Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու Ստեփան Գրիգորյանը հայ-թուրքական արձանագրության մեջ միակ բացթողումը համարում են Արցախի հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2009 15:39
img_0643

Ձախից` Լևոն Շիրինյան, Ստեփան Գրիգորյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը ԱՄՆ-ինն է, ուստի այս գործընթացից ոչ միայն Հայաստանին, այլև Թուրքիային շատ բան հայտնի չէ, և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը Թուրքիային շատ ավելի անհրաժեշտ է, քան Հայաստանին, այլապես Թուրքիան հարաբերությունների կարգավորման այս քայլին չէր դիմի. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

ԱՄՆ-ն, ըստ Շիրինյանի, Հայաստանը կուզենար տեսնել որպես Թուրքիային հակակշռող գործոն, ուստի Հայաստանը պետք է աշխատի արդարացնել ԱՄՆ-ի հույսերը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է, որ երկկողմ պայմանագրում պետք է ներառված լինեն 2 կողմի շահերն էլ, ուստի տարօրինակ ոչինչ չկա, որ հայ-թուրքական արձանագրությունները պարունակում են նաև Թուրքիայի շահերից բխող կետեր: Ըստ Գրիգորյանի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլում Կարսի պայմանագրի մասին խոսք անգամ չկա. «Հայաստանը, անդամագրվելով մի շարք միջազգային պայմանագրերի, ստորագրել է փաստաթղթեր, որոնցով ճանաչում է տվյալ կազմակերպության մյուս անդմաների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Հիմա սահմաններ ճանաչելով՝ ոչինչ չի փոխվում»:

Իսկ քաղաքագետ Շիրինյանը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է սկսել 1920-ի ելակետից, երբ և ընդհատվել են 2 երկրների հարաբերությունները: «Կարսի դաշնագիրը չի կնքվել Հայաստանի և Թուրքիայի միջև, այլ միջազգային հանրության կողմից չճանաչված 2 ոչ լեգիտիմ իշխանությունների, ուստի և այն փաստացի ուժ չունի»,- ասում է Շիրինյանը:

Ներկայումս, ըստ Շիրինյանի, քննարկվում են միայն հայ-թուրքական հարաբերությունները և ուշադրությունից դուրս է մնացել Արցախի հարցը:

Շիրինյանն ասում է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում պետք է ունենա Արցախի հարցում: Մինսկի  խմբի համանախագահ երկրներից պետք է պահանջի, որ Ադրբեջանը դադարեցնի պատերազմի սպառնալիքները, այլապես Հայաստանը դուրս կգա բանակցային գործընթացից:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply