100 համերգով աշխարհին ուղերձ կհղվի. Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը շարունակում է ապրել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 30, 2011 14:25

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարի մեկնարկն այսօր կտրվի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որի ընթացքում ելույթ կունենան մի շարք հայտնի նվագախմբեր եւ երգչախմբեր: Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Մուշեղ Աղայանի, Մորիս Ռավելի, Չայկովսկու, Էդուարդ Միրզոյանի եւ այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, համերգաշարը յուրահատուկ ուղերձ է աշխարհին’ ցույց տալու, որ մեծ ցավից նույնիսկ 100 տարի անց Հայաստանը մեծ ներուժ ունի եւ ամուր կանգնած է ոտքերի վրա: Նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ նախագծի շրջանակներում իրականցվող համերգները կանցկացվեն ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մարզերում, ինչպես նաեւ արտերկրում: «Իհարկե չի կարելի նշել, որ բոլոր վայրերում դրանք կունենան նույն մասշտաբները կամ խորությունները, այնուամենայնիվ, կփորձենք հնարավորինս մեծ հնչեղություն տալ»,- հավաստիացրեց նախարարը:

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը համերգների անցկացումը կարեւորեց հատկապես մեկ տեսանկյունից: «Երաժշտության լեզուն բազմաֆունկցիոնալ է եւ դրա միջոցով կարելի է շատ բան փոխանցել»,- ասաց նա’ հավելելով, որ համերգների միջոցով կոգեկոչեն նահատակներին, ինչպես նաեւ վերապարածների 4-րդ եւ 5-րդ սերունդները աշխարհին ուղերձ կհղեն, որ իրենք կան եւ շարունակում են ապրել:

Համերգաշարը նախաձեռնել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը եւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը’ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ:

 

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply