հեռանկարներ են   բացվում առևտրատնտեսական  ,կրթական, տուրիզմի, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցություն ծավալելու համար: Բիզնես – համաժողովի ընթացքում կայացել են նաև Երևանի և Սանկտ-Պետերբուրգի ներդրումային հնարավորությունները ներկայացնող շնորհանդեսները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply