Ձմեռը կլինի սովորականից ցուրտ, բայց ոչ դաժան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2011 14:27

Դեկտեմբերի  առաջին տասնօրյակի երկրորդ հնգօրյակը կլինի համեմատաբար տաք. այսպիսին են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի` դեկտեմբերի 1-ից սկսած ողջ հանրապետությունում կդիտվի ամպամածության ավելացում, ինչի հետևանքով գիշերային ժամերին ջերմաստիճանը մի փոքր կնվազի: Դեկտեմբերի մեկին երկրի հարավային կեսում` Սյունիքում և Վայոց Ձորում,  թույլ, մինչև 3 մմ տեղումներ են սպասվում ձյան տեսքով:  Դեկտեմբերի 2-ին Տավուշում և Լոռիում ևս թույլ տեղումներ կդիտարկվեն: Հաջորդ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ,   իսկ դեկտեմբերի 4-ից կդիտվի ջերմաստիճանի բարձրացում: Արարատյան դաշտում  ցերեկային ժամերին կգրանցվի մինչև 7 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում` 2 աստիճան ցրտից մինչև  2 աստիճան տաքություն է սպասվում, Տավուշում 10-12 աստիճան, Սյունիքում` 10 աստիճան տաքություն կգրանցվի:

Պետրոսյանը նշում է, որ առաջիկա ձմեռը սովորականից մի փոքր ցուրտ է լինելու` ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 1-3 աստիճանով: Սակայն դաճան ձմեռվա մասին խոսակցություններն անտեղի են, քանի որ այդպիսին է համարվում ձմեռը, երբ ջերմաստիճանը նորմայից ցածր է 10-12 աստիճանով:

Համեմատելով այս ձմեռը նախորդ տարիների հետ` Պետրոսյանը նշում է, որ վերջին տարիներին ձմեռները տաք են եղել, ջերմաստիճանն էլ նորմայից բարձր է եղել: Այնպես որ, այս ձմռան և նախորդ ձմռան ջերմաստիճանների տարբերությունը 5 աստիճան կլինի:

Հարցին, թե արդյոք ներկա եղանակը գլոբալ տաքացման հետևանք է, Պետրոսյանը նշում է. «Գլոբալ տաքացումը չի ենթադրում հավասար տաքացում  տարվա բոլոր ամիսներին, այն կարող է բերել ջերմաստիճանային մեծ և կտրուկ տատանումների, առանձին դեպքերում մեծ շեղում թե դրական, թե բացասական ուղղությամբ»:

Եթե անգամ գլոբալ տաքացման գործոնը հաշվի չառնենք, ըստ մասնագետի, միևնույն է, ձմեռները չեն կարող կրկնվել, միշտ նույնը լինել:

Այս տարի առաջին ձյունը տեղացել է նոյեմբերի 11-ին: Դա, ըստ Պետրոսյանի, արտառոց երևույթ չէ. Արարատյան դաշտում ամենավաղ ձյունը տեղացել է  հոկտեմբերի 17-ին:

Իսկ կայուն ձնածածկ Արարատյան դաշտում սովորաբար ձևավորվում է դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում, այս տարին էլ դեռևս բացառություն չէ:

Հարցին, թե  դեկտեմբերի 31-ին և հունվարի մեկին տեղումներ կդիտվեն, Պետրոսյանը նշում է, որ կանխատեսումներ չկան և եթե լինեն էլ, հաստատ շեղումներ կլինեն:

Մասնագետը նշում է, որ առայժմ եղանակային պայմանները որևէ վտանգ չեն ներկայացնում գյուղատնտեսության համար, եթե ձյան ծածկ առաջանա, անգամ շատ ցածր ջերմաստիճանը վտանգավոր չի լինի գյուղատնտեսությանը: Իսկ գարնան համար կանխատեսումների համար Պետրոսյանը դեռ վաղ է համարում. «Եղանակն այնպիսի բան է, որ կարող է շատ կարճ ժամանակամիջոցում փոփոխվել»:

 

 

Դիտվել է 2892 անգամ:
Print Friendly

Leave a Reply