Այս տարվա տասը ամիսներին բյուջեն կատարվել է մոտ 29.4մլրդ դրամ պակասորդով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2011 12:25

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը, ըստ որի այդ ժամանակահատվածում եկամուտներն աճել են 9.8% -ով, ծախսերը` 7.4% ով:

Նշված ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 689.6 մլրդ դրամ` 81.5%-ով ապահովելով ՀՀ կառավարության տարեկան ծրագիրը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 719 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության տարեկան ծրագրի 76.2% կատարողականը: Ծախսերի համեմատաբար ցածր կատարողականը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Առանց արտաբյուջետային միջոցների եկամուտները կազմել են 673.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 705 մլրդ դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.8%-ով կամ ավելի քան 61.3 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, տուրքերի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 93.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 1.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 15.8 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրված մուտքերի 76.2%-ը:

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի ծախսերն աճել են 7.4% ով կամ 49.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, հիմնական միջոցների գծով ծախսերի, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, պետական պարտքի սպասարկման, դրամաշնորհների և այլ ծախսերի աճով:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 639.5 մլրդ դրամ` 76.3%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 7%-ով կամ 41.7 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 60.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, շուրջ 4.3 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 77.2%-ը և 70.7%-ը: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 7.4%-ով և 5.3%-ով:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է շուրջ 130.9 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 74.6%-ը և 5.3%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 29.6 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 69.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 19.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 9.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 28.8%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին: Պետք է ընդգծել, որ գնաճի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական շուկայում դիտարկվող տոկոսադրույքների ընդհանուր աճի միտումը գրեթե չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա, քանի որ միջին և երկարաժամկետ առումներով դրամական շուկայի մասնակիցների կողմից շարունակում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն և հուսալի միջոց:

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 29.4 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված 97.7 մլրդ դրամի ընդամենը 30.1%-ը: Նշենք, որ նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեկան ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 62.6 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն օգտագործվել է ընդամենը 17.6 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 35.7 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -6.4 մլրդ դրամ:

 

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply